Մեր ողջ ժողովրդի հետ, ամեն օր, ժամ առ ժամ հետևել եմ փոքրիկ Սերյոժային փրկելու բժիշկների փորձերին՝ մեծ հույս փափագելով, որ նրա ապաքինումը մխիթարանքի մի փոքր նշույլ կհաղորդի այս մեծ ողբերգությանը, որ հասավ Ավետիսյանների ընտանիքին, մեկ ընտանիք դարձած մեր ողջ ժողովրդին: Ի մեծ ցավ բոլորիս, Հայաստանի, Ռուսաստանի լավագույն մասնագետների բոլոր ջանքերով անգամ հնարավոր չեղավ կանխել ճակատագրի դաժան, անբացատրելի հարվածը:
Որ այս խորագույն ցավի մեղավորը կրելու է օրենքով իրեն հասնող խստագույն պատիժը՝ դրանում կասկած լինել չի կարող: Սակայն որքանով կարող է այն փոքր-ինչ մեղմել բոլորիս համակած վիշտը…
Այս ընթացքում Հայաստանից, Ռուսաստանից բազմաթիվ անկեղծ, ծայրահեղ հուզված, անսահման զայրույթով լի արձագանքներ եմ ստացել ոչ մի արդարացում չունեցող այս անկրկնելի ոճրագործության կապակցությամբ՝ բոլորը միակարծիք են: Ցավոք, ոչ մեկս չենք կարող հաղթել ճակատագրին:
Ինձ մնում է խորագույն վշտակցությունս հայտնել Ավետիսյանների ընտանիքի հարազատներին և բարեկամներին: Խոսք չկա բնութագրելու այն արհավիրքը, որը երբեք չի մոռացվելու՝ մնալով պատմության մեծագույն փորձություններով անցած մեր ժողովրդի կյանքում՝ որպես անմարդկային, անբացատրելի դաժանության անամոքելի ծանր վերք:
Կարդացեք նաև
Հերմինե Նաղդալյան
ԱԺ փոխնախագահ