Այսօր Արմավիրի մարզկենտրոնում գտնվող Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորությամբ և Տեր Ստեփանոս քահանա Մելիքյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ մոմավառության և հոգեհանգստի արարողություն` ի հիշատակ Գյումրիում ռուս զինվորականի կողմից դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի վերջին ներկայացուցիչ Սերյոժա Ավետիսյանի:
Ոգեկոչման արարողությանը իրենց մասնակցությունն ունեցան մարզային իշխանությունները, տարբեր կառույցներ ու կազմակերպություններ, ինչպես նաև ուսանողներ ու բազում արմավիրցիներ, ովքեր իրենց սրտի ձայնը միացրին բազմահազար այն աղոթքներին, որոնք ուղղվում են առ աստված` դաժանաբար սպանված ընտանիքի անդամների և 6-ամսական փոքրիկի հոգիների հանգստության համար:
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը լրագրողների հետ զրույցում խստորեն դատապարտեց կատարված ոճրագործությունը`նշելով, որ հայ և ռուս իրավապահները պետք է համատեղ աշխատեն և արդարացի պատիժ սահմանեն: Մարզպետը իր ցավակցությունն ուղղեց գյումրեցիներին և անմեղ զոհ դարձած ընտանիքի հարազատներին:
Արմավիրի մարզպետարան