Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ողբերգության հետ կապված՝ ֆեյքերի զոհերը

Հունվար 21,2015 13:30

Մեդիափորձագետները հայտարարում են, որ ադրբեջանցիները սրում են իրավիճակը
Մի քանի օր շարունակ լրատվամիջոցներն անդրադարձան հայ հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի մեկնաբանություններին՝ կապված Գյումրիում տեղի ունեցածի հետ: Սոցիալական ցանցերում վերլուծվում էին հայազգի շոումենի՝ հային ոչ հարիր խոսքերը, որն իբրեւ թե կատարված ողբերգությունը «սովորական հանցագործություն» էր համարել: Մի քանի օր շարունակ քննադատվեց Գարիկ Մարտիրոսյանը, սակայն իրականում՝ անտեղի:

Ավելի ուշ Գարիկ Մարտիրոսյանը Life.panorama.am-ի հետ զրույցում հայտարարեց. «Գյումրիում կատարված ողբերգական դեպքերի մասին ես ոչինչ չեմ ասել: Կարծում եմ՝ ոչինչ չկա ասելու: Բոլորիս համար այս ծանր օրերին իմ անունից հիմարություններ են տարածում՝ փորձելով այլ երանգներ հաղորդել: Ես բոլոր հայերի հետ միասին սգում եմ կատարված ողբերգությունը, ոճրագործը պետք է կրի իր պատիժը»:

Բոլորին էլ հայտնի է, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցը լի է ֆեյքերով՝ կեղծ օգտատերերով, որոնք ներկայանում են նաեւ հայտնի մարդկանց անուններով, ու իրենց վերապահում իրավունք՝ հանդես գալու նրանց փոխարեն: Լավ էր, որ արձագանքը չուշացավ ու պարզվեց, որ Գարիկ Մարտիրոսյանի սկանդալային հայտարարությունը ֆեյքերի ձեռքի գործն է:

Իրականում կատարվածն այլ ենթատեքստ ունի: Գարիկ Մարտիրոսյանը, որը վայելում է ոչ միայն Ռուսաստանի, այլեւ նախկին ԱՊՀ երկրների հեռուստադիտողների սերը՝ հանգիստ չի տալիս ադրբեջանցիներին, ինչի վերաբերյալ էլ նրանք նաեւ արտահայտվել են իրենց լրատվամիջոցներով: Ըստ նրանց հրապարակման՝ հայերի կողից ստեղծված Comedy Club եւ Camedy Woman հումորային ծրագրերի ընթացքում հայ տղաներն անընդհատ հնչեցնում են «Հայաստան», «հայ», «Երեւան» բառերն ու բոլորին ուզում հայերեն սովորեցնել:
Մեր մեդիափորձագետները պարբերաբար անդրադառնում են ֆեյքերին ու զգուշացնում նրանցից եկող վտանգների մասին, եւ այս դեպքի առնչությամբ էլ նրանք իրենց ֆեյսբուքյան էջերում ամենասկզբից նշեցին, որ չեն հավատում Մարտիրոսյանի ասածին:

Օրինակ, տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը Գյումրիում տեղի ունեցած ողբերգության առնչությամբ հայտարարել էր, որ սոցիալական ցանցերում ընթերցողը խայծը «կուլ է տալիս», վիճակը սրվում է եւ հակառուսական տրամադրություններ են բարձրացվում: Նա հորդորել էր հետեւել տեղեկատվական հոսքերին, որոնք փորձում են սրել իրավիճակը: «Բոլորը մոռացել են դրդապատճառների մասին եւ կենտրոնացել բախումների վրա»,- ասել է Տիգրան Քոչարյանն ու հավելել, որ ռուսները եւս ինչ-որ առումով սրում են իրավիճակը: Տիգրան Քոչարյանը նաեւ շեշտել է, որ ադրբեջանական լրատվամիջոցներն առավել քան փորձում են սրել հայ-ռուսական լարվածությունը:

Այս առումով ֆեյքերին անդրադարձել էր նաեւ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը` հայտարարելով հետեւյալը. «Ավետիսյանների ընտանիքի կործանման եւ Գյումրիում ու ողջ Հայաստանում կատարվածի շուրջ շրջանառվում է մեծ քանակի ապատեղեկատվություն, որոնց աղբյուրները շատ տարբեր են: Սկսած միտումնավոր ադրբեջանական կամ անհայտ աղբյուրներից, վերջացրած ուկրաինական ցինիկ կատակներով, որոնք լուրջ են ընդունվում»: Նա նաեւ ներկայացրել էր դրանց օրինակները, որոնք տարածված էին ոչ միայ Ֆեյսբուքում, այլեւ թվիթերում:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031