Լրահոս
Օրվա լրահոսը

Հրեշտակը

Հունվար 20,2015 12:35

Սիրելի գյումրեցինե՛ր, հավատացեք, որ մենք ձեզ շատ ենք սիրում: Միշտ հպարտացել ենք ձեզանով: Դուք յուրատեսակ մարդ եք, դուք ծնվել եք քեֆի և ուրախության համար: Չէ որ դուք ուժեղ եք: Գյումրեցին հսկաներ է ծնում, գյումրեցին Շիրազ է նվիրել մեզ, գյումրեցին Ֆլորա Մարտիրոսյաններ է ծնում: Բայց կյանքը ձեզ մղկտացրեց երկրաշարժով, հետո էլ` այս չլսված ու չտեսնված դժբախտությամբ: Դիմացե՛ք: Գյումրին կհաղթի՛:

2009թ-ի հունիսին «Առավոտ»-ում «Զարուհին հրեշտակ է» վերնագրով մի հոդված էի գրել, որտեղ հիացմունքով նշում էի, որ նա պայքարում է անարդարության դեմ: Նա բոլոր թշվառների, հանիրավի ծեծվածների պաշտպանն է ու բարի հրեշտակը:

Զարմանում ես, թե այս փխրուն ուսերով կինը ինչպես է տանում այսքան մեծ ծանրություն: Ունենալով մեծ կամք ու համարձակություն, իր խելքով, իր իրավաբանի պրոֆեսիոնալիզմով մարտի է բռնվում չարի դեմ: Իսկ եթե չի կարողանում արդյունքի հասնել, շարունակում է պայքարել թեկուզ արդեն կեղտոտ ու նեխած «սպիտակեղենը տնից հանելու» և դուրս շպրտելու ճանապարհով: Պատահական չէ, որ նրան անվանում են նաև Մարդու իրավունքի ոչ հաստիքային պաշտպան:

Վերջին օրերին հայկական հեռուստատեսությունը, հատկապես Հ1-ը ազդարարեց, որ շնորհիվ Զարուհի Փոստանջյանի, Շիրակի հոգևոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոսի և ԲՀԿ-ի պատգամավոր գյումրեցի Մարտին Գրիգորյանի շնորհիվ կանխվեց արյունահեղությունը: Վերջապես պաշտոնական հեռուստատեսությունը և որոշ մարդիկ նկատեցին և ի լուր ամբողջ աշխարհի ընդունեցին, որ Զարուհին հրեշտակ է, միշտ այնտեղ է, որտեղ առկա է հայի դժբախտությունը: Ահա թե ինչու նրան սիրում և հարգում են շատերը:

Զարուհին առաջին անգամ չէ, որ գյումրեցիների կողքին է, դրա համար էլ գյումրեցիները սիրում են նրան: Նրա խոսքը չի քննարկվում` օրենք է դարդի մեջ խրված գյումրեցու համար: Նա պաշտպանում էր ոչ միայն հարյուր հազարավոր գյումրեցիներին, այլև ոստիկաններին: Ոստիկանն էլ հայ է: Իսկ այն քարը, որն ուղղված էր ոստիկանի վրա պատահմամբ կպավ Զարուհու կրծքին: Իսկ քարը նետողը, համոզված եմ, որ կասեր. «ձեռքս կոտրվեր, ախր ես նրան չէի խփում», իսկ Զարուհին կասեր. «ոչինչ չի եղել, մի անհանգստացեք, նա այլևս էլ քար չի վերցնի: Եվ ինչ-որ վատ բան կատարվի` թող ինձ հետ կատարվի` գյումրեցու մատը պետք է փուշ չմտնի»:

Գյումրի… Յոթը դիակ… որոնցից մեկը` 3 տարեկան աղջնակ, մյուսը` 6 ամսեկան մի բալիկ: Չգիտեմ, կլինի աշխարհում մի հայ, որը վերջին օրերի հեռուստատեսությունը դիտելիս չարտասվի:

Թող ինձ ներեն ընթերցողներս, չեմ կարողանում կենտրոնանալ և մտքերս շարադրել: Այլ պայմաններում մի հոդվածը գրել եմ 30-40 րոպեում, իսկ հիմա 3 օր է չեմ կարողանում ավարտել: Արցունքներս խեղդում են և անընդհատ այդ դիակներն են ուղեղումս և այն 3 տարեկան և 6 ամսեկան երեխաները:

Չեմ կարողանում հասկանալ, թե ո՞ւր էին Զարուհուն գիշեր-ցերեկ հալածողները, «լավ տղաները», Զարուհու խոսափողը ամեն օր անջատողները, ո՞ւր էր Շիրակի մարզպետը, որը մեկ շաբաթ հետո միայն երկու բառ ասաց: Բայց եկեք նրանց չմեղադրենք: Նրանք ոչ թե արհամարհել էին, այլ վախեցել: Նրանք չեն համարձակվի այդ հարյուր հազարանոց ժողովրդի մեջ մտնելու, որովհետև գիտեն, որ կընկնեն այդ օրվա իշխանության միակ ներկայացուցչի վիճակին, որի վրա ժողովուրդը շպրտում էր ամեն ինչ, ինչ ձեռքներն էր ընկնում:

Գյումրեցու վիշտը` բոլորիս վիշտն է…

Կարլեն ՔԱԼԱՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Anna says:

    Իրոք, շատ ցավալի դեպք է և բոլորիս էլ դժվար է ինչ-որ մի բան, ինչ-որ կերպ արտահայտել, ինչը կուտակվել է մեր սրտերում: Միայն կարող եմ մեր ազգին խնդրել լինել սթափ և ոչ մի պրովոկացիաների չենթարկվել:
    Չեմ ցանկանա մեր անփույթ և վախկոտ իշխանության պատճառով ևս մեկ քաղաքացիական պատերազմ սկսվի, որի արդյունքում միայն ժողովուրդն է տուժելու, քանի որ վախկոտները, ինչպես միշտ, իրենց տաքուկ անկյուններում կթաքնվեն:
    Շատ ճիշտ էր ասված` գյումրեցու վիշտը բոլորիս վիշտն է: Ցավում եմ…

  2. Mariam says:

    Ամեն ինչ ճիշտ է: Շնորհակալություն «Առավոտ»ին, հեղինակին, իհարկե նաև հրեշտակին:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031