Օրերս ՍԻՄ կուսակցության նախագահության նիստում քննարկելով Գյումրիի սպանդը, եկել են այն եզրակացության, որ Գյումրիում բախումները կազմակերպել են իրենց սադրիչ գործունեությամբ հայտնի, արեւմտյան շահերի սպասարկող շրջանակները: Ըստ ՍԻՄ-ի, նրանք փորձել են կազմակերպել անկարգություններ, հարձակումներ Ռուսաստանի դիվանագիտական ու զինվորական հաստատությունների վրա, ինչը հանգեցրել է բախումների ոստիկանության հետ:
ՍԻՄ-ի տարածած հայտարարության համաձայն, ՀՀ-ում «մայդանային» տեխնոլոգիան են փորձում կիրառել՝ արտասահմանից ֆինանսավորվող որոշ ԶԼՄ-ների , Հ/Կ-ների, համացանցում գործող վարձու խմբերի միջոցով: Ուստի իրենք որոշել են ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկով հանդես գալ, քննարկումներ կազմակերպել:
Ավելին, որոշել են ԱԺ-ում բարձրացնել Հայաստանում ՀԿ-ների աշխատանքների ու ֆինանսական աղբյուրների թափանցիկության վերաբերյալ հարցը եւ առաջարկել պատասխանատվության ենթարկել ԶԼՄ-ներում ու համացանցում ազգամիջյան թշնամանք սերմանողներին:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Ժառանգություն կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանը մտահոգություն հայտնեց, որ ՌԴ իշխանությունը օգտագործում է սա, որպեսզի հասարակական կազմակերպություններին բերի իր վերահսկողության դաշտ. «Դա չափազանց վտանգավոր է քաղաքացիական հասարակություն ունենալու տեսլականի շրջանակներում: Սա շատ սխալ եւ վտանգավոր նախաձեռնություն է: Ոնց որ մերոնք սպասեին մի ինչ-որ առիթի, որ այդ խնդիրը նորից բարձրացնեին: Ամեն անգամ այս հարցը բարձրացնում են, չի հաջողվում, հիմա սա էլ է օգտագործվում, ամոթ իրենց»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը հայտարարել էր, որ անհրաժեշտ է Հայաստանում գործող բոլոր այն հասարակական կազմակերպությունների «չեզոքացումը», որոնք, իր կարծիքով, «ցանկանում են սեպ խրել ռուս – հայկական հարաբերություններում»:
Ըստ Անահիտ Բախշյանի, «Այն, որ Ռուսաստանը հիմա Գյումրիի սպանդի հետ կապված վկայակոչում է ամերիկյան ձեռագիր եւ այլն, կարծես դրանով հուշում ու ուղղորդում է մերոնց, որ գնացեք, այդ քայլն արեք, որ կարողանաք հասարակական կազմակերպություններին էլ վերահսկել: Ինչպես ավտորիտար Ադրբեջանում է, ամբողջ համացանցն ուզում են վերահսկել, որ քաղաքացիական հասարակության սաղմն էլ, որ կա, դրանք էլ ոչնչացնեն: Սա շատ վտանգավոր է, եւ մեր քաղաքացիական հասարակությունը սրա դեմը պիտի առնի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