Լրահոս
Օրվա լրահոսը

Պերմյակով՝ թուրքական հետք. Ահաբեկչության պատվիրատուների եւ սպանության մոտիվների մասին

Հունվար 19,2015 19:10

«Սա հատուկ կազմակերպված ահաբեկչական գործողություն է: Կա թուրք-ադրբեջանական հետք»,- Aravot.am-ի հետ զրույցում Գյումրիում կատարված սպանդի մասին իր եզրակացությունն արեց ԱԱԾ նախկին պետի տեղակալ, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:

Ինչպես հայտնի է, այդ սպանությունների հետ կապված այս օրերին բազմաթիվ վարկածներ են քննարկվում: Գուրգեն Եղիազարյանը համոզված է, որ սպանության այն մոտիվը, որը ներկայացրել է Պերմյակովը իրավապահ մարմիններին` ուղղակի հեքիաթ է:

Նրա խոսքերով՝ «Այդտեղ բազմաթիվ հարցականներ կան: Ինչպե՞ս կարող էր անծանոթ մեկը դուրս գար առավոտյան 4-ին զորամասից՝ իր զենքով ու զրահով, համազգեստով անցներ քաղաքում 7 կմ-ից ավելի եւ մտներ Ավետիսյանների բնակարան: Ինչո՞ւ ընտրվեց հենց Ավետիսյանների բնակարանը: Ուղիղ այդ հասցեն էր ընտրված, որովհետեւ այդ ընտանիքում հիմնականում կանայք են եւ օրորոցային երեխա կար, դրանից ավելի հուժկու կլիներ մարդկանց զայրույթը: Սպանությունը կատարելուց հետո ո՞ր մարդասպանն է իր մասին ամբողջական տեղեկություններ թողնում դեպքի վայրում՝ ինքնաձիգը, որը զորամասից ստացել է իր ստորագրությամբ, փամփշտակալները, կիսաճտքավոր կոշիկները, որոնց մեջ ներսի կողմից գրված է նրա անուն-ազգանունը, համազգեստը, երկու փամփուշտ, այսինքն ավելի քան բավարար իրեղեն ապացույցներ, որպեսզի ապացուցվի, որ այդ ոճրագործություն այդ սրիկան է կատարել»:

Gurgen Eghiazaryan

Գուրգեն Եղիազարյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ չնայած մարդասպանը երկու չկրակած փամփուշտ է թողել դեպքի վայրում, բայց 6 ամսական երեխային որոշել է ոչ թե գնդակահարել, այլ սվինահարել է. «Նա պատճառաբանել էր, թե իբր որոշեց պատուհանի ապակին հանի, մտնի մարդկանց տուն ջուր խմելու, հետո ձայներ լսելով՝ ստիպված էր սպանել: Պատճառը մեկն էր՝ զոհերից մեկը փորձել է զանգահարել: Նրա պատճառաբանությունն առ ոչինչ է: Մոտիվն այդպես չի երեւում, դա մոտիվ չէ սպանության համար: Նա սվինահարեց երեխային՝ ունենալով երկու փամփուշտ, որովհետեւ նրան կարգադրել էին: Վարձահատույց լինելու համար նա պետք է նրանց ձեռագրով առաջնորդվեր, այսինքն, դեպքի վայրում լիներ նրա անուն ազգանունը, առանձնահատուկ դաժանությամբ ոչնչացված ընտանիք եւ որպես վերջակետ՝ սվինահարված երեխա: Սպանության ընդհանուր բնութագիրը, վեցամսյա երեխայի սվինահարումը ուղիղ խոսում է թելադրանքի, ուսուցիչների եւ որոշակի ձեռագրի մասին, որով պետք է իրականանար այդ ահաբեկչությունը, որպեսզի հետագայում վարձահատույց լինեին: Դրանով նրա տերը պետք  է պարզի, որ անձամբ ինքն է դա կատարել, դրա համար են անուն թողնում: Առանձնակի դաժանությունն ուղղված էր գյումրեցու, հայ ազգի նուրբ լարերին, որը նրան մեկից ոտքի հանեց»:

