Ի՞նչ գիտենք մենք հունվարի 20-ին՝ հունվարի 12-ին Գյումրիում կատարված սպանությունների մասին։ Ութ օրում ակնհայտ դարձավ, որ.
1. Սպանության վարկածները տարբեր են, իրավապահները պատրաստ չէին իրավիճակի ոչ միայն գնահատմանը, այլև կառավարմանը, նրանք կատարում են պահի լիցքաթափման քայլեր, դեպի բացահայտում ճանապարհը դեռ փակ է։
2. Առաջին օրից ռուսական կողմը հարցը ագրեսիվորեն մտցրեց քաղաքական դաշտ, սպանությունները համարվեցին առ ոչինչ, քննարկման թեմա դարձավ Հայաստանում ռուսական ռազմաբազայի խնդիրը։ Հայաստանում դա ոչ մեկին չէր հետաքրքրում այդ պահին, մինչդեռ Ռուսաստանը այլ պրոբլեմ չէր տեսնում։
3. Փաստ է, որ հանցագործության բացահայտման անհրաժեշտ քայլերը կամ չկատարվեցին, կամ չհրապարակվեցին։ Կասկածյալի հարցաքննության ոչ մի տեղեկատվություն չեղավ առաջին յոթ օրում։ Դա չի նշանակում, որ նա չի հարցաքննվել, նշանակում է, որ գործը տեղափոխվել է քաղաքական հարթություն և դուրս է եկել իրավական կարգավորումից։
Կարդացեք նաև
4. Արտակարգ իրավիճակները բացահայտում են իրականության բոլոր կողմերը։ Այս դեպքում էլ առաջին ժամերից ակնհայտ էր՝ Հայաստանը ինքնուրույն չի գործում՝ իշխանության մասով։ ՀՀ գլխավոր դատախազության առաջին արձագանքն ինքնախոստովանական ցուցմունք էր՝ ՌԴ Սահմանադրությանն ապավինելը Հայաստանի Հանրապետությունում չի տեղավորվում ՀՀ որևէ օրենքի կամ տրամաբանության շրջանակներում։ Հետագա սրբագրումները ձևական էին ձևակերպումները փոխվեցին, իրականությունը մնաց նույնը՝ սպանության մեջ կասկածվողը իր տարածքում է ու անհասանելի այն պետության համար, որի տարածքում սպանությունը խոստովանել է՝ ըստ ռուսական կողմի։
5. Իշխանությունների քայլերը սխալ կամ ուշացած են՝ իրավական ու բարոյահոգեբանական տեսակետից, բայց իշխանությունն ունի իր հիմնավորումներն ու պատճառաբանությունները, որոնք կարող են ընդունվել, կարող են չընդունվել։ Ի վերջո, իշխանությունն ունի պարտավորություններ, որոնցով կարող է իրեն համարել կաշկանդված։
6. Որտե՞ղ են այն քաղաքական ուժերը, որոնք իրենց համարում են ոչիշխանություն ու ամբողջ աշնանը շողիքն ի բերան իրենց ներկայացնում էին իշխանության այլընտրանք ու անգամ մեկ-երկու անգամ իշխանափոխություն պահանջեցին՝ Ազատության հրապարակի ու լոկալ հարցազրույցների հարթակներում հարյուր ու հազար տոկոսով ապացուցելով, որ իշխանությունը ապաշնորհ է, քանդում է երկիրը, իրենք պատրաստ են երկիրը փրկել։ Հիմա որտե՞ղ են։ Վախենո՞ւմ են նեղացնել մայր Ռուսիային, որտեղից հույս ունեն հերթական ընտրություններում մեծամասնության մանդատ ստանալ։
7. Ինչո՞ւ միայն «Ժառանգությունը» կոնկրետ քաղաքական պահանջ դրեց, ինչո՞ւ խորհրդարանական մյուս ուժերն իրենց շարքերում գոնե մեկին չգտան, որ անձնական տեսակետ հայտներ առ այն, որ Ռուսաստանը գործող համաձայնագրերով պետք է սպանության մեջ կասկածյալ իր քաղաքացուն հանձնի Հայաստանին, ում տարածքում է սպանություն կատարվել։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում