Գողությանն օժանդակելու հարցում մեղադրվող HSBC բանկի նախկին աշխատակից Աշոտ Առուշանյանի հարազատները այսօր սկսած հացադուլը անժամկետ են անցկացնում: Նրա հայրը`Լավրենտի Առուշանյանը, վստահեցնում է, որ որդու գլխին սարքել են, իսկ իրական մեղավորները վկայից տուժող են դառել.
«Տղաս անմեղ է, վարկածի հիման վրա դատել են ոչ թե Աշոտ Առուշանյանին, այլ ամբողջ հայ ազգին: Վարկածով մարդ չեն դատում»:
Նրա խոսքով, մինչեւ Սերժ Սարգսյանն իրենց չընդունի, իրենք չեն դադարեցնելու հացադուլը: Նա պնդում է, որ նախագահը պետք է իր վերահսկողության տակ առնի գործն ու գործը քննած քննիչին ու դատախազին, իսկ նախագահի հետ հանդիպման ժամանակ խոստանում է այս գործով մի շարք բացահայտումներ անել.
«Քննիչ Մուշեղ Ալեքսանյանի հայրը ոստիկանության գնդապետ է, եղանակ փոխող է, բայց պետք է բոլորը հավասար լինեն օրենքի առջեւ: Ես հրավիրում եմ հանրապետության բոլոր դատախազներին, եթե որեւէ մեկը մի ապացույց բերի տղայիս մեղավորությունը ապացուցող, ես պատրաստ եմ 15 տարվա ազատազրկման, եթե`ոչ, ապա անհապաղ ազատում Աշոտ Առուշանյանին»,- ասաց պարոն Առուշանյանը:
Կարդացեք նաև
Առուշանյանների փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն էլ ասաց, որ գործը Վճռաբեկ դատարանում է: Ըստ նրա, Առուշանյանին մեղավոր ճանաչելու միակ ապացույցը գործով մեկ այլ մեղադրյալի ցուցմունքն է հիմք ընդունվել, ցուցմունք տալուց հետո էլ այդ մեղադրյալը ինքնասպանություն է կատարել ու մահացել:
Նա պնդում է, որ Առուշանյանի դեմ ցուցմունք տված անձից ցուցմունքը կորզել են բռնությունների ու տղամարդկային արժանապատվությունը նսեմացնելու արդյունքում:
Մանրամասները`տեսանյութում
Հիշեցնենք, որ Աշոտ Առուշանյանը մեղադրվում է «Մանանա Գրեյն» ՍՊԸ փոխտնօրեն, տուժող Արմեն Մանուկյանի ավտոմեքենայից 56 միլիոն 400 հազար դրամի գողություն կատարելուն օժանդակելու մեջ: Նախաքննության մարմինը մեղադրել էր այս գործով ամբաստանյալ Էդգար Կարաքեշիշյանին գողության համար: Իսկ մյուս կասկածյալ Արտաշես Գալուստյանը դեռևս 2012-ին հոր հետ ինքնասպան է եղել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