Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ. հիմնական խոչընդոտներից մեկը ՀՀ համայնքների մասնատվածությունն է

Հունվար 20,2015 15:31

Հունվարի 20-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարության պատվիրակությանը: Այն գլխավորում էր Ժողովրդավարական հաստատությունների և կառավարման բաժնի ղեկավար Ալֆոնսո Զարդին: Եվրախորհրդի ներկայացուցիչները Հայաստան էին ժամանել  «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագրի շրջանակներում, և սա նրանց առաջին հանդիպումն էր ՏԿԱԻ նախարարի հետ:

Ողջունելով հյուրերին` նախարար Ա. Երիցյանը շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար.

–       Համոզված եմ, որ մենք միասին գնալու ենք առաջ: Ամսից քիչ ավելի է, ինչ նշանակվել եմ այս պաշտոնում, սակայն միշտ աշխատել եմ համայնքների հետ: Տեղյակ եմ, թե ինչ է արվել ինձանից առաջ, և վստահեցնում եմ, որ մենք շարունակելու ենք մեր աշխատանքները` հզորացնելով տեղական ինքնակառավարման մարմինները և ապակենտրոնացնելով կարողությունները: Համայնքների խոշորացումը մեր կարևոր խնդիրներից է, և այդ հարցը գտնվում է վարչապետի հսկողության ներքո:

ԵԽ պատվիրակության ղեկավար Ա. Զարդին պատասխան խոսքում շեշտեց, որ ՀՀ կառավարության հետ կա երկարատև ու արդյունավետ համագործակցություն և հույս հայտնեց, որ այն շարունակական կլինի.

–       Երկար ժամանակ այստեղ աշխատելով և վերլուծելով իրականացված ծրագրերի արդյունքները, մենք կարծում ենք, որ հիմնական խոչընդոտներից մեկը ՀՀ համայնքների մասնատվածությունն է, և դրանց խոշորացումն ավելի արդյունավետ կդարձնի համայնքների կառավարումն ու զարգացումը:

Համաձայնելով գործընկերոջ հետ և օրինակ բերելով «911» ծառայությունում սայլակավոր հաշմանդամներին աշխատանքի ընդունելու փորձը` ՏԿԱԻ նախարարը նշեց, որ Հայաստանի 915 համայնքից յուրաքանչյուրին պետք է անհատական մոտեցում ցուցաբերվի` անձնապես պետք է հանդիպել համայնքների ղեկավարների ու բնակիչների հետ, հաշվի առնել նրանց կարիքներն ու խնդիրները, ինչպես նաև արդեն իսկ իրականացվող պիլոտային ծրագրերի ու ներդրումների միջոցով ցույց տալ, որ համայնքների խոշորացումը զարգացման տեսակետից ճիշտ ու շահավետ տարբերակ է:

Հանդիպման ընթացքում ԵԽ ներկայացուցիչները նշեցին, որ Հայաստանը ցանկություն է հայտնել իրականացված ծրագրերից հետո անցկացնել նաև արդյունքների մոնիթորինգ, ինչը շատ բարձր է գնահատվում և վկայում կառուցողական փոխգործակցության մասին:

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031