Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Աթանեսյան. Ռուսաստանի կողմից հայ հանրային պաշտպանի վրա մեղք բարդելը փարիսեցիություն կլինի

Հունվար 19,2015 20:27

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հասկանում է Փաստաբանների պալատի անդամ Թամարա Յայլոյանի արարքը. բախվել են հանրային պաշտպանի պարտականությունները եւ մարդկային զգացմունքներն ու դիրքորոշումը:

Հիշեցնենք,  որ Թամարա Յայլոյանը նշանակվել էր Գյումրիում Ավետիսյանների սպանդը իրականացրած ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի հանրային պաշտպանը, սակայն հրաժարվել էր եւ այդ մասին հայտնել լրատվամիջոցներիՆ:  Տեղեկացրել էր, որ Վալերի Պերմյակովին իրավական օգնություն է ցույց տվել Շիրակի մարզի քննչական պետի տեղակալի հրավերով, ասել էր, որ հրաժարվել է Վալերի Պերմյակովին իրավական օգնություն ցույց տալուց և հրապարակել էր Վալերի Պերմյակովի ցուցմունքները։

Aravot.am-ը երեկ մեկնաբանություն էր խնդրել Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանից՝ հետաքրքրվելով, արդյոք հանրային պաշտպանն իրավունք ուներ  հրաժարվելու եւ նախաքննության փուլից մանրամասներ տեղեկացնելու, սակայն Արա Զոհրաբյանը չէր պատասխանել: Այսօր արդեն Փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ՝ Թամարա Յայլոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: Կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշմամբ ՝ պետք է ստուգման ենթարկվի Թամարա Յայլոյանի՝ Վալերի Պերմյակովին իրավական օգնությունը Շիրակի մարզի քննչական պետի տեղակալի հրավերով ցույց տալու, ինչպես նաև նրա կողմից Վալերի Պերմյակովին իրավական օգնություն ցույց տալուց հրաժարվելու վարքագծի համապատասխանությունը փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջներին։

Թամարա Յայլոյանի կողմից Վալերի Պերմյակովի ցուցմունքները հունվարի 17-ին հրապարակելու մասով կարգապահական վարույթ չի հարուցվել, քանի որ ավելի վաղ՝ հունվարի 13-ին` ժամը 09:40-ին, արդեն իսկ ցուցմունքները հրապարակել է Հայաստանի Հանրապետության ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը կարծում է, որ եթե Թամարա Յայլոյանը ցանկացել է նախաքննության փուլի մանրամասներ հաղորդել, ապա դրա իրավունքը նա ուներ եւ կարգապահական վարույթը պետք է ուղղված լինի միայն  հանրային պաշտպանի կողմից իր աշխատանքից հրաժարվելուն:  Մեր հարցին, հնարավո՞ր է, որ փաստաբանների պալատի խորհուրդը արդարացնի Թամարա Յայլոյանի արարքը, պարոն Աթանեսյանը պատասխանեց. «Միշտ չէ, որ կանոնը հարյուր տոկոսանոց է: Կարելի է հասկանալ այդ փաստաբանին: Չեմ կարող ասել, թե փաստաբանների պալատն ինչպես կվարվի, խորհուրդն է որոշում, կարող է եւ ենթարկի, կարող է եւ չենթարկի տույժի: Ճիշտ է, մեր կանոնագիրքը նման բաներ չի նախատեսում, բայց կարելի է ղեկավարվել նաեւ այլ իրավական ակտերով»:

Aravot.am-ի այն դիտարկմանը, թե արդյոք ռուսական կողմը ապագայում հայ հանրային պաշտպանի այս արարքը խաղաքարտ չի դարձնի եւ թերահավատորեն վերաբերի հայ արդարադատությանը, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց, «Ես չգիտեմ նույնիսկ ինչ պատճառներ կարող են բերել, որ անմեղ լինի: Այս աշխարհի մեջ մեկն է եղել անմեղ, այն էլ աշխարհի բոլոր մեղքերը բարդեցին նրա վրա: Եթե պաշտպանն իրեն սխալ պահած լինի, դա ի՞նչ կապ ունի զոհվածների հետ: Եթե արդարադատության համակարգն են փնովելու, մենք տեսանք նաեւ Ռուսաստանի արդարադատության համակարգը: Հիմա բարդել մեղքը պաշտպանի վրա,  որ նա այսպես արեց… ռուսներն էլ «մահանա» բռնեն, թե վախենում են, թե սխալ արդարադատություն կլինի, ապա շատ կներեք, դա փարիսեցիություն է»:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031