Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմանկար-Մոնթե Մելքոնյան

Հունվար 20,2015 15:10

Դարերի ընթացքում հայ ժողովուրդը հերոսների մի աստղաբույլ է      

                 տվել և Մոնթե Մելքոնյանը (Ավոն) բացառիկներից մեկն

                   է, ով ոչ միայն հերոս է, այլ՝ հերոսների հերոս…

Հազարամյակների ընթացքում հայ ժողովուրդը բազմաթիվ պատերազմներ է տեսել, անցել է տարատեսակ մացառուտներով ու քարքարոտներով, կրել է անասելի տառապանքներ, տվել է միլիոնավոր զոհեր և արյան գնով հասել մինչև մեր օրերը: Խոնարհվում եմ բոլոր զոհերի, հերոսների հիշատակի առջև: Այստեղ չի խոսվելու նրանց մասին, առավել ևս, որ անհնար է մեկ փոքրիկ նյութում խոսել բյուրավոր հատորների պարունակություն ենթադրող թեմայի մասին: Սակայն, չեմ կարող գոնե չբարձրաձայնել, որ նրանք երկնքի մեր փարոսներն են և առանց նրանց արեգակը, լուսինն ու աստղերը միասին վերցրած, չեն կարող այնքան լույս արարել, որպեսզի հայ ժողովրդի ճանապարհը մշտապես լուսավոր լինի: Հավերժ փառք նրանց…

Այստեղ խոսք կգնա հայ ժողովրդի վերջին՝ Ղարաբաղյան պատերազմի և նրա առյուծ հերոսներից մեկի՝ Մոնթե Մելքոնյանի մասին:

Մոնթեն դեռ մանկուց, արյան կանչով էր զգում, որ Տիրոջ կողմից մարդ արարածին տրված չէ ավելի մեծ երջանկություն, քան գիտակցված մահը՝ հանուն հայրենիքի: Այդպես լինում է միայն մի դեպքում, երբ մարդն ու հայրենիքը մի անբաժանելի ամբողջություն են՝ տարալուծված միմյանց մեջ: Դեռևս պատանի տարիներին էր Մոնթեն հասկացել, որ հայրենիքը լոկ տարածք չէ, այն նաև կյանք է, հոգի է, մարմին է, լույս է, հույս է, երազանք է, պատիվ է, օրրան է, արյուն է, պատասխանատվություն է, նամուս է…: Հանգամանքների բերումով, հայրենիքից ֆիզիկապես հեռու ծնված ու ապրած Մոնթեն անվերապահորեն միաձուլված էր հայրենիքին: Աշխարհի վրա ապրող յուրաքանչյուր ժողովուրդ, ազգ, ցեղ պիտի երազեր Մոնթեի տեսակի մի քանի որդի ունենալ, քանզի դա նրանց անպարտ մնալու և պատվով ապրելու բացառիկ երաշխիքներից մեկն է: Դժվար է երևակայել հպարտության ավելի մեծ զգացում, քան այն, երբ քո ազգակիցը Մոնթեի տեսակն է: Հայ մարդու կյանքը՝ աներկբայորեն իմաստավորված է նաև Մոնթեների գոյությամբ…

