Սիրելի հայրենակիցներ
Ինչպես գիտեք, այսօր՝ հունվարի 20-ին, պետք է կայանար ոչիշխանական քաղաքական-հասարակական ուժերի խորհրդաժողովը: Երեկ, սակայն, մեր հասարակությունը ցնցվեց տխուր լուրից. հնարավոր չեղավ փրկել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի կյանքը:
Անասելի ցավն ու վիշտը բոլորիս սրտերում է։ Երեկ ուշ գիշեր խորհրդաժողովի կազմկոմիտեն որոշում կայացրեց՝ հետաձգել խորհրդաժողովի աշխատանքները: Փոխարենը նույն ժամին՝ 12.00-ին, հրավիրվածներն իրենց ցանկությամբ կարող են մասնակցել մոմավառության Աբովյանի սուրբ Հովհաննես եկեղեցում: Մենք մեր լուռ աղոթքն ենք հղելու առ Աստված ի հիշատակ Ավետիսյանների ընտանիքի:
Սիրելի հայրենակիցներ: Միևնույն ժամանակ կազմկոմիտեն, համաձայնեցնելով նախաձեռնության հեղինակ Գագիկ Ծառուկյանի հետ, վստահեցնում է, որ խորհրդաժողովը մոտ օրերս անպայման կայանալու է, որովհետև երկրում կուտակված բազմաթիվ հարցեր, մարտահրավերներ պահանջում են հրատապ, ճիշտ գնահատականներ և հանգուցալուծում: Այս խորհրդաժողովը ոչ միայն մտահոգությունների հարթակ է, այլև հստակ առաջարկությունների և լուծումների, ինչի ականատեսը մենք անպայման կլինենք մոտ ժամանակներս:
Կարդացեք նաև
Կազմկոմիտեն ակնկալում է, որ խորհրդաժողովի հարյուրավոր հրավիրվածներն ըմբռնումով կմոտենան այս որոշմանը, և հայտնում, որ անցկացման նոր ժամկետի մասին տեղեկատվություն կտրվի մոտ օրերին:
Իվետա Տոնոյան
ԲՀԿ նախագահի խոսնակ