Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանն ուզում է սարսափի մթնոլորտ ձևավորել Գյումրիում». Լևոն Մութաֆյան

Հունվար 20,2015 18:04

«Գյումրիում կատարված հանցագործությունն ունի քաղաքական ենթատեքստ, հեռահար նպատակներ ու խնդիրներ: Սա ռուսական մեծապետական շովինիզմի հերթական դրսևորումն է և քաղաքական ծրագրերի իրականացման նախափուլերից մեկը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց թատերագետ Լևոն Մութաֆյանը:

Ըստ նրա՝ Ռուսաստանն ուզում է սարսափի մթնոլորտ ձևավորել Գյումրիում, որպեսզի գյումրեցիները ժամանակի ընթացքում հեռանան այդ տարածքից, ու Ռուսաստանն ավարտին հասցնի իր չար գործը՝ Գյումրին առնի իր ձեռքն ու ավելի սերտացնի կապերը Թուրքիայի հետ: «Գյումրիում տարիներ շարունակ հետևողականորեն ընթացել է մարդաթափման քաղաքականություն,- ասում է Լ. Մութաֆյանը,- դեռևս 90-ականների վերջերին խոսվում էր ընդամենը 60 հազարանոց քաղաք ունենալու հեռանկարի մասին: Ահա այս ողբերգությունն էլ Գյումրիում վախի, սարսափի ձևավորման նախաքայլերից է»:

Թատերագետի դիտարկմամբ՝ Վ. Պերմյակովն ընդամենը ռուսական քաղաքական ծրագրի, քայլի իրականացնողն է. «Ես կասեի՝ իրականացնողներից մեկը, որովհետև չեմ կարծում, որ նա միայնակ է գործել: Հանցագործության մանրամասները հետազոտելով՝ հանգում ենք այն եզրակացության, որ սա զինված խմբի կողմից իրականացված հանցագործություն է,- ասում է թատերագետը,- և´ ռուսական իշխանությունների լռությունը, և´ հայաստանյան իշխանությունների պարտադրված լռությունը, վախկոտ քաղաքականությունը միայն ու միայն այդ մասին են խոսում: Խնդիրն էր թաքցնել հանցագործության բոլոր մանրամասները, դրա քաղաքական ենթատեքստը, որպեսզի, մանավանդ հիմա, երբ աշխարհը պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի նկատմամբ, հերթական անգամ Ռուսաստանը չդառնար թիրախ: Այսինքն՝ անգամ Հայաստանի իշխանությունները գործեցին ի շահ Ռուսաստանի: Իսկ Պերմյակով կոչվածի հանձնումը ռուսական իրավապահ մարմիններին Հայաստանի քաղաքական և պետական կապիտուլյացիայի ամենավառ արտահայտությունն է: Երբ մենք Ռուսաստանի առջև վայր դրեցինք մեր զենքերը, վայր դրեցինք մեր պետականությունը: Եթե մեր գլխավոր դատախազը հայտարարում է, որ մեր պետության մեջ մենք պետք է առաջնորդվենք ՌԴ սահմանադրության 61-րդ հոդվածով, սա նշանակում է՝ մենք պետություն չենք»:

«Իրոք ամոթ է, որ մեր դատախազը խոսում է ռուսական սահմանադրության ինչ-որ հոդվածի մասին՝ մոռանալով, որ մենք էլ ունենք համապատասխան հոդվածներ»,- իր հերթին նշեց «Արձագանք» ռադիոկայանի նախագահ, երաժիշտ Եղիշե Պետրոսյանը՝ նկատելով, որ շատ հարցերում համամիտ է Լ. Մութաֆյանի հետ:

«Վարդան Պետրոսյանին դժբախտ պատահարի պատճառով մի րոպե չթողեցին ազատության մեջ մնա, իսկ իր մեղքը խոստովանած Պերմյակովը գտնվում է 102-րդ ռազմաբազայում, երևի թե գուբախտում, որտեղ զինվորներին են նստեցնում, երբ ինչ-որ մի հարցով չեն ենթարկվում: Աբսուրդ չէ՞ սա: Բա ո՞ւր են մեր իրավապահ մարմինները, որոնք Վարդանին անմիջապես տարան-փակեցին՝ վախենալով, թե կարող է փախչել, բա ռուսին ինչո՞ւ չեք փակում: Նա դժբախտ պատահար էր, սա՝ դաժան սպանություն: Խորհելու շատ բան կա»,- ասում է Ե. Պետրոսյանը:

«Ճիշտ է, Պերմյակով կոչվածը, այսպես ասած, փակի տակ է,- հավելեց Լ. Մութաֆյանը,- բայց ինչպիսի՞ փակի: Սա չի՞ խոսում մեր իրավական համակարգի անողնաշարության մասին: Ոստիկանապետը հայտարարում է, թե մենք երկու ժամ առաջ արդեն գիտեինք, որ նա հայ-թուրքական սահմանի մոտ է: Այդ դեպքում ինչո՞ւ եք խախտում ՀՀ օրենքն ու սահմանախախտին չեք հանձնում Հայաստանին: Ես վստահ եմ, որ Պերմյակովը հանցագործությունը կատարելուց հետո գտնվել է ռազմաբազայում՝ Հայաստանի իշխանությունների հետ համաձայնեցված, մնացածը թատրոն է, վատ թատրոն: Ո՞ւմ են խաբում, ո՞ւմ են ծաղրում»:

Այս հանցագործության վերաբերյալ արդարացի դատավճիռն ու գործի ամբողջական բացահայտումը Լ. Մութաֆյանը բացառում է: «ԵՏՄ-ի շրջանակներում, ցանկացած պահի, Լուկաշենկոն կարող է ձեռքը խփել սեղանին ու քննադատել ռուսական կայսրությանը, նույնը կարող է անել Նազարբաևը, իսկ Հայաստանը համավոր հարսի նման նստում ու լռում է: Եթե իմ պետության ղեկավարն իրեն այդպես է պահում, նշանակում է՝ այդպիսին է իմ պետության կեցվածքը: Եվ այսօր խոսել արդարացի դատավճռի, հանցագործության բացահայտման մասին… Ես բացառում եմ»,- ասում է թատերագետը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031