Հայ-թուրքական նամակագրություններ`
իրական կարգավորման գործընթացի փոխարեն
Հայաստան-Թուրքիա փոխհարաբերություններում ապրիլի 24-ից արդեն երեք ամիս առաջ կարելի է արձանագրել, որ կարգավորման հնարավորությունը գրեթե բացառված է: Էրդողանի իշխանությունից ակնկալել որեւէ նշանակալի քայլ` ուղղված հայկական կողմի նախաձեռնություններին ընդառաջ, միամտություն է թվում: Սա անսպասելի մարտավարություն չէ: Հայաստանի իշխանությունները կրկին փորձեցին իրավիճակ փոխել Ցեղասպանության 100-ամյակից առաջ, սակայն ոչինչ չստացվեց:
Անցյալ տարի մայիսի 27-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստում, որը հրավիրվել էր ընդլայնված կազմով եւ նպատակ ուներ 100-ամյակի միջոցառումների պաշտոնական մեկնարկին ընդառաջ՝ ամփոփիչ կերպով հստակեցնել հանձնաժողովի գործողությունների ժամանակացույցը եւ ռազմավարությունը, Սերժ Սարգսյանը նշեց, որ եւս մեկ անգամ հստակ կոչ ենք անում բոլոր պետություններին, միջազգային հանրությանը ճանաչել եւ դատապարտել այս աննախադեպ ոճիրը: «Պաշտոնական Անկարան նոր քայլեր է անում, որոնք երբեմն աննախադեպ են իրենց ձեւի մեջ, սակայն, ցավոք, բովանդակությամբ արտացոլում են Թուրքիայի հարյուրամյա՝ նույն ժխտողական քաղաքականությունը: Դրանք կրկնում են թուրքական հայտնի դիրքորոշումները՝ փորձելով խեղաթյուրել պատմությունը՝ նույն հարթության մեջ դնելով զոհին ու դահճին, համեմատելով անհամեմատելին: Անցյալի ծանր բեռից ազատվելու միակ հնարավոր քայլը, որ պետք է կատարի Թուրքիայի իշխանությունը, Հայոց ցեղասպանության ճանաչումն է: Կիսաքայլերով լուրջ արդյունքի հասնել հնարավոր չէ: Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ հրավերներ եմ ուղարկել մի շարք պետությունների ղեկավարներին՝ 2015թ. ընթացքում եւ հատկապես ապրիլի 24-ին այցելելու Հայաստան` մեզ հետ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ նահատակների հիշատակին, ձայն բարձրացնելու Ցեղասպանության հանցագործության դեմ առհասարակ եւ արձանագրելու, որ հայ ժողովուրդը ոչ միայն վերապրեց իրեն բաժին հասած այս փորձությունը, այլեւ վերածննդի ճանապարհը բռնեց»,- նշեց այդ օրը Ս. Սարգսյանը: Նշված հրավերը անցյալ տարի օգոստոսի 28-ին Անկարային փոխանցեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով մեկնել էր Ռեջեփ Էրդողանի՝ Թուրքիայի նախագահի պաշտոնը ստանձնելու արարողությանը մասնակցելու:
Սակայն Էրդողանը օրերս «ճկուն» քայլի դիմեց. նա Սերժ Սարգսյանին հրավիրեց մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը նշելու արարողություններին, ապրիլի 24-ին: Ըստ թուրքական պարբերականների` ակնկալվում է, որ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը նշելու արարողություններին ներկա են լինելու Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը՝ երկու որդիների հետ, Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի վարչապետները, 102 երկրների ղեկավարների թվում Էրդողանը Թուրքիա է հրավիրել նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:
Կարդացեք նաև
