Ուղիղ մեկ շաբաթ կյանքի ու մահվան հետ պայքար էր տալիս 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որի ծնողներին, քույրիկին ու տատիկ-պապիկին եւ հորաքրոջը հրազենով սառնասրտորեն սպանել են Գյումրիում հունվարի 12-ի առավոտյան: Ավետիսյանների ընտանիքի սպանդի համար այս պահին կալանավորված է Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի դասալիք Վալերի Պերմյակովը. նա խոստովանել է սպանությունը. թե իրականում ինչ է կատարվել՝ դեռ պետք է պարզեն իրավապահ մարմինները:
Երեկ՝ հունվարի 19-ին, փոքրիկի սիրտը ժամը 17.02-ին կանգ առավ. հանցագործը հրազենի սվինով փոքրիկի մարմինը ծակծկել էր, երեխան մի քանի ժամ իր անկողնում արնահոսած ու անօգնական պառկած է եղել, մինչեւ օգնության են հասել: Բժիշկները, գյումրեցիներն ու ամբողջ հայ հանրությունը հուսով էին, որ փոքրիկը կկարողանա կազդուրվել, քանի որ մասնագետներն ասում էին՝ «պինդ երեխա է, պայքարում է»:
Այս օրերին փոքրիկ Սերյոժան հայ ազգի համար դարձել էր պայքարի, ազգային արժանապատվության խորհրդանիշ. շատերը նրան անվանում էին հայ ազգի 2-րդ Սասունցի Դավիթ: Մեկ շաբաթ է՝ մարդիկ տրանսպորտում, խանութներում, առանց իրար ճանաչելու, միմյանցից Սերյոժայի առողջության մասին էին հետաքրքրվում՝ «Երեխայից ի՞նչ լուր կա»: Սերյոժային անծանոթ մի կին օրերս այցելել էր «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց (այստեղ էր բուժօգնություն ստանում Սերյոժան) եւ պատրաստակամություն էր հայտնել երեխային կրծքով կերակրելու:
Սոցցանցերում էլ այս մեկ շաբաթվա ընթացքում ամենաքննարկվող թեման 6 ամսական երեխան էր: Երեկ փոքրիկի մահվան լուրը լսելուն պես՝ «ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերն իրենց ցավակցությունն ուշագրավ գրառումներով էին արտահայտում:
«Այսօր շատերիս սրտում «ինչո՞ւ» հարցն է: Ինչո՞ւ փոքրիկը չապրեց: Ու բոլորս կորստյան խորը զգացում ունենք: Պատասխանը չգիտեմ, բայց ուրիշ բան գիտեմ, որ սովորեցի ձեզնից: Աստված նրա միջոցով 7 օր ուժ տվեց դիմանալու, ազգին միավորեց, հոգատարություն սովորեցրեց, իրար սիրել սովորեցրեց, հույս տվեց, չթողեց, որ սադրանքի տրվենք, աղոթել սովորեցրեց: Ու այդպես դիմացանք: Աստված հոգիդ լուսավորի, փոքրիկ հրեշտակ: Դու մի այնպիսի առաքելություն կատարեցիր մեր ազգի մեջ, որ ոչ մի խոսք չի կարող նկարագրել: Աստված այս փոքրիկի միջոցով շատ մեծ գործ կատարեց մեր ազգի մեջ: Երանի մենք սա աչքերով տեսնենք, սրտով հասկանանք ու կյանքում քայլենք այս ուղղությամբ»:
Կարդացեք նաև
Մեկ շաբաթ փոքրիկ Սերյոժան ապրելու համար պայքարելով՝ այս օրերին հանրության շրջանում լարված իրավիճակը մեղմելու ու խաղաղության երաշխավորն էր: Անգամ իշխանություններն էին սա գիտակցում. երեկ արդեն, երբ լուրերը տարածվեցին, որ փոքրիկ Սերյոժայի վիճակը վատանում է, Գյումրի մեծ թվով ոստիկանական զորքեր ուղարկվեցին: «Փոքրիկի մահվան բոթից շոկի մեջ է հայտնվել ամբողջ քաղաքը: Կարծես քարացած լինի Գյումրին՝ անդորր է ամպրոպից առաջ: Փոքրիկի հուղարկավորությունը ոչ միայն սգո, այլ նաեւ անարդարության հանդեպ բողոքի հզոր երթի է վերածվելու: Ով գիտե, գուցե իրավացի է Միքայել սրբազանը՝ «Մխիթարված լինենք, որ երկնքում մի հրեշտակ ավելացավ»: Իսկ այս պահին մեծ թվով ոստիկանական ուժերը հսկում են ՌԴ հյուպատոսարանը, ռազմաբազան եւ այլն»,- գրել է «Շիրակ կենտրոնի» ղեկավար Վահան Թումասյանը:
Ավետիսյանների սպանդից հետո Հայաստանում սգո օր չհայտարարվեց՝ չնայած հանրությունը պահանջում էր:
Հունվարի 12-ին Ավետիսյանների սպանդից հետո ակնկալվում էր, որ ՀՀ նախագահը մի բան կասի այդ կամ դրան հաջորդած օրը, հատկապես երբ Գյումրիում բողոքի մեծ ալիք բարձրացավ, բախումներ տեղի ունեցան: Մեկ շաբաթ լռելուց հետո Սերոժ Սարգսյանը խոսեց երեկ՝ Սերյոժայի մահվան լուրը տարածվելուց հետո միայն: Նա իր ցավակցական խոսքում ասել է. «Հանգավ լույսը, որը Գյումրիի ոճրագործությունից հետո բոլորիս միակ սփոփանքն էր, որն անվերականգնելին գոնե ինչ-որ չափով լցնելու համար անելիք էր թողնում մեզ: Ավա՛ղ, չստացվեց, չնայած հնարավոր եւ անհնարին բոլոր ջանքերին՝ չստացվեց»:
Սերյոժայի եւ նրա սպանված ընտանիքի անդամների հոգու հանգստության համար երեկ Հայաստանի տարբեր քաղաքներում մարդիկ մոմավառություն էին կազմակերպել:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.01.2015