Ըստ Գուրգեն Եղիազարյանի, Պերմյակովի հայտնած սպանության նախնական մոտիվը հետո փոխվեց. «Օրեր անց ես ծանոթացա, արդեն փոխվել է ցուցմունքը, որ ինքը այդ ոճրագործությանը գնացել է, քանզի ՌԴ-ում իր նման մեկը, ազգությամբ հայ, մի քանի ռուսի է սպանել, այդ թվում՝ երեխաների: Այսինքն, նա արդեն մոտիվ ունի սպանության համար՝ մի ամբողջ ընտանիքի կյանքից զրկելու մոտիվ: Նա նրբորեն ահաբեկչությունը փոխանցեց վրեժխնդրության դաշտ: Նման դեպքում դեպի թուրքական սահման չեն ճողոպրում, մնում են դեպքի վայրում: Ես հակված չեմ այդ հիմարություններին հավատալու: Հարցը շատ ավելի խորն է եւ առաջին հայացքից չերեւացող»:

Թե ով է Պերմյակովի «տերը» եւ ով է պատվիրել այս ահաբեկչությունը, Գուրգեն Եղիազարյանի խոսքերով՝ «Ես այս ամենում տմարդի ձեռք եմ տեսնում: Բանն այն է, որ Սովետի փլուզումից հետո օտարերկրյա հատուկ ծառայությունները նախկին ԽՍՀՄ տարածք սկսեցին թափանցել հասարակական կազմակերպություններով, տարբեր աղանդներով: Դրանք օտարերկրյա տարբեր երկրների հատուկ ծառայություների լավագույն տանիքը դարձան՝ ապահով գործունեություն ծավալելու համար: Ինչպես հայտնի է, ոճրագործի հայրն աղանդավոր է: Ես չեմ բացառում, որ աղանդի խողովակով նրան հավաքագրած լինեն:

Հիշեք, երբ ԱԺ-ում ԵՏՄ-ին անդամագրվելու հարցն էր դրած, ԱԺ-ի մուտքի մոտ հավաքվել էին մոտ 10-15 ՀՀ քաղաքացիներ, որոնք բողոքի ակցիա էին կատարում: Նույն քանակի մարդիկ նաեւ ՍԴ-ի դիմաց, ՌԴ դեսպանատան մոտ կազմակերպեցին հավաքներ՝ ՄՄ-ի դեմ: Այսինքն, այդպես էլ այդ հավաքները բազմամարդ չդարձան, չստացվեցին: Համացանցում եղան հարյուրավոր նյութեր, որոնք պախարակում էին այդ միությունը՝ էլի անօգուտ: Այդ ամենը ոչինչ չտվեց: Այսօր իսլամական պետության մարդասպանները Իրաքի տարածքից հայտարարում են, որ շարժվելու են դեպի Հարավային Կովկաս, նույնիսկ անցնելու ճանապարհն են ընդգծում՝ Թուրքիայի վրայով: Այն, որ թուրքերը դրանց հետ բարի դրացիական կապեր ունեն, արդեն հայտնի է: Իսկ եթե հանկարծ թուրքերն այդ միջանցքը տրամադրեն… Այդ  միջանցքը տրամադրելուց առաջ հարկավոր էր այնպիսի մի պայթյուն, որը ոտքի կհաներ հայ ազգին եւ դա կազմակերպվեց՝ Ավետիսյանների ընտանիքի գնդակահարությամբ եւ որպես վերջակետ դրվեց 6 ամսական երեխայի սվինահարմամբ: Սրիկա գործակալի արարքն անմիջապես հայ-ռուսական ազգամիջյան անկյունաքար դարձավ՝ բորբոքելով ռուս-հայկական հարաբերությունները: Առաջին անգամ ՀՀ-ում հնչեցին մասսայական կոչեր՝ ազատվել ռուսական 102-րդ ռազմաբազայից»:

Մեր հարցին՝ ո՞ր պետությունն էր այդ ահաբեկչության պատվիրատուն, ո՞վ էր դա կազմակերպել՝ Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Դուք հիշո՞ւմ եք, սպանությունից հետո նա շարժվում էր դեպի հայ-թուրքական սահման: Պարզ է, որ իսլամական պետությունը թուրքերի ձեռքին հզորագույն գործիք է դարձել՝ ազատվելու ամենքից, ովքեր դեմ են թուրքին: Երբ նրանք խոսում են Ադրբեջանում նավթի պաշարները գրավելու մասին, այդ ճանապարհը ՀՀ-ի վրայով է անցնում, իսկ Հայաստանում տեղադրված են ռուսական ռազմաբազաները: Այս խնդիրն էր, որ հատուկ ծառայությունները իրականացրեցին, որպեսզի  մեզ հանեն ռուս ազգի դեմ, զրկվենք բազաներից»:

Մենք հետաքրքրվեցինք՝ այսինքն, իրենք չէ՞ին հաշվարկել, որ Պերմյակովը կարող է բռնվել՝ Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Իհարկե, կարող էր: Բայց ամենայն հավանականությամբ նրան միջանցք էին տրամադրել՝ Թուրքիա անցնելու համար, ուղղակի սահմանապահների աչալրջությունը թույլ չտվեց, որ ծրագիրն ամբողջությամբ իրականանա: Ի վերջո թուրքին հետաքրքիր էլ չէր՝ կանցնի , թե չէ, գլխավորը՝ իրենց ծրագիրն իրականացրեց այդ սրիկան»:

Մեր հարցին՝ ինչու է ռուսական կողմը շահագրգռված, որ նախաքննությունը ինքն անցկացնի եւ չհանձնվի հայկական կողմին՝ նա պատասխանեց. «Ինձ համար միեւնույն է, որտեղ նա ցմահ բանտարկություն կստանա՝ ՌԴ-ում , թե՞ ՀՀ-ում: Լավ կլինի իր ստորի կյանքը շարունակի «Բելի Լեբեդում», որտեղ պայմանները շատ ավելի դաժան են: Այն, ինչի մասին ասացի ձեզ, ամենայն հավանականությամբ նաեւ հակված է ռուսական կողմը: Չէ որ այդ աղանդավորը կարող է համախոհներ ունենա ռազմաբազայում, իսկ այնտեղ զենք-զինամթերքի հսկայական պաշար է հավաքված ու պահեստավորված դեռեւս Սովետական միությունից: Նման դեպքում առաջին շահագրգիռը բազայի անձնակազմն է՝ նրա համախոհներին հայտնաբերելու: Այնպես որ թույլ տանք մարդիկ աշխատեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Գաբրիել says:

    Սա ընդամենը մի վարկած է, որ շատ ձեռնտու է տարածել ռուսական հատուկ ծառայություններին իրենց նախկին եւ ներկա գործակալների միջոցով: Իսկ իրականությունը կարող է լինել լրիվ հակառակը:

  2. Մայիս says:

    Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ նկատել եմ, որ սույն արարածի ,,կարծիքը,, մեթոդիկ ու հետևողականորեն ու նաև մեծ սիրով, հրապարակում եք ԱՌԱՎՈՏԻ էջերում։ Ես գիտեմ, որ սա նախկին ԿԳԲ ական է (նկատենք, որ նախկին ԿԳԲ ական չի լինում)։ Դա նշանակու՞մ է, որ ռուսական գործակալների հետ ԱՌԱՎՈՏԸ այդքան սիրով համագործակցում է՞…ես ուրիշ կարծիքի էի Ձեր թերթի մասին։

    • Հարգելի պրն Վանոյան: Գուրգեն Եղիազարյանը, որքան մեզ է հայտնի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության պետական վարչության պետի տեղակալն է եղել, եւ ոչ թե ռուսական ԿԳԲ-ի: Դուք ա՞յլ տեղեկություններ ունեք:

  3. Կառինե says:

    Ինձ համար, և ոչ միայն, ինչ տարբերությյուն, կամ միգուցե ավելի վատ, որ էս մարդասպանը ինչ որ ծառայության գործակալ է, կան աղանդամոր:Նա ռուսական բանակի զինվոր է: Էտ ինչ բարդակ է դրանց բանակը, էտ ինչ անտիրություն է էնտեղ- վերևից ներքև- որ էդպիսի բաներ են կատարվում:: Էտ բանակը էստեղ ա հանգրվանել, որ մեզ թուրք- ադրբեջանցիներից պաշտպանի, թե թուրք -ադրբեջանական գործակալներ բուծի: Եվ եթե էս վարկածը ճիշտ է, էտ բազայում էլի քանի գործակալ կա:՞Ո՞ր երկրների::Գոնե հասկանում եք, թե ինչ վարկած եք առաջ քաշու՞մ:Եթե էդպես է, ուրեմն, թող առնեն իրանց աղանդավոր-թուրք- ադրբեջաբական գործակալներով լեցոն բազան ու ռադները քաշեն

    • Մայա says:

      Նախ և առաջ, միակ արգելքը որ թուրքը չի մտնում ու կոտորում հայերին – դա ռուսական ռազմաբազայի ներկայությունն է:

      2. Եթե բազայում կան գործակալներ, դա չի նշանակում որ պետքա բազան հեռացնել, դա նշանակումա որ պետքա հայտնաբերել և չեզոքացնել վտանգը, ոչ թե ավելի մեծ վտանգ ստեղծել:

      3. Խիստ կասկածում եմ որ այս կոմմենտ թողնողների մեծ մասը, ով գոռումա թող ռադ լինեն, կկանգնի թուրքի առաջ զենքը ձեռքին, անհրաժեշտ պահին, եթե իհարկե թուրքի կողմից չկանգնեն:

      4. Ռուսը որ չլիներ հիմա ՀՀ ընդհանրապես գոյություն կարող է չունենար: Պետք չի ապերախտություն անել!!

      5. Եթե խնդիրներ կան անվտանգության հետ կապված բազայի կողմից, պետքա այդ խնդիրները լուծել, ոչ թե հանել թուրքի դեմ մեր միակ վահանը!!!

  4. Քնքուշ says:

    Աշխարհի բոլոր երկրներն էլ ըստ իրենց աշխարհաքաղաքական հայացքներից միմյանց հետ համագորկծակցում են, հզոր-թույլ փոխհարաբերության ժամանակ թույլը, եթե իրենից թափթփուկ է ներկայացնում, իր երկրի մասին չի մտածում, հզորի առաքինության վրա հույս դնելը միամտություն է, ինչը հայերիս մոտ շատ ցայտուն է արտահայտված:Հայաստանի ղեկավարությունը միայն իր խեղճ, աղքատ ժողովրդին թալանելով է զբաղված, դիվանագիտական գործառույթները իրենց անձնական շահի համար են ծառայեցնում, բոլոր երկրներն էլ դա շատ լավ գիտեն և օգտագործում են իրենց հարմար տարբերակով։ Հայաստանը, եթե այս կերպ շարունակի ոճրագործությունների շոթան կերկարի, Հայաստանը առաջինը ինքը որպես պետություն պետք է հոգա իր երկրի քաղաքացիների անվտանգության հարցով, այսօր Հայաստանի ղեկավարությունը այնպիսի քաղաքականություն է վարում, որ երկրից արտագաղթում են ամեն հնարավորություն ունեցող քաղաքացի, մյուսներն էլ անհամբեր իրենց հերթին են սպասում,մի՞թե նման երկրի հետ որևիցե երկիր հաշվի կնստի։ Թուրքիան, եթե Ռուսաստանը չլիներ Սիրիան կհոշոտեր, Հայաստանը այնքան թույլ ու խղճուկ է, որ նույնիսկ իր դաշնակից Ռուսաստանի հետ չի կարողանում իր երկրի համար շահավետ համաձայնագրերը կյանքի կոչել, էլ ուր մնաց կողծավոր, վայրի ու բիրտ աշխարհաքաղաքակն խաղերի մեջ դիմակայի։ Ժողովուրդը ոչ թե ռազմաբազան է ուզում հանեն այլ յուրաքանչյուր ոք ուզում է իրական մեղավորների պատժվելը։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031