Եվրոպական միությունն աջակցում է Հայաստան վերադարձած միգրանտների վերաինտեգրմանը Հայաստանում: «Մարդը կարիքի մեջ» չեխական կազմակերպության «Աջակցություն շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագիրն իրականացվել է Եվրամիության ֆինանսավորմամբ Հայ օգնության միության և «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության հետ համատեղ:
Ծրագրի շնորհիվ Հայաստան վերադարձած 17 ընտանիք վերահաստատվել է Հայաստանում: Իր բիզնեսն է հիմնել 17 ձեռնարկատեր՝ արտադրություն և ծառայություններ առաջարկելով տարբեր ուղղություններով: Արդյունքում՝ ստեղծել է 55-60 աշխատատեղ: Գյուղտեխնիկա, հողագործություն, անասնապահություն, ջերմոցային տնտեսություն, մեղվապահություն, կահույքագործություն, թեթև արդյունաբերություն, տրանսպորտային ծառայություններ, սպասարկման ոլորտ և հացաբուլկեղենի արտադրություն. այսպիսով՝ մի քանի տասնյակ ընտանիք ապահովվել է մշտական աշխատանքով:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հունվարի 20-ին հանդիպում էր կազմակերպել Արտաշատ քաղաքում գործող միգրացիոն ռեսուրս կենտրոնում, որը հիմնադրվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում: Ռեսուրս կենտրոնը մեկն է Հայաստանի չորս մարզերում` Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում գործող միգրացիոն կենտրոններից, որոնք օգնել են միգրանտներին ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն Հայաստանում վերաինտեգրվելու մասին և տեղեկանալ նաև դրամաշնորհներից, որոնք տրամադրվել են ծրագրի շրջանակներում:
Եվրամիության պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Բորիսլավ Դիմիտրովը ուրախությամբ նշեց, որ Եվրամիությունը Հայաստանում իրականացնում է միգրացիայի հիմնախնդիրների լուծմանն ուղղված մի շարք ծրագրեր, և սա այդ հաջողված ծրագրերից մեկն է. «Այս ծրագիրն իսկապես օգնում է Հայաստանի այն քաղաքացիներին, ովքեր ստիպված են եղել լքել Հայաստանը, աշխատանք փնտրել այլ երկրներում և վերադարձել են դարձյալ Հայաստանում հաստատվելու նպատակով: Ծրագիրը մեկնարկել է 2013 թվականի հունվարին, և տևողությունը 30 ամիս է: Եվրոպական միության ֆինանսավորումը ծրագրի շրջանակներում կազմել է մոտ 800 000 եվրո: Այս պահին մենք քննարկում ենք ծրագիրը երկարացնելու հարցը: Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել միգրացիոն խնդիրներով զբաղվող պետական մարմինների կարողությունների հզորացմանը, հասարակության տեղեկացվածության բարձրացմանը և օգնել վերադարձող միգրանտներին և Հայաստանի համայնքներին»,- նշեց Հայաստանում Եվրոպական միության ներկայացուցիչը:
Կարդացեք նաև
«Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Ֆիլիպ Հովհաննիսյանը նշեց, որ դրամաշնորհներ տրամադրելով շահառուների հետ աշխատանքը չի ավարտվում: Նրանք շարունակելու են ստանալ աջակցություն. «Մենք նրանց կողքին ենք, քանի որ դրանք նորաստեղծ ընկերություններ են, և շահառուները փորձի պակաս ունեն: Մենք կփորձենք հնարավորինս օգնել նրանց՝ կազմակերպելով նոր դասընթացներ: Կկազմակերպենք մարքեթինգի դասընթացներ, որպեսզի շահառուները կարողանան հեշտությամբ իրացնել իրեն արտադրանքը»,-նշեց պարոն Հովհաննիսյանը:
Վերադարձած միգրանտները մասնակցել են դասընթացների, սովորել՝ ինչպես գրել հաջողված բիզնես առաջարկներ: Մրցույթի արդյունքում 16 լավագույն բիզնես առաջարկները ստացել են 1մլն. 500հզ.-ից մինչև 5մլն. ՀՀ դրամի դրամաշնորհ: Արտաշատում կազմակերպված հանդիպմանը ներկա էին նաև ծրագրի շահառուները, ովքեր ստացել են դրամաշնորհ և այսօր աշխատում են իրենց սեփական ընկերություններում: Հանդիպման ավարտին ցուցադրվեց «Հենման կետ» ֆիլմը, որը ծրագրի շրջանակներում դրամաշնորհ ստացած 16 միգրանտների մասին էր: Եվս մեկ շահառու, ով դրամաշնորհ էր ստացել ծրագրի շրջանակներում, պատրաստվում է հիմնել հացաբուլկեղենի արտադրություն, և աշխատանքներն ընթացքի մեջ են:
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1մլն. 32հզ. 670 եվրո, որի 80%-ը ֆինանսավորվում է Եվրոպական միության, իսկ մնացած մասը՝ «Մարդը կարիքի մեջ» չեխական հասարակական կազմակերպության կողմից: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի չորս մարզերում` Արմավիր, Արարատ, Վայոց ձոր և Սյունիք, և օժանդակում է անօրինական միգրացիայի կանխարգելմանը և վերադարձողներին իրենց տեղը հայրենիքում գտնելու հնարավորությանը: