ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության անդամները այսօր՝ հունվարի 19-ին, Կասկադ համալիրում լուսանկարվեցին Հայաստանի Հանրապետության դրոշով:
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության վարչության անդամ Վարազդատ Փանոյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ համացանցում տեսնելով, թե ինչպես են արգելում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն նկարվել Հայաստանի Հանրապետության դրոշով, ցանկություն է առաջացել գալ եւ նույն վայրում լուսանկարվել եւ հասկանալ, թե որն է միջադեպի պատճառը. «Արգելող ոչինչ չկար, չգիտեմ դա ինչի հետ է կապված, արգելքներ եղել են, թե ոչ, բայց ներկա դրությամբ ոչ մի արգելք չկար: Մեզնից ոչ ոք ոչինչ չհարցրեց, մենք մեր ակցիան կատարեցինք»:
Վարազդատ Փանոյանը հավելեց, որ չի հասկանում, եթե մասնավոր տարածք է, ինչո՞ւ չեն թույլատրում դրոշով նկարվել. «Ի՞նչ կապ ունի մասնավոր տարածք է, թե՞ ոչ: Սա մեր հողն է, սա հասարակական վայր է, իրավունք չունեն չթույլատրել նկարվել պետական դրոշով»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ երեկ ֆոտոլրագրող Սրապիոն Գեւորգյանին Կասկադ համալիրի անվտանգության աշխատակիցներն արգելել էին նկարվել ՀՀ դրոշով՝ պատճառաբանելով, թե մասնավոր տարածք է:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Հ. Գ. Ներկայացնենք նաեւ «ԱՐ-ՄՈԲԻԼ» ՓԲԸ պարզաբանումն այս միջադեպի առնչությամբ. «Կասկադում ս.թ հունվարի 18-ի կեսօրին տարածքի պահպանությունը իրականացնող Պահնորդների և «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի հիմնադիր նախագահ Սրապիոն Ավետիքի Գևորգյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, «ԱՐ-ՄՈԲԻԼ» ՓԲԸ-ն հայտնում է.
Ինչպես ամբողջ հայ ազգի, այնպես էլ «ԱՐ-ՄՈԲԻԼ» ՓԲԸ -ի ղեկավարության և պահնորդների համար Հայկական դրոշը համարվել և համարվում է ՀՀ ազգային խորհրդանիշ, որը պետք է ծածանվի ամենուր և միշտ: «ԱՐ-ՄՈԲԻԼ» ՓԲԸ-ն իր ավելի քան 1100 հոգանոց անձնակազմով միշտ պատրաստ է միանալ և հպարտորեն ծածանել Հայկական եռագույնը ինչպես Սրապիոն Գևորգյանի,այնպես յուրաքանչյուր հայի հետ` վառ պահելով մեր բոլոր հերոս ազատամարտիկների հիշատակը:
Ինչ վերաբերվում է Կասկադի տարածքում մեր պահնորդներին դրոշի ծածանել չթույլատրելու մեջ մեղադրելուն, հայտնում ենք, որ ոչ ոք չի արգելել Հայկական դրոշը ծածանել այդ տարածքում և պարզաբանում ենք, որ «ԱՐ-ՄՈԲԻԼ» ՓԲԸ-ի աշխատակիցները ընդամենը փորձել են պահպանել «Գաֆէսճեան թանգարան» Հիմնադրամի ներքին կանոնակարգը, համաձայն որի` տեսաձայնագրություններ, նկարահանումներ իրականացվում են միայն Հիմնադրամի ղեկավար անձանց իրազեկված լինելու դեպքում:
Պահնորդի կողմից հարց է հնչել, թե ինչ նպատակով են նկարում, որին պատասխանել են` հեռուստատեսության համար, որից հետո Պահնորդը, շարունակելով իրականացնել իր աշխատանքային պարտականությունները, փորձել է Հիմնադրամի ներքին կանոնակարգի մասին ծանոթացնել նկարահանող անձանց, սակայն ապարդյուն, քանի որ վերջինիս խոսելու հնարավորություն իսկ չի տրվել`պարոն Սրապիոն Գևորգյանի կողմից դրոշը ծածանելու հանգամանքը անընդմեջ մեջբերելու պատճառով:
Միջադեպին մասնակից դարձած աշխատակցի նկատմամբ «ԱՐ-ՄՈԲԻԼ» ՓԲԸ-ի ղեկավարության կողմից արդեն իսկ կիրառվել են համապատասխան գործողություններ` ոչ պատշաճ խոսելաոճ դրսևորելու համար:
Հ.Գ . Իսկ մեր հայրենասեր, ազգասեր հասարակությանը խորհուրդ ենք տալիս տեղի ունեցած դեպքերին, միջադեպերին արձագանքել և ակտիվորեն մեկնաբանել միայն իրավիճակին ստույգ տեղյակ լինելու դեպքում և հայ լինելով հանդերձ` թույլ չտալ նման գռեհիկ արտահայտություններ և աձնական բնույթի վիրավորանքներ անհատի նկատմամբ»: