Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

1972-ին Հոկտեմբերյանում խորհրդային բանակի զինվորը փախել էր զորամասից և 12 հոգու սպանել

Հունվար 19,2015 19:11

«Բանակում` ռուսական, թե ամերիկյան, այդպիսի դեպքեր լինում են, երբ զորամասը զենքով լքում են և սպանություն կատարում: Բայց Գյումրիի դեպքն իր դաժանությամբ աննախադեպ է, քանի որ սպանության զոհ է գնացել մի ամբողջ խաղաղ ընտանիք »,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը:

Նա մի առիթով հիշել էր, որ 1972-ին Հոկտեմբերյանում էլ զինծառայողը լքել էր զորամասը և մարդկանց սպանել: Խնդրեցինք մանրամասնել, պարոն Հարությունյանը պատմեց. «Այդ դեպքը գրանցվել էր խորհրդային բանակում, երբ զորավարժությունների ժամանակ պահակակետում կանգնած զինվորի մասնակցությամբ կռիվ է եղել, այն հարթվել է, բայց հետո նա ավտոմատով լքել է պահակակետը ու սպանել մարդկանց»: Մեր հստակեցմանը` այդ հանցագործությունը կրկին ռո՞ւս զինվոր է իրականացրել, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Ես հիմա չեմ էլ հիշում. սովետական բանակում  տարբեր ազգերի ներկայացուցիչներ էին ծառայում»:

Մեր հարցին` կարելի՞ է եզրակացնել, որ ռուսական բանակում կարգապահության հետ կապված խնդիրներ միշտ էլ եղել են, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Չի կարելի նման եզրակացություն անել: Ես դա որպես օրինակ եմ բերել մեր տարածքից, բայց կարող եմ հարյուրավոր օրինակներ բերել ամերիկյան, գերմանական զինված ուժերից: Գյումրիում կատարված հանցագործությունը չի կարելի ընկալել ազգային հողի վրա կատարված սպանություն` ռուսական բազայի ներկայացուցիչը սպանել է հայերին: Սա մեր ընդհանուր դժբախտությունն է: Ռուսական բազայում մեծ թվով հայ սպաներ ու ենթասպաներ, պայմանագրային զինվորներ են ծառայում, հիմա իրենք է՞լ են մեղավոր»:

Մեր հարցին` ռուսական կողմն իրավունք ունե՞ր օպերատիվ հետախուզական  գործողություններ իրականացնել, կամ ռուս սահմանապահները իրավունք ունեին Պերմյակովին հանձնել ռազմաբազա, պարոն Հարությունյանն արձագանքեց. «Այստեղ գործում է բազայի մասին պայմանագիր, համաձայն որի, եթե հանցագործությունը կատարվում է բազայի տարածքում, դա ընկնում է ռուսական բազայի իրավասության տակ, եթե դրսում, ապա ՀՀ իրավապահների իրավասության տակ: Քանի որ կատարվել է հանցագործություն և՛ դրսում, և՛ ներսում, ապա քննությունը համատեղ պիտի լինի: Սպանության դրդապատճառները չեն կարող բացահայտել, եթե չհասկանանք, թե նա ինչո՞ւ է լքել զորամասը: Այստեղ խնդիրը մեկն է. հանցագործությունը պետք է բացահայտվի և  հանցագործը պետք է պատժվի ամենայն խստությամբ»:

Պարոն Հարությունյանի համար բնական է ժողովրդի պահանջը, որ հանցագործը պատասխանատվության ենթարկվի ՀՀ օրենսդրությամբ, բայց որ Գյումրիում կատարվածը օգտագործվում է հայ-ռուսական հարաբերությունների մեջ սեպ խրելու նպատակով, դա ըստ Վաղարշակ Հարությունյանի` անթույլատրելի է: Համամի՞տ է այն կարծիքներին, որ գյումրեցիները փրկեցին ՀՀ իշխանությունների դեմքը, որոնք սգո օրեր անգամ չհայտարարեցին:  Պարոն Հարությունյանը պատասխանեց. «Սգո օր հայտարարել անհրաժեշտ էր, համամիտ եմ: Բայց ի՞նչ պիտի աներ իշխանությունը. մեկ օրվա ընթացքում հայտնաբերվեց հանցագործը, առաջին օրվանից ՀՀ նախագահն զբաղվում է այդ հարցով, անձամբ գլխավոր  դատախազի հսկողության տակ է գործը եւ նա խոստացավ, որ հանցագործը կդատապարտվի Հայաստանի Հանրապետությունում: Ի՞նչ պիտի անի իշխանությունը դրանից ավելի: Երկու կողմն էլ լրջագույն վերաբերմունք են ցուցաբերել այս հանցագործությանը, անիմաստ է ժամանակից շուտ լարել  իրավիճակը: Եթե մի բան սխալ գնա, այլ հարց, բայց գործընթացը դեռ ընթացքի մեջ է:Սա ոչ միայն  Հայաստանի, այլև ՌԴ դժբախտությունն է, և այդ տեսանկյունից պետք է նայել հանցագործությանը: Իսկ հանցագործը պետք է ստանա արժանի առավելագույն պատիժ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031