Ազատության հրապարակում այսօր առավոտից քաղաքացիները սգում են 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի մահը:
Նրանք Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի աստիճանահարթակի վրա մոմավառություն են կազմակերպել: Թատրոնի աստիճանահարթակին բացի մոմերից քաղաքացիները դնում են Սերյոժա Ավետիսյանի լուսանկարները, ծաղիկներ եւ խաղալիքներ:
Aravot.am-ի հետ զրույցում քաղաքացի Էդգար Բարսեղյանը նշեց, որ ըստ նրա, կատարվածը հայ ժողովրդի համար ծանրագույն փորձություն էր, եւ կարելի է դրանից որոշ հետեւություններ անել. «Մի քանի օր շարունակ պարզապես տարօրինակ լռություն էր եւ այնպիսի տպավորություն էր, որ ժողովուրդը մատնված է ինքն իր ինքնագիտակցությամբ քայլեր անելու: Իսկ ողբերգության մասին չեմ ուզում խոսել. Ուղեղի մեջ տեղ չի անում, անհնար է նրա մասին առանց հուզմունքի մտածելը»:
Մեկ այլ քաղաքացի էլ մեզ հետ զրույցում նշեց, որ իր կարծիքով՝ կատարվածը ահաբեկչություն է: Իսկ այսօր ստեղծված իրավիճակի պատասխանատուն, ըստ նրա, իշխանություններն են, որոնց նկատմամբ խորը անվստահություն կա:
Կարդացեք նաև
Երեկոյան Ազատության հրապարակում էին նաեւ Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Վահան Առաքելյանը եւ «Օվսաննա» երգչախումբը: Տեր Վահան Առաքելյանը հոգեհանգստի կարգ մատուցեց Ավետիսյանների ընտանիքի հիշատակին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