Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինի կեղտոտ որոշումներից, թող հայերը հետևություններ անեն՝ ով է իրենց ընկերը. Գանապոլսկին՝ Գյումրու դեպքերի մասին

Հունվար 20,2015 16:52

Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի մահից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է շտապեր Հայաստան, ելույթ ունենար հայերի առջև, անձամբ վստահեցներ, որ կհետևի այդ հրեշի դատական գործին, հրահանգ կտար, որ ստուգեն Հայաստանում գտնվող ռուս զինվորականների հոգեկան վիճակը, բայց ամենակարևորը՝ ծաղիկներ դներ զոհվածների շիրիմներին, հունվարի 19-ին Ֆեյսբուքում գրել է ուկրաինացի լրագրող Մատվեյ Գանապոլսկին՝ անդրադառնալով հունվարի 12-ին Գյումրու Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանությանը, որի մեջ մեղադրվում է ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը:

«Ես երեկ արդեն խոսել եմ այս մասին «Էխո Մոսկվիի» եթերում: Դա ինձ անկեղծորեն զայրացրել է: Հայաստանը Ռուսաստանի վերջին ընկերն է: Ես հիմա չեմ անդրադառնա, թե որքանով է պարտադրված այդ ընկերությունը (մեկուսացում, Լեռնային Ղարաբաղ, գազ, տրանսպորտ, Մոսկվայի գործարար հայեր)», – գրում է նա, – «Եվ, ահա, ստահակը հայ ընտանիք է սպանում: Եվ այստեղ սկսվում է ռուսական իշխանության ամբարտավան կեղտը: Սկզբում ցավակցություն է հայտնում պաշտպանության նախարարը (ո՞վ է նա հայերի համար), հետո ռուսական հեռուստատեսությունները, որոնք ցուցադրվում են Հայաստանում, այդ դեպքի մասին որևէ բան չեն հաղորդում, չեն ցուցադրում բողոքի ցույցերը: Եվ միայն մեկ շաբաթ անց ընկեր Պուտինը «ցավակցություն է» հայտնում: Նրա խոսքերում նույնիսկ «կարեկցանք» չկար: Ու դեռ առաջարկում է վիրավոր երեխային բուժելու համար Ռուսաստան տեղափոխել: Եվ ահա, այսօր երեխան մահանում է»:

Շարունակելով՝ լրագրողը գրում է, որ փոխանակ Պուտինը գար Հայաստան, նա ուղարկում է ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին, որին Գանապոլսկին հեգնանքով անվանում է «ամենակարեկցող» ու «ամենաբարոյական» մարդ, որը «հայտնի է ճիշտ խոսքեր, ճիշտ վայրում ասելով (հիմնականում)՝ անտառում»:

«Վարպետորեն իրականացրած կրեմլյան կեղտոտ որոշում, իսկը՝ եղբայրական հայ ժողովրդի ընկերության և կարեկցանքի ոգուն համապատասխան», – գրում է նա ավելացնելով, որ այդուհանդերձ նա շատ ուրախ է, – «Թող հիմա հայերը մտածեն, թե ովքեր են նրանք, որոնք հավերժ ընտրության երդումներ են տալիս, որոնք միշտ հիշում են ընդհանուր պատմությունն ու կրոնը»:

Գանապոլսկին նաև ցանկանում է, որ հայերը դիտեն շաբաթավերջի ռուսական ամփոփիչ հաղորդումները, որտեղ, ըստ նրա, Հայաստանին ընդամենը երեք րոպե է տրամադրվելու, որտեղ Վլադիմիր Ժիրինովսկին պատմելու է, որ հայ ընտանիքին ամերիկացիներն են սպանել, իսկ աղմուկը բարձրացվել է, որպեսզի Հայաստանում «Մայդան» լինի:

«Իսկ հաղորդավարի կողքի գործիչները կհորջորջան հայ-ռուսական հավերժ և անկոտրում բարեկամությունից», – եզրափակում է Գանապոլսկին:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031