Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին վարչապետի դստեր եւ խնամու դեմ վերաքննիչ բողոք է բերվել

Հունվար 21,2015 14:30

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դուստրը՝ Նարինե Սարգսյանն ու խնամին՝ Հրանտ Սուվարյանն անցյալ տարի դիմել էին Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Լեմբերիկ Խաչատրյանի, նրա կնոջ՝ Սուսաննա Դավթյանի եւ երրորդ անձ ճանաչված «Առավոտ» օրաթերթի:

Դատարանը նոյեմբերի 28-ին բավարարել էր պատվի, արժանապատվության եւ օրաթերթում տպագրված տեղեկությունները հերքելու, փոխհատուցման պահանջի մասին հայցը: Պատասխանողները բերել են վերաքննիչ բողոք:

Ըստ բողոքաբերի, դատարանի համար էական նշանակություն ունեն մի շարք փաստեր, որոնք առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել:

Նախ, Երեւանի Տիգրանյան 17-ի բնակիչ Արթուր Խաչատրյանը տվել է իր գրավոր համաձայնությունը 1981թ.-ին, համաձայն որի՝ Լեմբերիկ Խաչատրյանը իր հողամասի վերջին մասում պետք է կառուցեր ավտոտնակ:

Համաձայնությունից մեկ տարի հետո, Լ. Խաչատրյանը կառուցել է այն:
Ավտոտնակը, ըստ համաձայնագրի, պետք է գրանցվեր Լ. Խաչատրյանի անվամբ:
Երեւանի քաղաքապետի որոշմամբ այդպես էլ եղել է:

Եվ վիճելի ավտոտնակը մինչ օրս տիրապետում, տնօրինում է կառուցողը՝ Լ. Խաչատրյանը:
Ըստ բողոքաբերի, նախկին վարչապետի խնամին զավթել էր 810քմ հողային տարածք, որի հետ նաեւ Լ.Խաչատրյանին պատկանող ավտոտնակը:

Խնամին դիմել է քաղաքապետարան, որպեսզի նշյալ տարածքի հետ կապված ճանաչվի իր սեփականության իրավունքը, ինչպես հողամասի, այնպես էլ դրանում առկա շենք-շինությունների նկատմամբ:

Ըստ բողոքաբերի, կադաստրային վարույթը կասեցվել է, քանի որ պաշտոնական տեղեկանքի համաձայն՝ առկա են եղել «գույքի պատկանելությունը վիճարկող Լ. Խաչատրյանի օգտին իրավահաստատող փաստաթղթեր»:

Բողոքաբեր Լ. Խաչատրյանն իր բողոքում գրում է, որ առաջին ատյանի դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածներ, «ծաղկաքաղ» է արել ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից մեկից, դրանք «հարմարեցրել» է իր իսկ կողմից կայացրած անօրինական վճռին:

Առաջին ատյանի դատարանը «հիմնավորել» էր այսպես. «Ինչ վերաբերում է քաղաքապետի 17.03.2014թ. պատասխանին, ապա այն տպագրվել է «Առավոտում» հոդվածի տպագրությունից հետո, հետեւաբար, չի կարող դրվել որպես ստույգ փաստ»:
Մեկ այլ հիմնավորմամբ էլ, դատարանը հաստատված է համարել հետեւյալը. «Քաղաքապետի որոշումն ընդունվել է վարչական մարմնի կողմից, ոչ թե սույն գործով հայցվորի, եւ քանի դեռ նշված որոշումն անվավեր չի ճանաչվել, գործում է վարչական ակտի իրավաչափության կանխավարկածը»:

Դատարանի վճռի պատճառաբանական մասի համաձայն, պատասխանողները չեն անդրադարձել ստույգ փաստերի, մասնավորապես, չկա որեւէ ապացույց, թե Հրանտ Սուվարյանը եւ Նարինե Սարգսյանն ապօրինաբար տիրացել են քաղաքացիների ունեցվածքին՝ քարե շինությանը:

Ի դեպ, բողոքում Լ. Խաչատրյանի ներկայացուցիչը տեղեկացրել էր, թե հաշվի առնելով, որ միայն նախկին վարչապետը կարող է ազդել իր խնամու մտադրությունների վրա, դիմել են ժամանակին վարչապետին, սակայն վարչապետը չէր պատասխանել:
«Սակայն պատասխան չստանալով, իրենց հույսը կապելով մամուլի միջոցով իրենց ավտոտնակից հնարավոր զրկվելու հարցը բարձրացնելու հետ, ամուսիններով դիմել էին «Առավոտ» թերթի խմբագրությանը»,- ասվում է բողոքում:

Խաչատրյան ընտանիքը 14 էջանոց բողոքով պահանջում է բեկանել առաջին ատյանի վճիռը, գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031