Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Իրենք չէին սպասում, որ հատկապես գյումրեցիները կցուցաբերեին նման արժանապատվություն»

Հունվար 21,2015 16:00

Երեկ «Հիմնադիր խորհրդարանի» նախաձեռնությամբ «Սուրբ Զորավոր» եկեղեցում գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի հիշատակին մատուցված հոգեհանգստի արարողությունից հետո Aravot.am-ը զրուցեց «Հիմնադիր խորհրդի» անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ: Նա նշեց, որ չնայած այսպիսի ոճրագործություն կարող էր պատահել ցանկացած վայրում, ցանկացած ազգի ներկայացուցչի ձեռքով, սակայն չպետք է հաշվի չառնել նաեւ այն, որ ոճրագործությունը եղել է ռուսական բազայի զինծառայողի ձեռքով, եւ չպետք է բացառել, որ տեղի ունեցածը ռուսական ռազմաբազայի ամենաթողության արդյունք է: Պարոն Ենիգոմշյանը մատնանշում է, որ հայաստանյան իշխանությունների կախյալությունը դրսեւորվեց նաեւ եղածի նկատմամբ առաջին օրերին անտարբեր վերաբերմունքով եւ ոճրագործին հայկական կողմին հանձնելու մեր իշխանությունների ոչ պահանջատեր, գաղութային կարգավիճակով. «Դա ցույց տվեց, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հավասար, արժանապատիվ հարաբերություններ չունի»:
Պարոն Ենիգոմշյանի կարծիքով՝ իշխանությունների փոխարեն հայ ժողովուրդը, հատկապես գյումրեցիները ցույց տվեցին իրենց ցասումն ու պահանջատիրությունը, եւ դրա հետեւանքով Ռուսաստանում հասկացան, որ հնարավոր է հասարակական կարծիքի առումով կորուստներ կրեն:

«Իրենք չէին սպասում, որ հատկապես գյումրեցիները, որոնք ամենառուսամետներն են Հայաստանում, կցուցաբերեին նման արժանապատվություն եւ հանդես կգային հակառուսական կեցվածքներով՝ տեսնելով, որ Ռուսաստանը անտեսում է այդ ոճրագործությունը: Հիմա ընդամենը նրանք հետեւանքները փորձում են մի փոքր ծածկել: Սակայն ներկա պահին չի երեւում, որ իրենք սկզբունքային կերպով վերատեսության են ենթարկել իրենց կեցվածքը: Այս դեպքի պարագայում, ինչպես գիտենք, Ռուսաստանից նվազագույնը պահանջվում է ոճրագործին հայկական կողմին հանձնել: Ներկա պահին դա չեն արել,- ասում է պարեն Ենիգոմշյանը եւ նկատում, որ Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններում դեռեւս չի փորձում իր «մեծապետական» եւ «մեծամտական» կեցվածքը մեղմացնել, փոխել: «Եթե լինի նման բան, մենք կփորձենք, «մենք» ասելով՝ նկատի ունեմ հայերիս, առաջինները կլինենք, որ կողջունենք դա եւ ամենալավ հարաբերությունները կունենանք Ռուսաստանի հետ: Այնքան ժամանակ, քանի դեռ դա չկա, մեր իրավունքն է, որպես ժողովուրդ, ազգ, մեր ինքնիշխանությունը պահպանելը»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    ծիծաղելի է , երբ պարտադրված բարեդրացիական հարաբերությունները փորձում են ներկայացնել որպես բարի կամքի դրսեւորում , ինքնիշխանությունն էլ , ամեն հայի , ամեն օրվա ազնիվ , լուռ ու բարեխիղճ վերաբերմունքն է իր գործին եւ ոչ թե ժամանակ առ ժամանակ ու առիթից առիթ մի քանի հոգու կամ թեկուզ եւ մի հոծ բազմության գոռգոռոցներն ու կոկորդ ճղելը ի ապացույց ազգային միաբանության ` դա լավագույն դեպքում , երբ մարդիկ անկեղծաբար իրենց վրդովմունքն են արտահայտում , լինում է եւ վատագույնը , երբ մի խումբ կեղծավորներ առիթն ուղղակի չեն կորցնում իրենց մեյդան նետելու :

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031