Անցյալ տարի հայ-թուրքական ուղերձների շարքում կարելի է առանձնացնել ԱԳ նախարարների հոդվածները: Անկարա մեկնելուց հետո Հայաստանի արտգործնախարարը ֆրանսիական «Le Figaro»-ում տպագրեց հոդված՝ ընդդեմ Թուրքիայի իշխանությունների եւ Ցեղասպանության հարցում նրանց որդեգրած քաղաքականության, որը Ահմեդ Դավութօղլուի` մայիսին տպագրված հոդվածի պատասխանն էր։
Էրդողանի հրավերը Սերժ Սարգսյանին մի կողմից՝ փաստում է, թե ինչ կառավարության հետ գործ ունենք, մյուս կողմից, սակայն, զարմանալու բան չկա, որովհետեւ մինչ այժմ Թուրքիայի իշխանությունը չի արել գոնե մեկ քայլ Ղարաբաղի հարցում Ադրբեջանի իշխանություններից տարբերվող դիրքորոշում արտահայտելու: Որքան էլ բարոյական հարթության վրա գնահատենք Էրդողանի քայլը, պետք է նաեւ արձանագրել` սա է այսօրվա Թուրքիան։ Մի երկիր, որի իշխանություններից Սերժ Սարգսյանը «ֆուտբոլային» դիվանագիտության երկրորդ խաղակես չի կարող ակնկալել:
Ավելին` պաշտոնական Անկարան նախ սառեցրեց, փակուղի մտցրեց Հայաստան-Թուրքիա արձանագրությունները` Ղարաբաղի խնդրի պատճառով: Ակնկալել, թե այդքանից հետո Ցեղասպանության 100-ամյակից առաջ Թուրքիան կարող է հայկական կողմին ընդառաջ որեւէ նշանակալի քայլ անել` անհավանական է թվում: Ընդհակառակը` պաշտոնական Անկարան որեւէ առիթ բաց չի թողնում՝ ցույց տալու «եղբայրական» Ադրբեջանին սատարելու ու նրա պահանջները տիրաժավորելու իր պատրաստակամությունը:
Նույն օրը, երբ հայտնի դարձավ, որ Էրդողանը Սերժ Սարգսյանին հրավիրում է Թուրքիա, անցկացվել էր Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստը: Էրդողանն ասել է, որ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակել նաեւ Ղարաբաղի հարցի շուրջ, եւ որ այդ հարցում Թուրքիան պաշտպանում է Ադրբեջանին ու քննադատել է միջնորդներին: «ԼՂ խնդրի հետ կապված՝ մենք ստացել ենք վերջին տեղեկությունները։ Մենք տեսնում ենք, որ Մինսկի խումբը անկեղծ չէ, եւ չենք կարող համաձայնել նրա հետ, ինչ նրանք ասում են»,- ասել է Էրդողանը։ Իլհամ Ալիեւն իր հերթին դարձյալ մեղադրել է հայկական կողմին՝ նշելով, թե անցած տարիներին բանակցություններում որոշակի առաջընթաց էր արձանագրվել, բայց Հայաստանը սադրիչ քայլեր է կատարել. «ԵԱՀԿ Մինսկի խումբը եւս չի կարողանում որեւէ արդյունքի հասնել: Գործողություններ կան, բայց արդյունքներ չկան»։
Սերժ Սարգսյանը բավական արագ արձագանքեց Էրդողանի հրավերին, որում ասվում է, որ Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակը նշելով ապրիլի 24-ին՝ Թուրքիան նպատակ ունի համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից շեղել։ Ս. Սարգսյանն Էրդողանին խորհուրդ տվեց համաշխարհային խաղաղությանն ուղղված կոչերում չմոռանալ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղերձ հղել աշխարհին՝ ոգեկոչելով մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը, եւ այսպես է ամփոփում իր նամակը. «Ձերդ Գերազանցություն, դեռեւս մի քանի ամիս առաջ հրավիրել եմ Ձեզ Երեւան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը: Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»:
