«Խնդիրը մեկն է՝ չփորձել նորից սկսել քաղաքական շահարկումները, սադրանքները»,- այսօր՝ հունվարի 20-ին, «Տեսակետ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Ավետիսյանների ընտանիքի սպանությանը, հայտարարեց ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը:
Նա համարում է, որ չի կարելի սուգն օգտագործել քաղաքական ամբիցիաների համար. Այս պարագայում սադրանք կազմակերպելը հղի է առավել մեծ վտանգներով: Հարցին, թե ովքեր են այդ սադրիչները, պարոն Ավետիսյանը հրաժարվեց պատասխանել. «Գիտեմ, բայց չեմ ուզում հիմա ասել, պետք չէ, որ նման մարդկանց անունները տամ: Ես շատ լավ գիտեմ, համապատասխան մարմիններն էլ գիտեն, բայց արժանի չեն նրանք, որ իրենց անունները հրապարակեմ»:
Նա չի կարծում, որ նման միջադեպեր կկրկնվեն Գյումրիում. «Գյումրեցիները ազդեցության տակ ընկան այդ դրսից եկածների խելքին: Առավել եւս Գյումրին դարեր շարունակ ռուսների հետ է եղել, ռուս զինվորների հետ է եղել, եղել են տարբեր միջադեպեր, բայց երբեւէ նման վայրագություն չի եղել, նման սրացում չի եղել: Կարծում եմ՝ պետք է ամեն ինչ անել, որ ամեն մարդ իր տեղում զուսպ լինի, ժամանակը պետք է հարթի լարվածությունը: Մենք ռուսների հետ էլ ենք հանդիպումներ ունեցել, խոսել ենք, որ իրենք իրենց մեջ մի փոքր կարգ ու կանոն հաստատեն, հատկապես այս օրերին»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Սուքիաս Ավետիսյանը համարում է, որ կատարվածը չի կարող ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա, որովհետեւ, ըստ նրա, բոլոր կողմերը դեպքերին ճիշտ գնահատականներ էին տալիս: Նրա կարծիքով՝ չպետք է Պերմյակովի արարքը ազդի երկու երկրների դարավոր հարաբերությունների վրա:
Անդրադառնալով հարցի իրավական կողմին՝ Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ բացառված չէ, որ երկու վճիռ կայացվի. «Այստեղ երկու գործ կա՝ մեկը դասալքության գործն է, դա իրենց խնդիրն է, մյուսը՝ սպանության գործն է: Բացառված չէ, որ վաղը երկու վճիռ կայացվի՝ մեկը Ռուսաստանի օրենքներով, մեկը՝ Հայաստանի քրեական օրենսգրքով: Բայց թեկուզ ցմահ բանտարկություն տան՝ նրան քիչ է. յոթ հոգու կյանքը հետ չես բերի: Ցանկացած պատիժ այդ մարդու համար քիչ է»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