Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկում է նախկին ոստիկանապետի եւ քննչական բաժնի պետի նախկին տեղակալի դատը

Հունվար 20,2015 14:51

Հունվարի 23-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում սկսվելու է ոստիկանության Իջեւանի բաժնի նախկին պետ Անդրանիկ Ազիբեկյանի, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի բաժնի պետի նախկին տեղակալ Արտակ Ավետիսյանի եւ իջեւանցի գործարար Անդրանիկ Խոջումյանի դատավարությունը:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Իջեւանի բնակիչ, 1965թ. ծնված Ա. Խոջումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. ապրիլի 1-ի ժամը 24-ի սահմաններում Իջեւանի «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի տարածքում, անձանց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի զուգորդմամբ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորել հասարակության նկատմամբ: Դա արտահայտվել է օրինական կերպով Խոջումյանին ամրակցված եւ հրազեն հանդիսացող «Սայգա» տեսակի ինքնաձիգով, համալիրի բակ եկած Աշոտ Այդինյանի եւ Արսեն Չապուխյանի ուղղությամբ կրակոցներ արձակելով, ինչի հետեւանքով իրական վտանգ է ստեղծվել նրանց կյանքի եւ առողջության համար: Ա. Խոջումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով:

Կոթի գյուղի բնակիչ, 1972թ. ծնված Անդրանիկ Ազիբեկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով ոստիկանության Իջեւանի բաժնի պետ, կատարված հանցագործությունների հայտնաբերման, ստացված հաղորդումների, ահազանգերի ընդունման, գրանցման, քննարկման համար պատասխանատու անձ, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Ավետիսյանի հետ նախնական համաձայնությամբ, իրենց մտերիմ, սպառնալիքի եւ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարած Անդրանիկ Խոջումյանին օգնելու, վերջինիս քրեական պատասխանատվությունից զերծ պահելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, դեպքի առթիվ քրեական վարույթի կապակցությամբ պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել ծառայողական պարտականությունները: Դրա հետեւանքով էական վնաս է պատճառվել Իջեւան քաղաքի բնակիչ Աշոտ Այդինյանի իրավունքներին, պետության օրինական շահերին, անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ՝ սպանության փորձ կատարելու մեջ ակնհայտ անմեղ Աշոտ Այդինյանը ենթարկվել է քրեական պատասխանատվության, վերջինիս մեղադրանք է առաջադրվել առանձնապես ծանր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ, նա կալանավորվել եւ շուրջ 5 ամիս պահվել է անազատության մեջ:

Նման մեղադրանք է առաջադրվել նաեւ Արտակ Ավետիսյանին, Ազիբեկյանը եւ Ավետիսյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով:

Ա. Խոջումյանի, Ա. Ազիբեկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, Ա. Ավետիսյանի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031