Մինիմալիզմի ներկայացուցիչ, քանդակագործ Գեւորգ Ջորջ Կասաբյանը
չի հրաժարվի իր գործերը Հայաստանում տեղադրելու առաջարկից
Աբստրակտ մինիմալիզմի հետեւորդ, քանդակագործ, նկարիչ Գեւորգ Ջորջ Կասաբյանը (լուսանկարում), չնայած հասուն տղամարդ է, սակայն իրեն ներշնչել է, թե դեռ 23 տարեկան է` նկատի ունենալով իր անսպառ էներգիան: Ծնունդով Հալեպից՝ Կանադա տեղափոխված երիտասարդն այնտեղ 30 տարեկանում է ստացել մասնագիտական կրթություն: Աշխատանքների առաջին ցուցադրությունը Կանադայում իրականացրել է 1973թ., իսկ Հայաստանում՝ 2004թ.:
«Առավոտի» հետ զրույցում արվեստագետը պատմեց, որ Կանադայում ապրող ընտանիքից կտրվել եւ մեկ տարի է, ինչ հաստատվել է հայրենիքում: Ջորջ Կասաբյանի հետ զրույցում պարզեցինք նաեւ, որ մշակութային մասնագիտություններից առաջ նա երկու մասնագիտություն էլ է ստացել. ավիամեխանիկ-ինժեներ եւ համակարգչային ցանցերի ադմինիստրատոր: Նա հավաստիացնում է նաեւ, որ ինքն արդեն 41 տարի ոչ միայն իր արվեստում է մինիմալիստ, ինչը ենթադրում է աշխատանքների նվազագույն չափեր, գույներ, գծեր, այլեւ կյանքում, նրա խոսքերով՝ մինիմում արտահայտչամիջոցներով հասնում է առավելագույնի: Մեր զրուցակիցն ասաց նաեւ, որ ողջ կյանքում հորից 1 դրամ անգամ չի խնդրել, ուսանողական տարիներին տարբեր աշխատանքներ է կատարել, հետո արդեն հիմնել է բիզնես ու 18 տարի Կանադայում ղեկավարել է պլաստմասսե արտադրական սարքավորումներ թողարկող ֆիրմա: Մեր զրուցակիցը նշում էր, որ 1989թ. Հայաստան այցելած առաջին բիզնեսմեններից էր, որ հրավիրվել էր թեթեւ արդյունաբերության ոլորտում համագործակցելու նպատակով: Հիշելով այդ տարիները, նա առանց մանրամասնելու ասաց. «Ախր, ոչ մի բան չկար, ամեն ինչ մռայլ գույների մեջ էր, մարդիկ էլ սեւ զգեստներից բացի, ոչինչ չէին հագնում… »: 2004թ. պարոն Կասաբյանը հայրենիքում հիմնել է գիտական կենտրոն, որը 2 տարի զբաղվել է արեւային էներգիայի մարտկոցների վրա ալմաստանման նստեցումներով: Տղան Կանադայում մասնագիտացել է ռոբոտաշինության, իսկ դուստրը՝ կոսմետոլոգիայի ոլորտում, տիկինն էլ հոգեբան է:
Անդրադառնալով նկարչությանն ու քանդակագործությանը, նա նշեց, որ հունվարի 25-ին ՀՀ նկարիչների միությունում կբացվի իր անհատական աշխատանքների ցուցահանդեսը, կներկայացնի 11 քանդակ եւ 50 յուղաներկ կտավ: Հատուկ շեշտեց, թե վաղուց Ամերիկայում, եվրոպական երկրներում, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում պահանջարկ ունեն իր աշխատանքները: Հարցին՝ իսկ Հայաստանո՞ւմ, արվեստագետը պատասխանեց. «Այսօր ինձ գումարը չի հետաքրքրում: Զավակներս էլ, փառք Աստծո, լավ վաստակում են: Բացի այդ, ես նրանց ապահովել եմ»: Դիտարկմանը, թե 2010թ. Սփյուռքում ապրող ու ստեղծագործող շուրջ 25 արվեստագետների աշխատանքների ցուցադրումից հետո, իր մասին ասում են նաեւ, որ ունի համախմբելու եւ կազմակերպելու ունակություն, պարոն Կասաբյանը նշեց, որ 2009թ. առաջին անգամ կայք է ստեղծել՝ հավաքագրելով «դրսի» հայ նկարիչներին ու քանդակագործներին: «Ցավ էի ապրում, որ լավագույնները Հայաստանից մեկնում են եւ միշտ չէ, որ իրենց կարողանում են գտնել ու դրսեւորվել արտերկրում:
Ուզեցի, որ հայերի կենտրոնը գոնե կայքի եւ Երեւանում կայացած ցուցահանդեսի միջոցով նրանց մեկտեղի: Չէ՞ որ հայերիս էներգիայի աղբյուրը, գենետիկ կոդն այստեղ է՝ Հայաստանում»,- հավելեց մեր զրուցակիցը: Փոխանցեցինք արվեստակից ընկերների այն դիտարկումը, թե վերջին շրջանում իր գործերում գերակշռում են մերկ կանանց քանդակները, Գեւորգ Ջորջ Կասաբյանն ի պատասխան՝ ասաց. «Այո, մերկ կանանց իմ գործերում ներկայացնում եմ մինիմալիզմի մեջ եւ ոչ ամբողջովին: Ընտրում եմ բնորդուհիներիս մարմնի այն «բեկորները»՝ լինի թեւը, ոտքը, կուրծքը, հետույքը, որոնք արտահայտիչ են: Պիտի նշեմ, որ այստեղ էրոտիկ վիճակը ինձ չի հետաքրքրում»: Երբեւէ չի՞ մտածել Երեւանում կամ մարզերում քանդակներ տեղադրելու մասին, այնպես, ինչպես ժամանակին արել է Կանադայում, Սիրիայում, Լիբանանում եւ այլուր, արվեստագետը հակիրճ պատասխանեց. «Ինձ ճանաչում են, առաջարկի դեպքում՝ սիրով»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարները՝ Գեւորգ Կասաբյանի ֆեյսբուքյան էջից
«Առավոտ» օրաթերթ
20.01.2015