Լրահոս
Օրվա լրահոսը

«Նավակ ճոճողին» ծեծի ենթարկելու առնչությամբ դեռ գործ չի հարուցվել. «Շարունակելու ենք, դեռ մի բան էլ ավելի»

Հունվար 20,2015 16:37

«Այսօր պետք է վերցնեմ դատաբժշկի եզրակացությունը, հետո գնամ բողոք ներկայացնեմ, ինձ այսպես են ասել ոստիկանությունում»,-Aravot.am-ի հարցին` արդյոք իրեն ծեծի ենթարկելու փաստի առնչությամբ գործ հարուցվե՞լ է, այսպես պատասխանեց սոցիալական ցանցերում որպես «Նավակ ճոճողը» ներկայացող քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը:

Նշենք, որ ՀՀ ոստիկանությունը դեռ հետաքննություն է իրականացնում: Վիլեն Գաբրիելյանն ասաց, որ սպասում է քննիչի զանգին, հավանաբար այսօր կամ վաղը բողոք կներկայացնի ոստիկանություն, որի հիման վրա ոստիկանությունը գործ կհարուցի:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  երկու օր առաջ Երևանում ` Չարենցի դպրոցի մոտ դիմակավորված անձինք Վիլեն Գաբրիելյանին ծեծի էին ենթարկել:

Այնուհետև Վիլեն Գաբրիելյանը հայտարարեց, թե այս ամենի պատվիրատուն ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանն ու ոստիկանապետի տեղակալ Լևոն Երանոսյանն են, որը կատարել են Ֆեյսբուքում իրենց մասին իր հնչեցրած քննադատության պատճառով: Նա նաև տեղեկացրել էր, որ Արթուր Կիրակոսյան անունով մի օգտատեր իր հասցեին հայհոյանքներ է հնչեցրել և սպառնալիքներ տեղացել ու գրել. «Հերիք ա քեզ լպիրշ պահես այ սուտի «անաչառ» … Նոռմալ նստի տեղդ, թե չէ մի օր ստորին վերջույթներդ կպոկեմ…»:

Երեկ Վիլեն Գաբրիելյանի հնչեցրած մեղադրանքներին, թե ծեծի պատվիրատուն Վովա Գասպարյանն է, ՀՀ ոստիկանապետը այսպես էր պատասխանել.  « Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ իրականում ակտիվիստի հետ, եթե ոստիկանապետը որոշեր վրեժխնդիր լինել նրանից»:

Մեր հարցին` սա ոստիկանապետին վայե՞լ պատասխան էր, Վիլեն Գաբրիելյանն արձագանքեց. «Այստեղ վայելի խնդիր չէ, այլ հնարավորությունների: Իմ պատկերացրած նորմալ օրինական երկրներում այդ հնարավորությունը պիտի լիներ օրենքի սահմաններում, բայց ոստիկանապետը հրապարակային հայտարարում է, որ ինքը այլ հնարավորություններ էլ ունի՝ բացի օրինականից»:

Մեր այն հստակեցմանը` շարունակու՞մ է պնդել, թե պատվիրատուն Վովա Գասպարյանն ու Լևոն Երանոսյանն են և արդյոք հույս ունի՞, որ գործը բացահայտվելու է, Վիլեն Գաբրիելյանը պատասխանեց. «Հույս չունեմ, որ գործը բացահայտվելու է, քանի որ պատվիրատուն ոստիկանապետն է: Ոստիկանապետն ինքն առաջին հերթին պիտի ձեռնամուխ լինի բացահայտել գործը, թող գործը բացահայտի, որ ինքը ոչ մի կապ չունի, որևէ խնդիր չկա, ավելի ուրախ կլինեմ»: Հարցին` արդյոք այս միջադեպը կանդրադառնա՞ իր հետագա գործունեության վրա, մասնավորապես՝ Ֆեյսբուքում, Վիլենը պատասխանեց. «Ոնց արել ենք, այդպես էլ շարունակելու ենք, դեռ մի բան էլ ավելի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Վիլեն Գաբրիելյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031