Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆեյքերն» ու դյուրահավատ օգտատերերը

Հունվար 21,2015 12:00

Ինչպե՞ս տարբերել՝ հեղինակն իրակա՞ն է, թե՞ կեղծ

Մենք՝ լրագրողներս, պարտավոր ենք ստուգել փաստերը: Այսինքն՝ եթե, ենթադրենք, ինչ-որ մեկը տեղեկատվություն է տարածում, որ այսինչ բանկը միաձուլվում է այնինչ բանկի հետ, պետք չէ ագահ ձկան նման կուլ տալ այդ խայծը եւ միանգամից դնել քո կայքում կամ քո թերթի էջերում: «Մի րոպե,- կմտածի քիչ թե շատ փորձառու լրագրողը,- իսկ կարո՞ղ է պատահել, որ այդ լուրը տարածում է տվյալ բանկերի մրցակիցը, որպեսզի մարդիկ իրենց փողերը հանեն այդ բանկերից եւ տեղափոխեն իրենց բանկը»: Հնարավոր բան է, չէ՞: Այստեղ ավելի ճիշտ է մի քիչ հապաղել եւ փաստը ստուգել:

Վերապահում անեմ՝ եթե դուք զբաղվում եք լրագրությամբ: Իսկ եթե դուք մրցակից բանկի խոսափողն եք, ապա, բնականաբար, ոչ մի բան ստուգել պետք չէ: Կամ՝ եթե դուք այս կամ այն կուսակցության «մարտական թերթիկն» եք: Այդ դեպքում ձեր նպատակն է ապացուցել, որ Պողոսը վատն է, իսկ Պետրոսը՝ լավը, եւ այդ դեպքում էլ որեւէ բան ստուգելու խնդիր չկա:

Բայց վերջերս խնդիր է առաջացել ստուգել նաեւ «ֆեյքերը», եւ դա պետք է անեն ոչ միայն լրագրողները, այլեւ բոլոր օգտատերերը: Երբեմն դա բարդ է, եւ պետք է Սամվել Մարտիրոսյան լինես՝ պարզելու համար՝ հեղինակը կե՞ղծ է, թե՞ իրական: Երբեմն էլ անհրաժեշտ է պարզապես մի փոքր ուշադիր լինել: Օրինակ՝ եթե կայքի դոմեյնում գրված է az եւ մեջբերվում է ռուսաստանցի կամ որեւէ այլ երկրի ներկայացուցչի գնահատականը, որը նա տվել է Հայաստանին եւ հայերին, ապա կարող եք չկասկածել, որ դա «ֆեյք» է: Բայց կարող է նաեւ az չլինել, եւ այդ դեպքում խորհուրդ կտայի հետեւել այլ ցուցիչների:

Այս օրերին համացանցում տասնյակ «ֆեյք» տեքստեր են ի հայտ եկել տարբեր ռուս գործիչների անունից՝ Վլադիմիր Ժիրինովսկի, Սերգեյ Մարկով (Դումայի պատգամավոր), Մոդեստ Կոլերով («Ռեգնում» լրատվական գործակալության ղեկավար), Դմիտրի Կիսելյով եւ այլք: Նախ՝ ցանկացած մարդ, որը բավարար չափով տիրապետում է ռուսերենին, կհասկանա՝ հիշյալ գործիչները, որոնց համար այդ լեզուն մայրենի է, չեն կարող այդպես արտահայտվել: Այդ տեքստերի հեղինակները մտածում են այլ լեզվով՝ շարահյուսությունը ռուսերեն չի, հաճախ չկա նաեւ սեռերի ու հոլովների համապատասխանություն: Այդ մարդկանց հայացքներն ինձ համար խորթ են, բայց նրանք անգրագետ մարդիկ չեն:

