Ցավով տեղեկացանք, որ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգության ժամանակ հրաշքով փրկված փոքրիկ Սերյոժա Ավետիսյանը մահացել է։ Կատարվածի առիթով սգում է եռասերունդ Երկրապահ կամավորականների միությունը՝ պատանի երկրապահներս եւ մեր ավագ ընկերները՝ երիտասարդ երկրապահներն ու Արցախյան պատերազմի մասնակիցները։
Վշտի մեջ է համայն հայությունը, վստահ եմ՝ բարկացած են բարի կամքի տեր մարդիկ ամբողջ աշխարհում։ Թեպետ Երկրապահը վստահ է, որ ամեն չարագործ էլ, եթե ոչ դատարանում, ապա Աստծո առաջ պատասխան տալիս է իր արարքների համար, ամեն դեպքում վճռականորեն պահանջում ենք, որ այս գործի շատ լուրջ հետաքննություն իրականացվի։ Իմ եւ ընկերներիս ցանկությունն է, որ Գյումրիի ոճրագործության բոլոր մեղավորները պատժվեն։
Մեր սերնդի, պատանի երկրապահների անունից խոստանում եմ, որ լավ եմ սովորելու, լավ եմ մարզվելու, տիրապետելու եմ շարային, կրակային հմտությունների, լավ մասնագետ եմ դառնալու, ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանն ու հայ ազգին նաեւ Սերյոժայի փոխարեն։
ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբի պատվո պահակային
վաշտի սան Անի Գալստյան