Շատերը հիացած են Սերժ Սարգսյանի պատասխան նամակից: Բայց այս տեսակ նամակներով չէ, անկախ հանգամանքներից՝ իհարկե, որ պետք է չափել արտաքին քաղաքականության ձեռքբերումները: Այսօր՝ Ցեղասպանության 100-ամյակից առաջ, պաշտոնական Երեւանի քաղաքականությունը անարդյունավետ է ոչ միայն այն պատճառով, որ Անկարան է Հայաստան-Թուրքիա հիմնական արգելակողը, այլ նաեւ այն առումով, որ մենք` մեր մասով, աշխարհի հետ Թուրքիայի վարած քաղաքականությանն ի պատասխան արժանի գործունեություն չենք ծավալում: Մինչդեռ Թուրքիան վարում է ոչ միայն ընդդեմ Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականություն, այլեւ ընդդեմ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի:
Վերջերս պաշտոնական Անկարան Վաշինգտոնին եւս ակնարկներ ուղղեց: Թուրքիան չի ցանկանում Հայոց ցեղասպանության պատճառով փչացնել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ՝ հայտարարեց Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն թուրքական «Միլլիյեթ» պարբերականին տված հարցազրույցում: Ըստ էության Թուրքիան` մտավախություն ունենալով, որ ԱՄՆ Սենատում, Կոնգրեսում Ցեղասպանության 100-ամյակի առիթով քայլեր կձեռնարկեն, նախօրոք կանխող հայտարարություններ է անում` նաեւ միջազգային հանրությանը ուղերձ հղելով:
Հունվարի սկզբին Էրդողանը Թուրքիայի դեսպանների համաժողովի ժամանակ հայտարարեց, թե հայերը գերադասում են իրենց էներգիան վատնել, «այսպես կոչված, Հայոց ցեղասպանությունը» քաղաքականացնելու վրա։ «Թուրքիան թույլ չի տա խեղաթյուրել պատմական փաստերը, այդ թվում՝ 1915 թվականի իրադարձությունները»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ նկատելով, թե «այս տարի աշխարհի որոշ շրջանակներ նշելու են այսպես կոչված` «Հայոց ցեղասպանության» 100-րդ տարելիցը»։ Էրդողանը ճաշի էր հրավիրել համաժողովին մասնակցած Թուրքիայի դեսպաններին եւ ճաշկերույթի ընթացքում խոսել նաեւ հայկական հարցերից։ Ըստ Էրդողանի` Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը լայնածավալ գործունեություն է տանում։ «2015-ին նախարարությունը եւ համապատասխան այլ կառույցներ աշխատելու են համակարգված։ Ես համոզված եմ, որ նրանք կարող են հաղթահարել անհիմն մեղադրանքները»,- նշել էր Էրդողանը։ Իսկ Թուրքիայի խորհրդարանի ղեկավար Ջեմիլ Չիչեքի ու ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հանդիպմանը վերջինս ասել է, թե հայկական պնդումներն ավելանում են երրորդ երկրներում. «Երրորդ երկրների աչքում Հայոց ցեղասպանության մասին պնդումներն աճում են: Դրան ի պատասխան՝ մենք էլ քաղաքական գործիչների շրջանում ենք ջանքեր ներդնում»:
Ինչպես նկատում ենք, պաշտոնական Անկարայի ջանքերը լիովին այլ` կոնկրետ ուղղությամբ են: Իսկ ո՞րն է պաշտոնական Երեւանի քաղաքականությունը Ցեղասպանության 100-ամյակից առաջ` Թուրքիայի գործունեությանն ի պատասխան: Հնչել են կարծիքներ, որ Թուրքիան ապրիլի 24-ից հետո հնարավոր է Հայաստանի հետ փոխհարաբերություններում զիջումների գնա: Սակայն հաշվի առնելով Էրդողանի իշխանության ներկայիս քայլերը՝ կարծես այդ հնարավորությունը եւս բավական անհավատալի է:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.01.2015