Կա եւս մի հանգամանք, որի վրա արժե ուշադրություն դարձնել՝ շատ քիչ հավանական է, որ Դումայի պատգամավորները կամ լրատվամիջոցների ղեկավարները հանդես գան պատահական, անհայտ կայքերում, եթե նրանց տրամադրության տակ է պաշտոնական քարոզչամեքենան: Գործը հասել է նրան, որ համացանցում հայտնվել է կեղծ «Գարիկ Մարտիրոսյանը»: Ի՞նչ եք կարծում՝ մի մարդ, որի ազգուտակը Հայաստանում է, եւ որի եղբայրը Ազգային ժողովի պատգամավոր է, կարո՞ղ է Գյումրիի ողբերգության թեմայով հանդես գալ անզգույշ հայտարարություններով:

Համացանցում հայտնված այդ «ֆեյք» դատողությունների բովանդակությունը մոտավորապես նույնն է՝ ռուս կամ ռուսաստանցի գործիչները ընդհանուր առմամբ իբր փորձում են ինչ-որ տեղ արդարացնել Պերմյակովին ու ամեն ինչում մեղադրում են հայերին: Պարզ է, որ այդ կեղծ հաղորդագրությունների տակ հայտնվում են դյուրահավատ հայերի անեծքները: Այնպես որ՝ դրանց հեղինակները հասնում են իրենց նպատակին: Նույնիսկ այն դեպքում, եթե նման տեքստերը գրվում են իբր «ժողովուրդների բարեկամության» տեսանկյունից (մոտավորապես, «թույլ չտանք, որ հայ ֆաշիստները կռվացնեն մեր ժողովուրդներին»), միեւնույն է՝ նպատակը հենց կռվացնելն է եւ անեծքների տարափ բերելը:

Ասում են՝ Հայաստանում համացանցից օգտվողների թիվը հասնում է 800 հազարի: Քանի հայ է համացանց մտնում Հայաստանից դուրս՝ էլ ասելու չէ: Դե, արի ու ամեն մեկին բացատրի, թե որն է «ֆեյքը», իսկ որը՝ իսկականը: «Ֆեյքեր» հորինողները հենց դրա վրա են հույս դնում:

…1993 թվականին ադրբեջանական թերթը տպագրել էր մի «միտք», որն իբր արտահայտել էր Կարեն Դեմիրճյանը, իսկ ինչ-որ ռուսական թերթ այդ միտքն արտատպել էր: Իբր, ադրբեջանցիների հետ մի կռվեք, նրանք շատ ուժեղ են՝ անչափ ծիծաղելի էր, որ հակառակորդը որոշել է այս «միտքը» վերագրել Կարեն Սերոբովիչին: Ես այդ ժամանակ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար էի, իսկ Դեմիրճյանը՝ «Հայէլեկտրո» գործարանի տնօրեն: Ես զանգահարեցի Դեմիրճյանին եւ հարցրեցի՝ նա կցանկանա՞ այդ կեղծիքը հերքել: Իմ զրուցակիցը պատասխանեց՝ եթե Հայաստանում այդ սուտը սկսեն քննարկել, այդ ժամանակ կհերքի: Հայաստանում դա ոչ ոք չքննարկեց: Այն ժամանակ Ֆեյսբուք չկար:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Երբ ֆեյքերի դեմ պայքարելու օրենքի նախագիծը առաջարկվում էր Ռուսաստանում, դա պարզապես բռնատիրության և գրաքննության խայտառակ դրսևորում էր, իսկ երբ ամիսներ անց այդ բանը գործնականում սկսում է կիրառել ՄԵԾՆ ՛՛ֆեյսբուքը՛՛, դա արդեն շատ խելամիտ և վաղուց սպասված քայլ է…
    Կամ որ ժուռնալիստին նույնիսկ դատական կարգով չի կարելի հարցնել, թե որտեղից է նա քաղել այս կամ այն ՛՛հավաստի լուրը՛՛…. վերջերս այդ մասին կոկորդ պատռողները հանգիստ վաղը կասեն՝ բայց ինչ կա որ, եթե հավաստի նյութ է, ազնիվ լրագրողը պարտավոր է …. հարկավոր է ուղղակի որ այդ մասին մի թեթև ակնարկեն այնտեղ՝ արևմուտքում… ))))))))

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031