Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Համբարյանը` Վովա Գասպարյանին. «Ամեն ինչ աղոթքով չի լուծվում»

Հունվար 20,2015 17:40

«Նրանք, ովքեր սովորեցնում են, թե ինչպես իրենց պահեն, թող իրենք օրինապահ լինեն և հետո բարոյական իրավունք ունենան խոսել`ով ինչպես իրեն պետք է պահի»,-Aravot.am-ի հարցին` արդյոք ՀՀ ոստիկանապետին հարիր պահվա՞ծք էր այն, որ երեկ Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի մոտ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, անդրադառնալով գյումրեցի ցուցարարների զայրույթին ու պահվածքին` կապված Պերմյակովին ՀՀ օրենսդրությամբ պատասխանատվության ենթարկելու հարցի հետ, ասել էր, թե «Բորբոքված էին, թող գնային եկեղեցի մոմ վառեին, աղոթեին, խաղաղվեին», այսպես պատասխանեց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը:

Larisa-Alaverdyan

Նա հավելեց. «Գյումրեցիները մոմ վառելու ժամանակ մոմ են վառել, զայրույթն արտահայտելու համար` այլ ձևերով են գնացել դա արել: Մեծ քանակի ոստիկանական զորքեր Գյումրի ուղարկելու փոխարեն, ճիշտը նա է, որ մեր իշխանավորները պարզեն և ստեղծեն առնվազն այն հանձնաժողովը, որը պահանջում է ռազմաբազայի մասին պայմանագիրը»:

Gagik-Hambaryan

Գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանն այս առիթով ասաց. «Մեր ոստիկանապետը մի քիչ շատ հայտարարություններ է անում, լավ կլինի իրոք ոստիկանությունը ակտիվ գործի հանցագործին ձերբակալելու հարցում, այլ ոչ թե թույլ տա, որ ռուսական կողմը ՀՀ տարածքում այդ ճիվաղին ձերբակալի: Մեր ոստիկանապետը ուժեղ հավատացյալ է, Րաֆֆի Հովհաննիսյանի հետ գնում էին աղոթելու, որ հանգստացնեին, բայց ամեն ինչ աղոթքով չի լուծվում, ամեն ինչ աղոթքով կարգավորել հնարավոր չէ: Լավ կլիներ, որ ոստիկանապետը գլխավոր դատախազի հետ մեկտեղ լիներ Գյումրիում և հանդարտեցներ ժողովրդին ճանաչված գյումրեցիների` Շիրակի թեմի առաջնորդի, Շիրակի դատախազի, պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ, Գյումրիի հետ կապ չունեցող Զարուհի Փոստանջյանի հետ, որոնք մեծ ներդրում ունեցան մեծ բախումներ կանխելու առումով: Ոստիկանապետին պատիվ չի բերում նման հայտարարություններ անելը, լավ կլինի նա իրական հանցագործներին բացահայտի»:

Գյումրիում տիրող հակառուսական տրամադրությունների և ռուսների` խուճապի մեջ գտնվելու հարցին ի պատասխան Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր. «Չկա այդպիսի բան, չկա: Եթե դուք դրանից հաճույք եք ստանում, ես դրանից հաճույք չեմ ստանում»: Մեր այն հարցին` արդյոք նման հայտարարությունները վայե՞լ են ՀՀ ոստիկանապետին, պարոն Համբարյանը պատասխանեց. «Դա իր անձնական գործն է, և երկրի նախագահն ու վարչապետը թող որոշեն, թե ոստիկանապետին վայե՞լ է նման հայտարարություն անելը, կամ այդպես «խոսելը» ժողովրդի հետ»:

Գագիկ Համբարյանը չժխտեց, որ Գյումրիում տիրում են հակառուսական տրամադրություններ, ինչը ըստ նրա` բնական է. « Ինչու, երբ հայը հանցագործություն է կատարում, տեղի բնակիչները հայերին պատկանող երկու տասնյակից ավելի խանութներ ու սրճարաններ են ջարդում: Իսկ փոքրիկ Գյումրիում, որտեղ ռուս զինվորը մի ամբողջ ընտանիք է ոչնչացնում և գյումրեցիները տեսնում են, որ նա ՀՀ օրենքներով պատիժ չի կրելու, պիտի հանգիստ նստեն ու հակառուսական տրամադրություններ չլինեն: Հակառուսական տրամադրություններն ավելի շատ ժամանակավոր բնույթ կկրեն, և ռուսական կողմի համագործակցությունը մեր իշխանություններ հետ կմեղմի այդ տրամադրությունները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գայանե says:

    Վովա, եթե մի փոքր արժանապատվություն ունենայիր, հրաժարական կտայիր ու կկանգնեիր ժողովրդի կողքը : ՄԻ շաբաթ է` նախագահով ու կառավարությունով աղոթում ու խաղաղվում եք: Ամոթ, հազար ամոթ, ցուցարար ծեծող մլիցա:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031