Նա եկավ Չարենցյան հեռուներից…: Եկավ անպատվությունից փրկելու և անարատ պահելու իր նախնիների՝ սրբության-սրբոց արգանդը: Անբացատրելի, զուտ արյան կանչով եմ զգում, որ նա գալիս էր՝ պատրաստ զոհվելու և իր սուրբ արյունը խառնելու Հայոց սուրբ հողին: Նա ուզում էր իր արյունով լվանալ Հայոց արգանդը և այնտեղից մաքրել սրբապիղծների արյան հետքերը: Մոնթեն քաջատեղյակ էր, որ արյունն է այն եզակի զենքերից մեկը, որով հնարավոր է հաղթել թշնամուն: Երբեմն՝ հենց մեկ մարդու արյունն է որոշիչ լինում հայրենիքի փրկության համար և այդ առաքելությամբ էլ եկել էր Մոնթեն: Նա գալիս էր փրկելու հայի պատիվը: Նա մեղավորի պես էր գալիս, քանզի չէր կարողացել փրկել Հայոց Մեծ Եղեռնի ժամանակ զոհված մեկուկես միլիոն ազգակիցներին: Զոհի զրահը հագին, միտքը հառած Աստվածներին, հոգին լցված նախնիների կանչով, նա գալիս էր իր տուրքը տալու բոլոր ժամանակների՝ անցյալի, ներկայի և ապագայի հայությանը: Նա գալիս էր սրբվելու և սրբացնելու Հայոց հողը: Մոնթեն գալիս էր՝ մեջքը հենարան դարձրած, որպեսզի կռվող տղաներն ամուր հենվեին իր վրա և առյուծացած հաղթեին թշնամուն: Մոնթեն եկել էր, որ իր արյունը ներարկեր և նորովի պարարտություն բերեր Հայոց վիրավոր հողին: Նա գալիս էր կռվելու և տղաներին վարակելու այդ արվեստով: Մոնթեն իր անցած ճանապարհով գիտեր, որ կռվի դաշտում ևս նախանձ ու խանդ կա և կռվի ամենաթեժ պահերին անգամ, իր հոգու ընդգրկուն սավանով աննկատ ծածկում ու հնարքով իր մեջ էր կլանում այդ բացասական դաշտերը, որպեսզի տղաները չառնչվեին այդ վտանգավոր և տարանջատման աղբյուր հանդիսացող անձապաշտական ինտրիգների հետ: Նրա հոգին ալեկոծված էր, ներսում մշտապես կռիվ էր, որն արվեստով թաքցնում և արտաքնապես տալիս էր այն նույն կռիվը, որը տղաներն էին տալիս: Նա չափազանց նրբորեն և զգույշ էր անում իր ամեն քայլը, որպեսզի տղաները նրա մոտ՝ որևէ առավելություն չնկատեին իրենց նկատմամբ: Երբ կռվի օջախներն աճում էին և պահը վճռական էր դառնում, նա կարծես հալվում, մասնատվում և իր ամեն մասնիկը՝ մի ամբողջ դարձրած, հասցնում էր միաժամանակ, ճիշտ պահերին լինել ճիշտ տեղերում՝ կռվի ամենաթեժ կետերում և ճարպկորեն կասեցնել թշնամու սանձազերծած բազմավեկտոր հարձակումները: Այդ ամենը նա անում էր անասելի վարպետությամբ, հրամանատարի իր փայլուն գործողությունները մատուցելով՝ որպես հերթական, սովորական քայլեր, որպեսզի տղաներն իր արարքների խորքում որևէ արտառոց բան չտեսնեն: Նրա հոգում անընդհատ մակընթացությունների և տեղատվությունների տարափ էր, իսկ նրա գործողություններն այնքան սահուն ու վճռական էին, որ իր հետ՝ ուս-ուսի կռվողները անբնական ոչինչ չէին նկատում նրա արարքներում: Աստվածները ժլատ չէին և Մոնթեի պատերազմական աղոթքները՝ մեկը մյուսի ետևից իրականություն էին դարձնում: Նա Փյունիկի նման հառնել և պատերազմի ողջ դաշտը՝ կարծես տեղափոխել էր իր հոգու ներսը: Պատերազմական սուր գործողություններին զուգահեռ, Մոնթեն սառնասրտորեն կառավարում էր նաև իր ներսում ընթացող փոթորկոտ իրադարձությունները: Նրա կողմնորոշումներն ակնթարթային էին ու անվրեպ: Նրա անհանգստությունը մեկն էր. հանկարծ…, ու տղաները մենակ չմնան՝ չորբանան: Այդ անհանգստությունն էր, որ նրան շարունակական զգոնություն էր հաղորդում: Մոնթեն իրավունք չուներ սխալվելու: Նրան վստահում էին: Լինելով չափազանց համեստ անձնավորություն, հայրենիքի նկատմամբ սերը և ամեն վայրկյան զոհվելու պատրաստ համարձակությունն այնքան էին ամրացրել նրան, որ նա իրեն վերագրել էր չափազանց բացառիկ մի լիազորություն՝ իրեն պատասխանատու էր համարում բոլոր կռվողների ու չկռվողների երեխաների պատվով ապրելու, նրանց վաղվա հպարտ ու երջանիկ ապրելու հնարավորությունը ձոնելու համար: Հավանաբար, նա Տիրոջը խնդրել և նրանից ժամանակավորապես փոխառել էր այդ լիազորությունը: Պատերազմական թոհուբոհի ճակատագրական պահերին, դա միակ հնարավորությունն էր՝ տղաներին պահապան լինելու և տիեզերական ոգու ուժով նրանց առաջնորդելու դեպի նպատակակետ ու հետագայում ձոնելու ողջ հայության հաղթանակը…

Նրա ներկայությունը՝ արևի ճառագայթների նման թափանցեց և ջերմացրեց ողջ հայության սիրտը ու ոգու մեծ ուժ տվեց մեր հերոսական ժողովրդին, ճակատագրի հեգնանքով՝ չափազանց հաճախ բաժին հասած, հերթական կռիվը հաղթելու համար: Նա հրաշալիորեն տեղյակ էր, որ ցանկացած կռվում՝ հաղթանակի գրավականը ոգին է: Տերն ամեն ծնունդ իմաստավորում է յուրովի առաքելությամբ և Մոնթեն հաստատ տեղյակ էր դրանից ու պարտավորված էր սրբորեն կատարելու իր առաքելությունը…:

Մոնթեն հաղթեց ու ընկավ…: Մոնթեի տեսակը՝ այլ կերպ մեռնելու իրավունք՝ պարզապես չուներ…:

Թող տպավորություն չստեղծվի, որ Մոնթեն միայն պատերազմի՝ հայրենիքի ծանր վիճակում կռվող, պայքարող, թշնամուն սարսուռ պարգևող, մարտական ընկերներին հուսադրող, միաբանող, ոգի տվող, հայրենիքն՝ ամբողջությամբ իր մեջ կրող և նրա ամեն մասնիկի վրա դողացող, ազգի պատիվն ամեն ինչից վեր դասող… տիեզերական համեստության և նույնչափ Մեծ ոգու տեր մարդն է: Ժամանակի և տարածության անվերջության մեջ լինում են, կան և դեռ ծնվելու են մարդիկ, ովքեր աշխարհ են գալիս՝ Տիրոջ կողմից ընծայված հատուկ առաքելությամբ: Նրանք Տիրոջ ընտրյալ դեսպաններն են երկրի վրա: Նման մարդկանց՝ վառ օրինակներից մեկը Մոնթե Մելքոնյանն է:

Նա եկավ խաղաղեցնելու, հանդարտացնելու, հերոսության, հպարտության, պարկեշտության, բարության օրինակ ծառայելու բոլորիս համար: Նա եկավ՝ մեզ լցնելու իր կերպարով, մեզ մաքրելու և մտածել տալու անցյալի, ներկայի և ապագայի մասին՝ որպես մեկ ամբողջության: Նա եկավ սովորեցնելու, թե ինչպես կարելի է զսպել և մարդկային եսը փրկել սանձարձակումից: Նա իր օրինակով պարզորոշ մատուցում էր բոլոր մարդկանց՝ հավասար լինելու խորհուրդը և անհանդուրժողաբար անարգանքի սյունին գամում, պախարակում՝ թեկուզ մեկ մարդու՝ մյուսների նկատմամբ բարձր երևալու մեղսալից արարքը: Նա պատերազմի ժամանակ իր պահվածքով, մեզ սովորեցնում էր հասկանալու խաղաղության գինը, ամեն ծառի ու թփի համար պայքարով՝ հայրենիքի գինը, մարդկանց հետ հարաբերվելու կերպով՝ մարդու արժեքը: Նա ճշմարիտ քրիստոնյա էր և իր տեսակով՝ կողքիններին վարակում էր լոկ քրիստոնեական արժեքներով, որը մեկ բառով ասած՝ ոչ այլ ինչ է, քան սերը: Այո, Մոնթեն Տիրոջ սերն էր տարածում Հայաստան և Արցախ աշխարհում:

