Ակնհայտ է, որ Պերմյակովին հայկական կողմին չտալը եւ ՀՀ իրավապահներին նրան հարցաքննել թույլ չտալն ուղղակի առնչվում է Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության փաստական կողմին։
Այս ընթացքում տարբեր վարկածներ են հնչել, իբր մի քանի հոգի են եղել եւ ռուսական կողմը չի ցանկանում, որ ՀՀ իրավապահներն այդ մասին իմանան։ Սա անհեթեթություն է. եթե մի քանի հոգի եղած լինեին, ապա ռուսական կողմը պարզապես նրանց բոլորին կհանձներ ՀՀ իրավապահներին, եւ դրանից հետո բոլոր տեսակի հակառուսական բողոքները հօդս կցնդեին։
Միակ հանգամանքը, որը կարող է ռուսական կողմին դրդել, որ նրանք Պերմյակովին ամեն կերպ «պահեն» ՀՀ իրավապահներից, թերեւս կարող է լինել այն, որ նրա ցուցմունքներով կհիմնավորվի Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հրամանատարության պատասխանատվությունը տեղի ունեցածի համար։
Մասնավորապես հայտնի է, որ Ավետիսյանների ընտանիքի անդամները սպանվել են լույս հունվարի 12-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում։ Պերմյակովը զորամասը լքել է լույս հունվարի 12-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում։ Այդ մասին ՌԴ բազայից ՀՀ ոստիկանություն ահազանգել են հունվարի 12-ին՝ լուսաբացին, Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության լուրի տարածվելուց հետո։
Մասնավորապես Պերմյակովի հարցաքննության արդյունքում կարող է պարզվել՝ նա զորամասը հենց այնպես՝ առանց ոչինչ ասելու եւ անելու է լքել, թե մինչ այդ միջադեպ է եղել՝ վեճ-կռիվ, ինչ-որ մեկին վնասել է, նոր փախուստի դիմել, եւ այսպես շարունակ։ Եթե զորամասում միջադեպ է եղել, եւ դրանից հետո է Պերմյակովը փախուստի դիմել, ապա 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը չէր կարող չգիտակցել, որ զենքով փախուստի դիմած զինվորը քաղաքացիների կյանքի համար վտանգ է ներկայացնում, եւ պարտավոր էին անմիջապես այդ մասին ահազանգել Գյումրիի ոստիկանություն։ Այդ դեպքում միգուցե հնարավոր կլիներ նման հետեւանքներից խուսափել։
Նույնիսկ, եթե մինչեւ Պերմյակովի զորամասը լքելը միջադեպ չի էլ եղել, ապա միեւնույն է՝ հարց է ծագում՝ ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրամկազմն ինչո՞ւ անմիջապես չի ահազանգել ոստիկանություն եւ տեղեկացրել զինված զինվորի զորամասը լքելու մասին։
Ակնհայտ է, որ ՌԴ 102 ռազմաբազայի հրամանատարությունը Պերմյակովին իր իրավասության տակ պահելով՝ փորձել է թաքցնել սեփական մեղավորությունը տեղի ունեցածի համար։
Կարծում ենք՝ առկա իրավիճակը հանգուցալուծելու միակ տարբերակը մնում է այն, որ ռուսական կողմը Պերմյակովին վերադարձնի ՀՀ իրավապահներին, միեւնույն ժամանակ պատասխանատվության ենթարկի իր ռազմաբազայի՝ տեղի ունեցածի համար պատասխանատվություն կրող հրամկազմին։ Այս քայլն արդեն իսկ բորբոքված կրքերը հանդարտեցնելու միակ տարբերակն է։
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում