Վերջին ժամերի ընթացքում հաղորդագրություններով ու սոցիալական ցանցերում գրառումների միջոցով հրապարակվում են հայտարարություններ Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ: Ներկայացնում ենք մի քանիսն այդ հայտարարություններից:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան. «Խոսքեր չեմ գտնում արտահայտելու այն խորը ցավը, որ կրկին վերապրեցի այսօր փոքրիկ Սերյոժայի մահվան գույժը լսելուն պես:
Խորին ցավակցություն եմ հայտնում Ավետիսյանների հարազատներին ու մերձավորներին եւ իրենց հետ միասին կիսում այս ծանր վիշտը»:
Կարդացեք նաև
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան. «ՀՀ պաշտպանության նախարարությունը իր խորին ցավակցությունն է հայտնում Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ: Այն ավելացրեց առանց այդ էլ այդ ընտանիքին պատահած դժբախտության պատճառով ողջ հայ ազգին համակած ցավը: ՊՆ -ն համբերություն է մաղթում Ավետիսյանների ընտանիքի հարազատներին»:
Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյան. «Գյումրիի ահավոր ողբերգությունից հետո, արդեն մեկ շաբաթ, ողջ հայությունը և մեր ցավը կիսող բարի կամքի տեր մարդիկ հույսով ու հավատով սպասում էին հրաշքի, սպասում էին, որ ոճրից հրաշքով փրկված Սերյոժան կապրի, որ բոլորիս միակամ ցանկությունը կհաղթի մահին: Բայց, ավա՜ղ…
Ոստիկանությունը վշտակցում է Ավետիսյանների ընտանիքի հարազատներին ու մերձավորներին, գյումրեցիներին, մեր ողջ ժողովրդին:
Թող այս դառը պահին մեզ ուժ տա հավատը, որ Սերյոժան գնաց զորացնելու հրեշտակների գունդը, որ պահապանն է յուրաքանչյուրիս:
Ուժ և համբերություն բոլորիս»:
Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Լյուդմիլա Սարգսյան. «Ցավով տեղեկացանք հունվարի 12-ին Գյումրիում ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից կատարված դաժան ոճրագործության զոհ գնացած Ավետիսյանների ընտանիքի ողջ մնացած վերջին անդամի` մանկահասակ Սերյոժայի մահվան մասին: Չնայած բժիշկների գործադրած ջանքերին` անմարդկային և անօրինակ այս հանցագործության հետևանքով ծանր վիրավորված փոքրիկի կյանքը, ցավոք, հնարավոր չեղավ փրկել:
Մենք կիսում ենք Ավետիսյանների ընտանիքի հարազատների, բարեկամների, բոլոր գյումրեցիների վիշտը և սգում նրանց հետ: Այս ստոր ոճրագործությունը հիրավի ցնցել է ողջ հայ ժողովրդին Հայաստանում և Սփյուռքում: Ողջ հայությունը պահանջում է հանցագործության շուտափույթ բացահայտում և խստագույն պատիժ:
Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը խստորեն դատապարտում է այս աննախադեպ ոճրագործությունը և կոչ անում իշխանություններին գոնե այս ծանր իրավիճակում դրսևորել հիրավի հայաստանակենտրոն և պետականամետ վարքագիծ և կատարել քրեական գործի արդար քննության և մեղավորին խստագույն պատասխանատվության ենթարկելու ժողովրդի պահանջը:
Պահանջում ենք իշխանություններից բանակցել ռուսական կողմի հետ` Վալերի Պերմյակովին Հայաստանի իրավապահներին փոխանցելու և գործի քննությունը Հայաստանի օրենսդրության համաձայն իրականացնելու հարցը լուծելու նպատակով:
Միաժամանակ մեծապես կարևորելով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները` կոչ ենք անում դրսևորել զսպվածություն և տուրք չտալ հակառուսական տրամադրություններին:
Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը կանգնած է ժողովրդի կողքին և իրեն հասու բոլոր քաղաքական և իրավական միջոցները կձեռնարկի ժողովրդի արդարացի պահանջը պաշտպանելու նպատակով»: