Մենք՝ Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացիներս, գիտակցելով, որ մեր երկրի իշխանության ղեկին հայտնված անձինք վաղուց բաց են թողել պահը և իրենց անգործությամբ անարգել Գյումրիի արյունալի դեպքերից զոհվածների հիշատակը, հունվարի 20-ը հայտարարում ենք սգո և պահանջատիրության օր։ Քաղաքացիներին կոչ ենք անում անպայման ժամանակ հատկացնել Ազատության հրապարակում հարգելու անմեղ զոհերի հիշատակը։
Հունվարի 20-ը կլինի սգո օր՝ ի հիշատակ Ավետիսյանների ընտանիքի, որն իսպառ հոշոտվեց ռուսական 102-րդ ռազմաբազայում գրանցված ռուս տխրահռչակ զինծառայողի և նրա հնարավոր աջակիցների կողմից, ինչպես նաև պահանջատիրության օր՝ որպես կոչ բոլոր երկրների հայ համայնքներին և Հայաստանի ազատ քաղաքացիներին՝ համախմբվելու և պահանջելու արդար դատաստան հանցանքի կազմակերպիչների և իրականացնողների նկատմամբ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության։
Ապօրինի և անբարոյական ենք համարում ոստիկանության կողմից սգավոր ժողովրդի մոմավառությանը և խաղաղ հավաքներին խոչընդոտելու փորձերը ինչ-ինչ կցկտուր պատճառաբանություններով և առավել ևս առևանգելն ու բերման ենթարկելը, և հուսով ենք, որ իրավապահ կոչվող մարմինները չեն կրկնի անցած երկու օրերի խիստ անպատվաբեր և ամոթալի այդ գործելակերպը։
Իշխանության ղեկին հայտնված մարդկանց մենք որևէ կոչ չունենք։ Նրանց ցուցաբերած խայտառակ անտարբերությունն ընդունում ենք որպես անկարողության բացահայտ դրսևորում, հետևաբար նաև՝ համապատասխան պաշտոններից ինքնակամ հրաժարական։
Կարդացեք նաև
«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն