Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոստիկանական լրացուցիչ ուժերը Գյումրի են տարել՝ փոքրիկ Սերյոժայի մահվանից հետո կարգուկանոն պահելու համար

Հունվար 20,2015 14:49

Աբովյանի եկեղեցում Գյումրիի սպանդից տուժած փոքրիկ Սերյոժայի հիշատակին մոմավառությունից հետո ԲՀԿ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում կոչ արեց քաղաքական ուժերին, գործիչներին, որ յուրաքանչյուր հայտարարություն անելիս չափազանց զգույշ լինեն. «Բոլորը գիտեն, որ ժողովուրդը դժգոհ է, բորբոքվածություն կա մարդկանց մեջ, ուրեմն պետք է հաշվի առնել այդ ամեն ինչը եւ հայտարարություններ անելիս զգուշավորություն ցուցաբերել»:

Հարցին՝ խնդիրը հուզմունքի մասին չէ, իրավական առումով այդտեղ խնդիր չկա՞, չէ՞ որ Պերմյակովին բռնել են սահմանի վրա ու հետո ՀՀ սուվերեն տարածքով ռուս զինվորականները տեղափոխել են զորամաս, եւ այդ հարցը բաց է՝ Մարտուն Գրիգորյանը պատասխանեց. «Իրավական առումով պետք է իշխանությունները պատասխան տան: Այդ հարցը բոլոր լրատվամիջոցներով բարձրացվում է եւ պատասխանը չեն տալիս: Եթե այդ հարցի պատասխանն իրենք չեն կարող տալ, մենք ի՞նչ ասենք»:

Մեր հարցին՝ իշխանությունների պահվածը ստեղծված իրավիճակին համարժե՞ք էր՝ Մարտուն Գրիգորյանը պատասխանեց. «Մասամբ»:

Մեր հարցին՝ մարդիկ բողոքում են, որ Սերժ Սարգսյանը կարգին ցավակցություն չհայտնեց, սգո օր չհայտարարեց, այս ամենը նպաստե՞ց Գյումրիում լարվածությանը՝ նա պատասխանեց. «Սգի օրվա հետ կապված չեն կարող բան ասել, բայց ցավակցական ուղերձ եղել է»:

Մարտուն Գրիգորյանը պարզաբանում տվեց, թե երեկ ինչու էր ոստիկանությունը նոր ուժեր մտցրել Գյումրի: Հարցին, թեեւ ոստիկանությունից ասում են, որ ընդամենը հերթափոխ է տեղի ունեցել, բայց մարդիկ տեսել են, որ ավտոբուսներով ոստիկանների են տեղափոխում, ո՞րն էր դրա նպատակը, ինչո՞ւ էին լրացուցիչ ուժեր տանում՝ նա պատասխանեց. «Գիտեք, մեր փոքրիկը մահացավ, այսօր հոգեհանգիստն է լինելու, վաղը՝ թաղման արարողությունը: Ինչպես զոհերի ժամանակ ամբողջ Գյումրին ոտքի էր ելել, նաեւ այս անգամ էլ սպասվում է մարդաշատ լինել եկեղեցու տարածքում: Եվ կարգուկանոն պահպանելու համար, բնականաբար, պետք էր շատ ոստիկանություն: Ես երեկ մարզային ոստիկանությունում եմ եղել, ոստիկանապետի հետ էլ եմ զրուցել՝ պարոն Գասպարյանի հետ, հիմնական մեկնաբանությունն այդ է, որ անվտանգություն պետք է պահպանվի»:

Հարցին, այսինքն, կանխատեսվում էր, որ պետք է բախումնե՞ր լինեն՝ նա պատասխանեց. «Այդպիսի կանխատեսում չկար: Այդտեղ էլ, մարզպետարանում էլ քննարկում է եղել, թե ինչ կարող է լինել, ինչ կարող է չլինել: Նմանատիպ մտավախություն այս պահի դրությամբ գոնե չկա: Մենք պետք է հաշվի առնենք, որ դա մեր սուգն է եւ պետք է հարգվի մեր սուգը, չքաղաքականացվի այդ ամեն ինչը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031