Լրահոս
Օրվա լրահոսը

Դուրս գանք զոհի կարգավիճակից

Հունվար 21,2015 10:05

Որքանո՞վ է ձեռնտու զոհ լինելը: Թվում է, թե հարցը տարօրինակ է հնչում: Ոչ ոք չի ցանկանում հայտնվել զոհի կարգավիճակում, բայց ինչպես գրում է Ֆրանսիայում ապրող բուլղարացի փիլիսոփա Ցվետան Տոդորովը՝ այդ դիրքը որոշ առավելություններ է տալիս: «Խումբը, որը ճանաչվել է որպես անցյալի անարդարությունների զոհ, ստանում է անսահմանափակ բարոյական վարկ: Որքան մեծ է անցյալում կատարված ոճիրը, այնքան անվիճելի են իրավունքներն այսօր՝ միայն «նեղություն կրած» խմբի անդամ լինելու միջոցով»,- գրում է նա:

Ինձ թվում է՝ հոգեբանական այդ մեխանիզմը գործում է նաեւ անհատական մակարդակով: Ոչ մի մարդու կյանք միայն հաճույքներից կամ վայելքներից կազմված չէ: Սակայն մարդկության մի մասն իր կյանքն ապրում է զոհի գիտակցությամբ՝ իր գործողությունները, զգացմունքները, մտքերը կառուցում է՝ ելնելով այն «կանխավարկածից», որ կյանքն իրեն անընդհատ նեղացնում է, հետեւաբար նա ոչ միայն արժանի է խղճահարության, այլեւ բոլոր հարցերում ճիշտ է եւ արդարացի՝ զուտ այն պատճառով, որ զոհ է: Այդպիսի մտածելակերպով մարդիկ սովորաբար իրենց գլխին նորանոր փորձանքներ են բերում:
Կան նաեւ նման հոգեբանություն ունեցող ազգեր: Մասնավորապես, 20-րդ դարի սկզբին մենք՝ հայերս, ցանկանում էինք աշխարհին ապացուցել, որ մենք զոհ ենք, եւ մեզ պետք է կարեկցել, խղճալ: Մենք նաեւ խնդրում էինք աշխարհին, որ նա Աբդուլ Համիդին դատապարտի եւ դրդի «բարենորոգումներ» անցկացնել: Աշխարհը մեզ խղճում էր, երբեմն նաեւ ձեւ էր անում, որ պատրաստվում է սուլթանին կարգի հրավիրել: Թե ինչով է դա ավարտվել՝ բոլորին հայտնի է: Հաջորդ 100 տարին մենք աշխարհին փորձում ենք ապացուցել, որ մենք Ցեղասպանության զոհ ենք, մեզ պետք է դարձյալ խղճալ, որովհետեւ մենք արդար ենք, բայց դրանից մեր գործերը, մեղմ ասած, առաջ չեն գնում: Ընդ որում, մենք արդեն մեկընդմիշտ որոշել ենք, թե ում զոհն ենք, եւ վստահ ենք, որ «դարավոր ոսոխը» կարող է հայ երեխա մորթել, իսկ «դարավոր բարեկամը»՝ ոչ:

Ինձ թվում է՝ մեր ազգին պակասում է «օզվերինի» որոշակի չափաբաժին: Խոսքը, բնականաբար, ոչ ահաբեկչության, ոչ անկարգությունների, ոչ էլ հեղաշրջման մասին է: Հակառակը՝ նման դրսեւորումները թուլության վկայություն են: Խոսքը զոհի կարգավիճակից եւ դրանով պայմանավորված՝ ընդարմացած վիճակից դուրս գալու մասին է, որոշակի նպատակներ դնելու եւ դրանց շուրջը համախմբվելու մասին, ազգի ներսում իրար հարգելու, իրար հետ լեզու գտնելու մասին:

Մեզ պետք չէ, որ մեզ կարեկցեն, խղճան, ցավակցեն, համակրեն, սիրեն: Մեզ պետք է, որ մեզ հարգեն: Իսկ դա կախված է միմիայն մեզանից:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. Arshak says:

    “որոշակի նպատակներ դնելու եւ դրանց շուրջը համախմբվելու մասին”

    այդ, ազգի ու նաև պետության առումով որոշակի գաղափարները կոչվում են ազգային և պետական գաղափարախոսություն:
    կարելի է սրանց հետրել, որ դուք կո՞ղմ եք այդպիսի գաղափարախոսության:

  2. Գալուստ says:

    Հարգելի Արամ , լիովին համաձայն եմ , եվ եթե հայրս , որը Եղեռնի ուղղակի «զոհերից», որբերից էր, ողջ լիներ, ինքն էլ կմիանար ինձ: Նա ողջ կյանքում «քարոզում» էր Ձեր վերեվում բերած մտածողությունը, չնայած կյանքի դժվարություններին միշտ ուրախ էր, ասում էր որ մեզ ուրախ երգեր են պետք, էս լացակումած երգերը մոռանալ է պետք…Կարծում եմ որ 100 ամյակի հիշատակի օրերին, հատկապես Հայրենիքում, պիտի ընդգծվի հենց մեր ժողովրդի կենսունակ,կորովի, ապագային նկատմամբ լավատեսությունը , երիտասարդների ուրախ երգերով ու պարերով: Բավական է ինչքան արցունքներ թափվեց, հաջորդ հարյուրամյակը պիտի սկսել այնպես որ մեր թշնամիների աչքերը «քոռանա» …չե որ մեր Արցախի ազատագրումը մեր հերոսական ազատամարտիկների կողմից աշխարհին ցուցադրեց որ Հայը զոհ չէ այլ հաղթող մարտիկ…

  3. Լեւոն Մելքումյան says:

    Զոհի վիճակը արժանապատվություն ունեցող մարդու համար անտանելի է, չունեցողի համար՝ շահավետ:
    Մեր ժողովրդի համար,կարծես թե, երկրորդն է: Շա՛տ ցավալի է…

  4. Կարեն says:

    Եկեք չմոռանանք, որ զոհի կարգավիճակը ազգայնական կուսակցությունների եկամտաբեր բիզնեսն է: Այդ կարգավիճակի շնորհիվ է գումար հավաքվում այս կամ այն սենատորին Մասիս սարի նկարը նվիրելու համար: Դե գումարի մնացած մասն էլ ,,,,,,,: Ւսկ եթե փորձեք հակառակն ապացուցել կարժանանք ‘ազգիս դավաճան’ տիտղոսին:
    Ես կարծում եմ որ մենք պետք է Թուրքիայից պահանջենք բարոյական և ոչ թէ նյութական փոխհատուցում: ԵՎ նրանք կնդունեն ցեղասպանությունը: Նրանք կազատվեն դահիճի իսկ մենք զոհի կարգավիճակից:

    • Հ.Շ. says:

      Պահանջուած հատուցումը դրամական չէ, այլ հողային: Այսինքն, հատուցում իսկ չէ, այլ Ոճիրի հետեւանքների տարրական սրբագրում, քանզի մարդկային վնասները կարելի չէ յեղաշրջել: Գոհանալ «բարոյական փոխհատուցումով» իրօք նշանակում է թէ, այո, դուրս ենք գալու վերապրող զոհի կարգավիճակից, որովհետեւ այդ կը նշանակէ… այդքանը իսկ չլինել. այլ պարզապէս անէանալ, մենք մեր կամքով լրումի հասցնել, կատարելապէս ամբողջացնել ու յաջողեցնել Ցեղասպանութիւնը:

  5. david says:

    Մոլորակն ամբողջությամբ եթե ձեզ տան, կբարիանա*ք, կբազմանա*ք, իրար չեք ոչնչացնի*:Սիրո և ատելության նժարները կմոտենան իրա*ր:Ատելությունն է կործանում երկրներ և դա ամենահզոր զենքն է աշխարհին հայտնի:

  6. մարդ says:

    Դուրս գանք զոհի կարգավիճակից , բայց անցնենք ինչ կարգավիճակի. բարերարի , հարցակվողի , ոչ մի բանի չխառնվողի , թե գոռգոռացողի…….
    Իսկ ինչպես կհակազդվի նոր կարգավիճակը շրջապատի կողմից , դա էլ երկրորդ հարցն է ……

  7. Ջիվան Նադարյան says:

    Ամեն ինչ շատ ճիշտ է: Ինձ թվում է այս կյանքում ամեն մարդու կամ ազգի մոտավորապես պատահում է այն ինչ, որ բոլոր մարդկանց կամ ազգերին է պատահում, լինի դա դրական (հաղթանակ, հաջողություն, անակնկալներ և այլն ) թե բացասական(պարտություն, դժբախտություն. ձախողում) իրադարձություն : Պարզապես ոմանք այդ ամենին ճիշտ են արձաքանքում, իսկ մյուսները սխալ: Ճիշտ արձագանքողները դրանցից դասեր են քաղում, հետևություներ անում, իրենց մեջ ուժ գտնում և առաջ շարժվում, իսկ սխալ արձագանքողները ընկճվում են, հուսահատվում հանձնվում և սկսում անվերջ տրտնջալ այս կյանքից` ընդունելով զոհի կարգավիճակ: Մեզ հայերիս անհրաժեշտ է լիարժեք դուրս գալ զոհի կարգավիճակից, համախմբվել, խելք-խելքի տալ և արժանապատվորեն շարժվել առաջ: Այդ ժամանակ կսկսեն հարգել մեզ, քանի որ հարգանքը վաստակել է պետք: Այս առումով բավականին բան ունենք սովորելու հրեաներից, և ոչ միայն հրեաներից:

