Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը չհասցրեց վկաների հարցաքննությունը սկսել, քանի որ «Բանդա 2-ի» գործով ամբաստանյալ Հայկ Կոջոյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը հանդես եկավ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությամբ:
Պաշտպանը ասաց, թե դատավորը իր հարցերի միջոցով այնպես է ուղորդում վկաներին, որ նրանք հարմարեցնում են իրենց նախաքննության ժամանակ տրված ցուցմունքները:
Պաշտպանը վկայակոչեց նախորդ նիստում վկա Գայանե Պողոսյանի հարցաքննությունը, ինչի արդյունքում վկան տվել է այնպիսի ցուցմունք, որը «հարմարվել» է նախաքննության ժամանակ տրվածին:
Ըստ պաշտպանի, դատավորը բացի այդ կայացրել է չպատճառաբանված դատական ակտեր, ինչ ՍԴ-ի կողմից հակասահմանադրական է համարվում:
Կարդացեք նաև
Ինքնաբացարկի հիմքերից մեկն էլ այն էր, որ ըստ պաշտպանի դատարանը բերման որոշում է կայացրել, դիմելով ՀՀ ոստիկանության պետի տեղակալին, ինչի իրավունքը չուներ:
Այս միջնորդությանը միացան պաշտպաններ Լիպարիտ Սիմոնյանն ու Մուշեղ Շուշանյանը:
Դատախազն ասաց, որ ինքնաբացարկի հիմք չկա, որ իրենք՝ մեղադրանքի կողմն է շահագրգռված ստանալ այն ցուցմունքը, ինչը վկաները տալիս են նախաքննության ժամանակ, եւ «ստանում էլ են»:
Ինքնաբացարկի միջնորդություն արած պաշտպանը հայտարարեց, որ մտահոգիչ է դատախազի ասածը:
Դատավորը խորհրդակցական սենյակում է:
Հիշեցնենք, որ խմբի անդամները Ռաֆայել Հարոյանի գլխավորությամբ մեղադրվում են տարադրամի փոխանակման կետերը մտնելու, դրանց աշխատակիցների վրա հարձակվելու, կրակելու, բանկերից մեկի միջոցով գումարներ հափշտակելու համար: