Մի քանի օր շարունակ Հայաստանի բնակչությունն ուշադիր հետեւում էր՝ տեսնես օտարերկրյա լրատվամիջոցներն ինչ են խոսում Գյումրիի դեպքերի մասին։ Ուշադրության կենտրոնում էին հատկապես ռուսական լրատվամիջոցները, ի՞նչ կադրեր էին ցուցադրում, ի՞նչ ձեւակերպումներ էին օգտագործվում, արդյոք բավականաչափ հարգանքո՞վ էին խոսում մեր մասին, թե՞ այնուամենայնիվ հեգնանքի տարրեր կային, դեմքի ի՞նչ արտահայտությամբ էր ընթերցում տեքստը այս կամ այն հաղորդավարը եւ այլն։ Մի խոսքով՝ տպավորությունն այնպիսին էր, թե մեզ ոչ այնքան Հայաստանում տեղի ունեցածն է հետաքրքրում, որքան այն, թե ինչ են խոսում մեր մասին դրսում, ավելի ճիշտ՝ «վերեւներում»։
Մոտավորապես այսպիսին էր վիճակը նաեւ 1988-ին՝ ղարաբաղյան շարժման առաջին ամիսներին, երբ բոլորը, շունչները պահած, սպասում էին, թե «կենտրոնական» հեռուստաալիքներն ինչ կասեն մեր միլիոնանոց միտինգների մասին։ Ասում էին «մի խումբ ծայրահեղականներ»՝ հաջորդ օրը հարյուր հազարավոր մարդիկ վրդովված դուրս էին գալիս փողոց «մենք ծայրահեղականներ չենք» կարգախոսներով (անպայման ռուսերեն, որ «կենտրոնում» հասկանան), հաղորդում էր ցուցադրվում Ղարաբաղի մասին՝ հաջորդ օրը բողոքի նոր ալիք էր բարձրանում այս կամ այն բառի կամ կադրի դեմ եւ այլն։
Բայց այն ժամանակ դա ինչ-որ տեղ հասկանալի էր՝ Հայաստանը դեռ Խորհրդային Միության կազմում էր, Կրեմլում «մեր» իշխանություններն էին, «Պրավդան» նաեւ «մեր» պաշտոնաթերթն էր, եւ այդպես շարունակ։ Իսկ հիմա Հայաստանն արդեն 23 տարի է՝ անկախ պետություն է։ Բայց մենք, պարզվում է, էլի շունչներս պահած՝ հետեւում ենք, թե ինչ են ասում «կենտրոնից»։ Եվ ցանկացած ոչ կոռեկտ ձեւակերպում կամ անհարգալից արտահայտություն ափերից հանում է մեզ։
Տեսեք՝ փոխոստիկանապետ Երանոսյան Լյովան հայտարարեց, թե Գյումրի ցուցարարների 80 տոկոսը հարբած է եղել։ Պատկերացրեք՝ նման բան ասեր ռուսաստանյան որեւէ հեռուստամեկնաբան. Հայաստանում բողոքի ալիք կպայթեր։ Բայց ասողը Երանոսյան Լյովան է եղել՝ բանի տեղ չդրեցինք, անցավ-գնաց։ Մենք, փաստորեն, դեռ չենք հասկացել, որ պրոբլեմը մեր ներսում է, եւ եթե ինքներս մեզ հարգենք՝ դրսում մեզ կհարգեն, ինքներս մեզ չհարգենք՝ ոչ մեկը մեզ չի հարգի:
Կարդացեք նաև
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում