Կառավարությունը որոշում է ընդունելու կանոնակարգել սպիտակ շաքարի ներմուծումը Հայաստանի հանրապետության տարածք: Այս մասին որոշումն, ինչպես նշված է կառավարության կայքէջում, կներակայցվի հունվարի 22-ի նիստին:
Կառավարություն ներկայացվող որոշման նախագծով նախատեսված է, որ հաշվի առնելով որոշ ՀՀ օրենքներ եւ «Ապրանքների արտաքին առեւտրի ոլորտում լիցենզավորման կանոնների մասին» Մաքսային միության 2009 թվականի հունիսի 9-ի Համաձայնագրի դրույթները, «2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» Պայմանագրի Հավելված 3-ի 43-րդ կետն ապահովելը, ՀՀ կառավարությունը որոշում է` «Սահմանել, որ Պայմանագիրը ուժի մեջ մտնելու օրվանից, 2 տարվա ընթացքում, սպիտակ շաքարի (ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 1 և 1701 99 100 9) ներմուծումը 3-րդ երկրներից թույլատրվում է 10 % ներմուծման մաքսատուրքի վճարման պայմանով` 1 տարվա ընթացքում 4 000 տոննայից ոչ ավելի ծավալով»:
Ըստ կառավարության, ներկայումս ՀՀ օրենսդրությամբ սպիտակ շաքարի ներմուծման համար քվոտավորում նախատեսված չէ: Սակայն ԵՏՄ Պայմանագրի Հավելված 3-ի 43-րդ կետը ապահովելու, ինչպես նաեւ սպիտակ շաքարը` որպես հավելում, արտադրության մեջ օգտագործող ներքին արտադրողներին աջակցելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջեւ սպիտակ շաքարի Հայաստան ներմուծման քվոտայի ծավալների բաշխման կարգը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