Նրա հրեղեն քայլերի շարանը մայր հողի վրա անվերջանալի և անգնահատելի հետքեր է արարել, որը սերունդներին գոտեպնդելու է՝ Տիրոջ կողմից ընծայված արևային Հայոց երկիրն ամուր պահելու, ուրիշների կողքին պատվով ապրելու և երկիրը հպարտորեն առաջ տանելու առաքելությամբ: Հերոսության, բարության, համեստության, նվիրվածության, հավատարմության այն մեծ պաշարը, որ Մոնթեն շաղ տվեց Արցախ աշխարհում, հենց այն հավերժող սերմն է, որը պետք է ծիլեր տա յուրաքանչյուր հայի հոգում, որի պտուղները՝ որպես մեր հոգու միջավայրի արդյունք, պետք է մեզ պարգևեն պատվով ապրելու, հպարտությամբ առաջնորդվելու առաքինություն: Աստված մի արասցե, եթե մոլորվենք ու ուրանանք այդ սերմերի՝ արիական լինելու մոգական ուժը և դավաճանենք նրանց, այդ դեպքում ժամանակի առանցքը հաստատ դատարկ կմնա այն հատվածից, որի ընթացքում հայ ժողովուրդը ևս մեկ անգամ պետք է հնարավորություն և իրավունք վաստակի՝ ծածանելու Հայոց պետականության սրբագույն դրոշը: Պատասխանատվությունը շատ մեծ է: Տերը մեզ անսահման զգոնություն է պարգևել, որպեսզի վայրկյան անգամ չմոռանանք հետևյալ պարզ իրողությունը. Տերը բարեգութ է, բայց և՝ ճշմարիտ:

Մոնթեն իր օրինակով վարակեց մեզ՝ վերականգնելու հայի կորցրած հավատը և փառք Տիրոջը՝ Արցախ աշխարհի ժողովրդի այսօրվա պահելակերպը՝ դրա վկայություններից մեկն է: Մոնթեն դանդաղ եկավ, սակայն կայծակնային «վարակով» մաքրեց մեզ և գնաց երկինք՝ իր խոհեմ, զգոն հայացքով հսկելու և պահապան լինելու մեր անվտանգ ու հաղթական երթին: Համոզված եմ, որ նա բազմելու է բոլոր ժամանակների՝ հավերժող երևելիների անդաստանում:

Մոնթեի մասին կարելի է հատորներով պատմել և միևնույն է, այն ավարտուն չի լինի, քանզի նրա հոգու սլացքը հավերժ է: Նա համեստորեն, իր տեղն է զբաղեցնում հայ ժողովրդի պահապան հրեշտակների շարքում, որտեղ ևս ժրաջան կերպով շարունակում է իր սկսած վեհ գործը:

Որքան էլ փորձում եմ տրամաբանական ավարտին հասցնել այս փոքրիկ պատումը, որպեսզի հանկարծ չկորցնեմ նրա բովանդակային թելը, այնուամենայնիվ հոգուս խորքում մի միտք ինձ հանգիստ չի տալիս և այլևս անզոր եմ դիմակայելու՝ անասելի ուժով դուրս ժայթքող և սրբերի շուրթերից երկնքից իջնող՝ ձյան փաթիլների մեղմիկ շշնջացող երգին. Մոնթեն սուրբ է…, Մոնթեն սուրբ է…

Համոզված եմ, որ ժամանակը նրան անպայման դասելու է սրբերի շարքին…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. gohar says:

    Ապսօս, հազար ապսօս․․․․․․․․․․․․․․․:((((((((((((

  2. Շատ լավ հոդված էր, շնորհակալություն հեղինակին: Բայց միևնույն է, Մոնթեի կերպարը մեր իրականությունում լիարժեք չի լուսաբանվում: Եվ ոչ միայն Մոնթեի…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031