  8. Ruben says:

    Բանականության պակասը ստրկամիտներին հարկադրում է վախենալ, որը նրանց համար համարարժեք է հարգանքին (վախենում է՝ նշանակում է հարգում է: Հարգում է՝ նշանակում է վախենում է):
    Ամբոխը վարակված է թերարժեքության, ստորադասի բարդույթով (комплекс неполноценности), որը հասցրել է զանգվածային սինդրոմի:

    Դու մի վախեցիր, թող քեզնից վախենան:
    Դու մի փախչիր, թող քեզնից փախնեն:
    Տուն, հող Հայրենի, ծննդավայր ունես՝ տեր կանգնիր:
    Թե՞ ուզում եք դառնալ օտարին ու օտարների օրքենքը հարգող քաղաքացիներ՝ սփյուռքահայեր:

  9. Հ.Շ. says:

    Թէկուզ զոհի բարդոյթից կամ ողբագին հոգեբանութիւնից լիովին չենք ձերբազատուած, այսուհանդերձ ճիշդ ել չի ասելը թէ 100 տարիներէ ի վեր, մնայուն կերպով, մշտապէս եւ մշտնջենապէս, այդ խղճալի վիճակում ենք գտնվում:

    1917-ին իսկ, երբ տակաւին Ցեղասպանութիւնը ընթացքի մէջ էր, ի միջի այլոց Անդրանիկ Զօրավարը իր գումարտակով լայնատարած նուաճումներ կ’իրագործէր Արեւմտեան Հայաստանում: Ապա՝ Սարդարապատ, Ապարան, Ղարաքիլիսէ… Նժդեհեան (բարեբախտաբար «անկարգապահ») դիմադրութիւն, որու կը պարտինք Սիւնիքի այն ժամանակուայ գոնէ մասնակի փրկութիւնը…

    1920-ական թուականներին, նոյնպէս դեռ Ցեղասպանութեան շարունակականութեան ծիրին մէջ, Նեմեսիս Գործողութիւնը հաստատեց թէ Հայը շատ արագօրէն կարող է ինքզինք հաւաքել, ամենածայրագոյն հարուածից յետոյ – կամ ընթացքին – իսկ անմիջապէս դարձեալ ոտքի կանգնիլ, կազմակերպուիլ, եւ անցնիլ նշանակալից հակայարձակողականի:

    Սակայն Ցեղասնապութեան Յիսնամեակն է որ առաջին հիմնական եւ համահայկական անկիւնադարձը հանդիսացաւ այս ուղղութեամբ, երբ Մեծ Եղեռնի ոգեկոչումը իսկ դադրեցաւ այնուհետեւ սուգի – կամ բացառապէս սուգի – բնոյթ կրելէ, դառնալու համար պահանջատիրութիւն, արդարութեան կոչ ու տենչանք, դէպի ապագայ ձգտող ազգային մարտունակ դիրքորոշում, հաւաքական խրոխտ սլացք, գործ ու գործունէութիւն: Յարատեւ պայքար: Այս հոլովոյթից ծնունդ առաւ յատկապէս 1975-ից 1986 Հայ Դատի առընչուող համաշխարհային զինեալ շարժումը:

    Իսկ մեր Ազքի արդի Վերականգնումը, մահից դէպի կեանք՝ կճռական վերադարձը, աննախընթաց աստիճանների հասաւ, նոր փուլի մէջ մտաւ, Արցախեան իրադարձութիւններով:

    Սակայն դեռ երկար է անշուշտ Ճանապարհը: Տակաւին նոր ենք սկսում…

    Հայդուկ Շամլեան, Գանատա

    https://www.shoushisummercamp.org/

    • Ruben says:

      դժգոհելով Հայաստանի Կառավարության՝ իր հանդեպ ցուցաբերած ուշադրությունից՝ Անդրանիկը 1919-ի ապրիլին եկել է Էջմիածին, զորամասը զորացրել, ինքն անցել արտասահման:

      1921 թվականին Նժդեհն իր զինակիցներով անցնում է Պարսկաստան։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031