Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Հացպանյան. «Գյումրիում տեղի ունեցած սպանությունը ուղղակիորեն կապված է Պուտին-Էրդողան հանդիպման հետ»

Հունվար 20,2015 14:17

Հրապարակախոս-վերլուծաբան Սարգիս Հացպանյանն այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում հայտարարեց, որ Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի ողբերգական սպանությունը անմիջականորեն կապված է նոյեմբերին տեղի ունեցած Պուտին Էրդողան հանդիպման հետ։ Նշենք, որ այդ հանդիպման ընթացքում համաձայնագիր էր ստորագրվել, որի արդյունքում Ռուսաստանը լրացուցիչ գազ կմատակարարի Թուրքիային, իսկ հունվարից Թուրքիայի համար գազի գինը իջեցվել է վեց տոկոսով։

«Ես ասել էի, որ այդ հանդիպումից տուժողը պետք է լիներ Հայաստանը։ Ռուսաստանը Հայաստանում ունի ռազմական ներկայություն, ոչ թե քաղաքական կամ տնտեսական։ Եվ հայ-թուրքական սահմանը պահպանող կառույցի ինչ-որ զինվորական նման գործողությունների է գնացել, եւ անմեղսունակ պետք է լինել, որպեսզի մտածել, որ այդ ճիվաղը ինքն է դա արել»,-նշում է բանախոսը։

Պրն Հացպանյանը նաեւ զարմանում է արտասահմանյան զանգվածային լրատվամիջոցների պահվածքից. «Եթե նման բան տեղի ունենար մեկ այլ երկրում, ապա միանգամից կարձագանքեին»։ Պրն Հացպանյանը կարծում է, որ այս ամենը գալիս է նրանից, որ Հայաստանը ունի ոչ ինքնիշխան, խեղճացած կարգավիճակ. «Ես չէի հասկանում այս մի շաբաթվա ընթացքում, թե մեր պետական կառույցները այս նրբության հարցը ինչպես կարող են նման բարձիթողի վիճակում թողնել։ Ես հստակ ասում եմ, որ Գյումրիի դեպքերը ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին հայ ժողովրդի հոգեբանությունը, եղելությունը փորձելու դրսեւորում է»։

Էրդողան-Պուտին հանդիպումը, ըստ պրն Հացպանյանի, ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի ակնկալիքները, աշխուժությունը մեղմացնելու նպատակ ունի։

Հրապարակախոսը վստահ է, որ եթե նման բան լիներ Թուրքիայի տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներից մեկի տարածքում, ապա Օբաման արդեն ծնկի էր եկել Էրդողանի առաջ, քանի որ տեղի բնակչությունը, պետական այրերը համարժեք կեցվածք կցուցաբերեին. «Ես զարմացած էի, որ Ռուսաստանի պետական այրերը մի քանի օր հետո բարեհաճեցին ցավակցել, այսինքն` մենք Ռուսաստանի համար չկանք»։

Պրն Հացպանյանը վստահ է, որ ռուսական պետական կառույցների կողմից Գյումրիում տեղի ունեցած դեպքերի նկատմամբ արհամարհական կեցվածքի իմաստը այն է, որ «սսկվեք հայեր, բավարարվեք այնքանով, ինչքան տալիս ենք»։

Պրն Հացպանյանը անհասկանալի է համարում այն, որ Ռուսաստանը հասկանում է, որ այս հակառուսական տրամադրությունները իրեն ձեռնտու չեն, սակայն ոչ մի քայլ չի ձեռնարկում. «Մենք Ռուսաստանի համար բոլորովին թանկ չենք եւ երբ ուզի, նա մեզ կտա առյուծի բերանը, լինի դա Ադրբեջանի դեպքում, թե Թուրքիայի։ Ռուսաստանի պետական քաղաքականությունը համաթուրքական եւ համաադրբեջանական է։ ՄԵնք Ռուսաստանի ռազմական դաշնակիցը չենք, իսկ Արցախի հակահայկական լուծման համար Ռուսաստանը ամեն ինչ կանի։

Ռուսական ռազմաբազան ինչ է՝ մեր սիրուն աչքե՞րի համար է այդտեղ, մեզ Թուրքիայից պաշտպանելու համար է՞, ոչ, միայն Ռուսաստանի շահերը պաշտպանելու համար է այնտեղ»,- վստահ է Սարգիս Հացպանյանը։

Պրն Հացպանյանը իր վարկածն է առաջարկում, որ Գյումրիում տեղի ունեցած դեպքերը ձեռնտու են ԱՄՆ-ին. «Պատմականորեն ընդունված կարծիք կա, որ հայերը ռուսամետ են։ ԱՄՆ-ն այս տարածաշրջանում շահեր ունի եւ իր համար հակառուսական տրամադրությունները ձեռնտու են դառնում։ Սա հակառուսական հատվածի ապահովությունն է։ Այս դեպքից հետո ԱՄՆ-ն կսկսի մեզ առաջարկել ՆԱՏՕ-ին անդամակցել»։

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Մեկն ուզում է, բայց չի կարող, մյուսն ուզում է ու չի հասկանում:Մեկը գիտի, մյուսը` չի ուզում իմանալ:ԱՄՆ-ը մեղավոր է, արդյո*ք, որ երկրի գլուխն անգլուխն է:Հիմարությունը միամտություն է թե ոչ, չգիտեմ, բայց վայ մեջք գոչելու փոխարեն վայ գլուխ կանչեք:Պապա, մամա փնտրում թն որբանոցի որբերը, ազգն իրավունք ու*նի:ԱՄՆ-մեղավոր կլինի* եթե վաղը Իրանի դռանը կերոն վառեք, այլոց դրդմամբ, էլի մեղավորը կլինի ԱՄՆ-ը, այո*:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031