Լրահոս
Օրվա լրահոսը

Թոշակառուներ ունենք, որոնց օրական 800 դրամ էլ բաժին չի ընկնում

Հունվար 20,2015 14:35

Հայաստանում տարիքային կենսաթոշակառուն օրական ապրում է 1266 դրամով:

Այս թիվը ստանում ենք, երբ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակած տվյալը` 38 հազար դրամը բաժանում ենք մեկ ամսվա օրերի քանակի վրա: 38 հազար դրամը, սակայն, միջինացված ցուցանիշն է, այսօր մեր երկրում կան թոշակառու մարդիկ, որոնց թոշակը 20-22 հազար էլ չի կազմում: Այսինքն` այս պարագայում, այդ մարդկանց օրվա ապրուստը 800 դրամ էլ չի հասնում:

Այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում ԱՎԾ-ի սոցիալական ապահովության եւ բնապահպանության բաժնի պետ Նելլի Բաղդասարյանն ամփոփելով անցյալ տարվա տվյալներն՝ ասաց, որ 2014-ի հուլիսի 1-ի դրությամբ, մեր երկրի կենսաթոշակառուների քանակը կազմել է 463 հազար 331 մարդ, որից աշխատանքային կենսաթոշակառուները 458 հազար 497-ն են, զինծառայության հետ կապված թոշակ են ստանում 4 հազար 834 մարդ:

Ըստ տիկին Բաղդասարյանի, երեխայի ծննդյան միանվագ նպաստը անցյալ տարվա հունվար-հունիս ամիսներին ստացել են 12 հազար 880 ընտանիք, սակայն նշանակված նպաստների քանակը կազմել է 13 հազար 340 մարդ:

Հանրապետությունում 102 ընտանիք գումար է ստացել 5-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխա ունենալու համար:

ԱՎԾ-ի գյուղատնտեսության բաժնի պետ Արսեն Ավագյանն ասաց, որ անցյալ տարի պտուղներից արտադրության մեջ ամենաշատն օգտագործվել է խնձորը, տանձը, սերկեվիլը:

2014-ի մարտ ամսվա վերջին օրերին, ցրտահարությունով պայմանավորված, պտղի ծավալները նախորդ տարվա համեմատությամբ 13 տոկոսով նվազել են: Մասնավորապես տուժել է ծիրանի բերքը: Ըստ նույն աղբյուրի, մեր երկրում գյուղատնտեսական համախառն արտադրանքը, հունվար-նոյեմբեր ամիսներին, կազմել է 920 մլրդ 723 մլն դրամ` նախորդ տարվա համեմատ ավելանալով 6.5 տոկոսով: Բուսաբուծության ոլորտում աճը կազմել է 5.8 տոկոս, անասնաբուծության ոլորտում` 7.8 տոկոս: Ձկնաբուծության աճը 11 ամիսներին կազմել է 27.7 տոկոս: Պտղի արտադրության ծավալներն անցյալ տարի կազմել են 290 հազար տոննա, 3013-ին` 330 հազար:

Պարոն Ավագյանն ասաց, որ տարեկան տվյալները դեռեւս չեն ամփոփվել, այդ պատճառով էլ, ըստ մարզերի, ցուցանիշներ չկան:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031