Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարվա կապակցությամբ Ստամբուլում տեղի ունեցած հունվարի 19-ի երթին, որի ժամանակ ցուցարարները Թաքսիմ հրապարակից շարժվել են դեպի «Ակօս» շաբաթաթերթի գրասենյակ, խմբագրատան պատուհանից ելույթ է ունեցել թուրք գրող Մուրաթան Մունգանը, հաղորդում է «Հուրիեթ»-ը:
«Այս երկիրը կորցրեց ոչ միայն իր արժանավոր զավակին, այլև նշանավոր լրագրողի: Նրա պես լրագրողի բացակայությունն այսօր ավելի շատ է զգացվում, երբ լրագրության նկատմամբ հսկայական ոտնձգություններ են տեղի ունենում: Թեկուզ միայն այս պատճառով, մենք պետք է «Ակօս»-ի կողքին լինենք», – ասել է նա՝ նշելով, որ 12 տարի է մարդիկ արդարադատության են սպասում իշխանական կուսակցությունից, որի անվան մեջ «արդարություն» բառը կա («Արդարություն և զարգացում»):
Մունգանը ասել է, որ Դինքը 62-րդ մարդն էր Թուրքիայում, որն իր խոսքերի համար կյանքով վճարեց. «Նա հայերի խոսնակը չէր, այլ Թուրքիայում ճնշումների ենթարկված բոլոր մարդկանց ձայնն էր: Նրա պայքարը և նրա նման մարդկանց պայքարը, այնպիսին չէ, որ դադարում է իրենց մահից հետո: Այստեղ հավաքված մարդիկ դրա վառ ապացույցն են», – ասել է նա:
Երթին ներկա էին նաև Գեզի այգու ցույցերի ժամանակ վիրավորված և 269 օր կոմայում մնալուց հետո 2014թ. մարտին մահացած Բերքին Էլվանի ծնողները:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