Գյումրիում կատարված սպանությունը ռուսաստանյան մեդիան (հիմնականում հեռուստաալիքները) լուսաբանեց այն բառապաշարով ու ոճով, որից ծորում էր անթաքույց մեծամտությունը:
Խոսքն առաջին հերթին բառերի, տերմինների ու հասկացությունների միտումնավոր լղոզման մասին է: Մեդիա մանիպուլյացիայի առաջին նշանը հստակ տերմինը էմոցիոնալ բառով փոխարինելն է: Ինչն էլ տեղի է ունենում ռուսաստանյան պատասխանատու մեդիայում: Եվ հետո այդ նույն լղոզումը շրջանառության մեջ է դնում հայաստանյան պատասխանատու մեդիան:
Օրինակ՝ երբ «հանցագործություն» բառն ամենուրեք դառնում է «ողբերգություն», այն միանգամից կորցնում է հստակ հասցեատիրոջը (կասկածյալներին, դատաքննչական կարգ իրականացնողներին, պատժամիջոցներ կիրառողներին) ու ձեռք բերում վերացական, հուզիչ, անգամ՝ տիեզերական իմաստ:
Հանցագործությունն իր սահմանումն ունի օրենսգրքում, իսկ ողբերգությունը՝ ոչ: Ողբերգությունը տեսանկյուն է, իսկ հանցագործությունը՝ գործողություն:
Կարդացեք նաև
Հունվարի 18-ին Կրեմլի բարձրախոս Դմիտրի Կիսիլեւը իր հեղինակային «Վեստի նեդելի» հաղորդման մեջ անդրադարձավ Գյումրիում կատարված սպանությանը (1:26- 1:29): «Կարծում եմ, որ ընդհանուր դժբախտությունը պիտի ավելի սերտ միավորի մեր ժողովուրդներին… Գյումրիի մղձավանջը մեր ընդհանուր ցավն է»,- ասաց նա:
Եթե «դժբախտության» կամ «մղձավանջի» փոխարեն ասվեր «գնդակահարություն եւ կտրող-ծակող գործիքով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ հասցնելը», պատկերն ավելի հստակ կլիներ, ու ավելորդ բառերի կարիք չէր լինի:
Ասենք՝ Կիսիլեւը ծանր հանցագործության համար մեղադրվողին չէր շտապի ներկայացնել որպես Ամերիկայում հիմնադրված ուղղափառ եկեղեցու բազմաթիվ աղանդներից մեկի հետնորդ: «Տեղի ունեցածը հակասում է Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների բնույթին, եւ հնարավոր է, որ հենց այդ պատճառով տեղի ունեցածը վայրենություն է թվում», – ասում է նա ու խոսքը տեղափոխում անտրամաբանական տիրույթ:
Ռուսական քարոզչության ծանր հրետանի Վլադիմիր Սոլովյովը միլիոնանոց լսարանին ասում է՝ «անկեղծ ցավակցություն եմ հայտնում» (կարծես ոչ անկեղծ էլ կարող է լինել ու այդ մասին հայտարարվել էկրանից): Հետո նշվում է՝ «եղբայրական հայ ժողովուրդը», «մեծն հայ ժողովուրդը»:
Պարզ է, որ երբ ցավն ու արդարության պահանջը գերակշռում են, բառեր ընտրելը բարդ է: Ցանկալի է մեդիայում դա անել առանց շրխկոցի ու օդի անիմաստ տատանումների:
Գյումրեցի ընտանիքի գնդակահարությունը ծանր հանցագործություն է, իսկ Հայաստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունն այս դեպքում ոչ թե «եղբայրներ» ու «դարավոր ընկերներ» են, այլ գործընկերային հարաբերություններ ունեցող պետություններ:
Ի վերջո, ընկերությունը սահմանում չունի (դա նույնպես տեսանկյուն է), իսկ Սահմանադրությունն ու պետական համաձայնագրերը փաստաթղթեր են, որոնց վրա հիմնվում են:
«Վլադիմիր Պուտինը վստահություն հայտնեց, որ ամենասեղմ ժամկետներում կանցկացվեն բոլոր քննչական գործողությունները, եւ մեղավորները կկրեն օրենքով նախատեսված պատիժը»,- ասված էպաշտոնապես:
«Պուտինը խոստացավ Հայաստանի նախագահին արագ արդարադատություն հաստատել վեց անձանց սպանության համար մեղադրվողների նկատմամբ». լուր հեռարձակվեց «Ռոսիա» ալիքը:
«Պուտինը վստահ է, որ մեղավորները կպատժվեն» վերնագրով նյութ տպագրեց «Իտառ-Տասը»:
«Մի մտահոգվեք, այդ հանցագործությունն անպայման կբացահայտվի… Ոչ մի փաստ չի կոծկվի»,- շարունակեց Վլադիմիր Սոլովյովը:
Ռուսաստանի մեդիայի այդ պնդումները նախ եւ առաջ հարց են բարձրացնում «խոստացավ», «վստահություն հայտնեց» բառերի օգտագործման առումով: Իսկ ինչու՞ պիտի գնդակահարության մեջ կասկածվող անձը ներկայացնող պետությունը վստահ լինի ու խոստանա մյուս կողմին պատժել եւ այն էլ սեղմ ժամկետում:
Հանցագործությունը չքաղաքականացնելու, կրքերը չբորբոքելու ու հայ-ռուսական դարավոր բարեկամությունը չսասանելու կոչերը շատ լավ տեղավորվում են քարոզչական լրագրության կանոններում:
Եվ եթե Գյումրիի հանցագործությունը պիտի անընդհատ հիշատակվի ողբերգություն բառի հետ, ապա ցանկալի է, որ այն իրոք ողբերգության մաս կազմող մաքրագործումն էլ ունենա: Եվ այդ մաքրագործումը պիտի սկսել՝ ճակատային ու վտանգավոր քարոզչություն իրականացնող ռուսական մեդիային ցավակցելով: Ու հուղարկավորելով այն:
Նունե Հախվերդյան
Նյութի մանրամասները կարդացեք media.am-ի կայքում
Օտար բառերի շքե՜՜՜րթ,,
մեդիա – ԼՐԱՏՈՒԱԿԱՆ ԴԱՇՏ, ԼՐԱՏՈՒԱՄԻՋՈՑ
տերմին – ԵԶՐ
մանիպուլյացիա – ՁԵՌՆԱԾՈՒԹԻՒՆ (լատ. manus – ձեռք)
էմոցիոնալ – ՅՈՒԶԱԿԱՆ
կիսիլեւ – ԿԻՍԵԼՅՈՎ (Киселёв)
– – – – – – –
Հայերէնում հարցական նշանը դրւում է ձայնաւորի վրայ: Ուստի պէտք է լինի ԻՆՉՈ՞Ւ, ոչ թէ ԻՆՉՈՒ՞
– – – – – – –
Ամենաբոցը ՀԵՏՆՈՐԴ բառն էր: Իսկ գուցէ ՀԵՏԵՒՈ՞ՐԴ 🙂
Պատճառը, որ բառի իմաստն աղաւաղուել է ու տարբերութիւնը չգիտէք, կոմունիստական ուղղագրութիւնն է 🙂
Դասական ուղղագրութեամբ այս բառերը գրւում են.
ՅԵՏՆՈՐԴ, որովհետեւ ԵՏ արմատն է (անգլ. behind):
ՀԵՏԵՒՈՐԴ, որովհետեւ ՀԵՏ (ՀԵՏՔ) արմատն է (անգլ. trace):
Այսինքն, ՀԵՏԵՒՈՐԴ նշանակում է «մէկի ՀԵՏՔԵՐՈՎ գնացող»:
Օրինակ՝ որեւէ ուսմունքի ՀԵՏԵՒՈՐԴ: