Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գագիկ Համբարյան. «Մեկ ամսվա զինծառայող Պերմյակովը որտեղի՞ց այդքան լավ գիտեր Գյումրին»

Հունվար 20,2015 13:20

«Երբ գալիս էի Երևան, ճանապարհին՝ Մարալիկի մոտ, մեծ քանակությամբ ոստիկանական խմբերի տեսա, որոնք գնում էին Գյումրի»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Գյումրիից ժամանած քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Նա նշեց, թե «քաղաքը դեռ հանգիստ է», այնուհետև պատմեց, որ երեկ գյումրեցիներն իրենց դարդը տանելով՝ հանդիպեցին Ավետիսյանների տան մոտ, հետո այն տեղափոխեցին կենտրոնական՝ Վարդանանց հրապարակ:

Պարոն Համբարյանը խոսելով Գյումրիում տարածված տրամադրությունների մասին՝ ասաց. «Հիմա քաղաքի բնակչությունը ավելի շատ սպասում է ռուսական կողմի արձագանքին: Դատախազը խոստացավ գյումրեցիներին, որ կդիմի ՌԴ գլխավոր դատախազին, որ նրանք Պերմյակովին հանձնեն արդեն մեր համապատասխան մարմիններին, որ նրանք ավելի շատ զբաղվեն Պերմյակովի հարցով»:

Գագիկ Համբարյանը նկատեց, թե գյումրեցիները վախեցած չեն ու շեշտեց. «Գյումրեցիները ոչ թե վախենում էին, այլ պահանջատեր էին: Եթե գյումրեցին վախկոտ լիներ, չէր հասնի մինչև 102-րդ ռազմաբազա, ՌԴ հյուպատոսարան: Գյումրեցիները պահանջում են մեկ բան, որ Պերմյակովը դատապարտվի մեր օրենքներով»:

«Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը կասկածի տակ է դնում այն վարկածը, թե Պերմյակովն է կատարել հանցագործությունը. «Եթե նա իրոք զենքով լքել է բազան, ինչո՞ւ երկու ժամից հետո դրա մասին հայտնի չի եղել հայկական պատկան մարմիններին: Ես նախանձում եմ այն մարդկանց, որոնք վստահորեն պնդում են, թե հենց Պերմյակովն է կատարել հանցագործությունը, այլ ոչ թե զուտ նրա շորերն ու այցեքարտն է եղել: Երկրորդ վարկածը, որ Պերմյակովին գտել են սահմանին, ընդհանրապես չի դիմանում քննադատությանը: Ինչո՞ւ չկա մեղադրանքի մեջ սահմանն անցնելու փորձը: Նման մեղադրանք չկա ներկայացված»:

Տիկին Ալավերդյանը վկայակոչելով ռազմաբազայի մասին պայմանագիրը՝ նշեց, թե 21-րդ հոդվածն ասում է, որ հանձնաժողով պետք է ստեղծվի, որը որոշելու է գործի քննության հարցը:

Գագիկ Համբարյանը շեշտեց, թե գյումրեցիներն ամենևին էլ չունեն հակառուսական տրամադրություններ. «Գյումրեցին երբեք չի դրել բազայի՝ լինել-չլինելու հարցը: Այդ ողբերգությունը խնդրում եմ չկապել այդ խնդրի հետ»:

Տիկին Ալավերդյանը մտահոգություն հայտնեց, թե մեր բարձրագույն իշխանությունը չի հայտնվել Գյումրիում, այն դեպքում, երբ բոլորս ականատես եղանք, որ ֆրանսիական իրականությունը ցույց տվեց, թե ինչ արժեք ունի մարդու կյանքը. «Զարմանում եմ, որ սկզբից օտարերկրյա նախագահը հայտնեց իր ցավակցություն, հետո նույնը լսեցինք մեր երկրի նախագահից: Այնինչ մենք մեր երկրին պիտի տեր կանգնենք: Մենք երկիր ունենք, աշխարհը չունի և այդ երկրին պետք է կանգնել տեր»:

Տիկին Ալավերդյանը մի շարք հարցականներ է տեսնում այս գործում ու նշում, որ միակ աղբյուրը, որ տալիս է մեզ տեղեկատվություն, դա ռուսական կողմն է, որին չեն վստահում»:

Գագիկ Համբարյանը շարունակեց հարցականների շարքը, որոնք առաջացել են գյումրեցիների մոտ. «Պերմյակովի 19 տարեկանը լրացավ հենց Ավետիսյանների ընտանիքի թաղման օրը: Ինչպե՞ս կարող էր մեկ ամիս ռազմաբազայում ծառայող տասնութամյա զինվորը այդքան լավ իմանալ քաղաքը: Թաղի բնակիչները պատմում են, որ նրա հետքերով շներն այնպիսի նրբանցքներով են գնացել, որ նույնիսկ թաղի բնակիչները այդ նրբանցքներով չեն երթևեկում: Որտեղի՞ց է նա շատ լավ իմացել քաղաքը: Ինչպե՞ս մեկ մարդ մտավ և հինգ չափահաս մարդու գնդակահարեց, ոչ ոք տեղերից չելան: Տասնինը տարեկան երիտասարդն ինչպե՞ս էր այդ տունը մտել, որ ոչ ոք չլսեց, այն դեպքում, երբ ընդհանուր բակ էր: Կամ ինչպե՞ս կարող էին թույլ տալ, որ աղանդավորականը ծառայի նման ռազմավարական ռազմաբազայում: Կամ ինչպե՞ս եղավ, որ նա իր հագուստը թողեց, թախտի վրա էլ հատուկ կարծես գրված-թողած լիներ անունը: Ինչպե՞ս էր ինքը պահ մտել քաղաքում, որ ոչ ոք չէր գտել»:

Պարոն Համբարյանը նաև նշեց, թե հատկապես ռուսական կողմը պետք է բացահայտի Պերմյակովի նմանների առկայությունը Գյումրիում, քանի որ ըստ տեղեկությունների՝ կան այդպիսի մարդիկ, որ պատրաստ են տրվել սադրանքների:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031