Լրահոս
Օրվա լրահոսը

Չպետք է արհեստականորեն սրել իրավիճակը.  զինվենք համբերությամբ.  Հերմինե Նաղդալյան

Հունվար 19,2015 17:37

 – Ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը Գյումրիում վերջին օրերին. Ինչո՞ւ տեղի ունեցան բախումները. հնարավոր չէ՞ր արդյոք դրանք կանխել.

– Հանրությունը համախմբվեց այս վշտալի օրերին, բոլորիս պատել է ողբերգության միևնույն ցավը, Գյումրիի ժողովուրդը, ողջ հայ ժողովրդի հետ համատեղ, մեկ ընտանիքի նման վերաբերվեց դեպքերին, բնական և արդար էր մարդկանց ցասումը, խաղաղ ընթացող ինքնաբուխ հավաքը, որի ընթացքում, սակայն, որոշ ուժերի կողմից սադրելու փորձեր արվեցին: Օգտվելով մարդկանց լարված, հուզումնալից վիճակից, ցավոք, ոմանք փորձեցին էլ ավելի սրել իրավիճակը, գտնվեցին մարդիկ, ովքեր իրենց գործողություններով փորձեցին  քաոսային իրավիճակ ստեղծել: Ի պատիվ իրենց, պետք է ասեմ, որ իրենց տեղում էին և՛ մեր իրավապահները՝ ոստիկանները, որոնք չտրվեցին պրովոկացիաներին և մարդկանց հետ ցավը կիսելով` կարողացան նաև վերահսկել իրավիճակը, և՛ գլխավոր դատախազը` իր մարդկային և մասնագիտական որակներով, և՛մեր հոգևոր հայրերը , հատկապես Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի ներկայությունը նպաստեցին, որ վիճակը կայունանա: Շուտափույթ ապաքինում եմ մաղթում դեպքի ընթացքում տուժած մեր ոստիկաններին և քաղաքացիներին:  Այս ամենը մի ցավալի իրողության մասին է ևս մեկ անգամ փաստում, որ կան ուժեր, որոնք, թեև փոքրաթիվ են , բայց մոբիլ, և անմիջապես իրենց ,,պոստում,, են հայտնվում ամեն մի նման հուզական, անհանգիստ իրավիճակի դեպքում, վճարովի ,,սրտացավները,,, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում իրավիճակը սրելու:

  -Իսկ ի՞նչ եք կարծում հայաստանյան իշխանություններին ի վերջո կհաջողվի՞ համաձայնության գալ ռուսաստանյան կողմի հետ՝ հանցագործին հանձնելու և պատիժը Հայաստանում կրելու հարցում:

-Այսօր մենք խնդիր ունենք շուտափույթ բացահայտելու այս զարհուրելի դեպքին առնչվող բոլոր մանրամասները, շարժառիթները, քանզի մութ կողմեր շատ կան, պետք է զինվենք համբերությամբ և ավելորդ հուզականությամբ չխանգարենք գործի ընթացքին, որով ակտիվ կերպով զբաղվում են իրավապահ մարմինները և նրանց փորձառությանը չվստահելու որևէ հիմք ես այսօր չեմ տեսնում: Ձեր նշած հանգամանքները գործի երկրորդ էտապն են, որոնք անշուշտ խիստ կարևոր են, բայց եկեք չխախտենք հաջորդականությունը և հետևենք իրավական գործընթացին: Պետք է նշեմ, որ այս խնդրում ակտիվորեն ներգրավված են բոլոր իրավասու կառույցները՝ ՀՀ դատախազությունը, ՀՀ քննչական կոմիտեն, վաղը նաև լսումներ են հրավիրվել Ազգային ժողովում Պետաիրավական մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ, և գլխավոր դատախազի մասնակցությամբ, որտեղ հնարավորություն կտրվի բաց, թափանցիկ կերպով քննարկելու և պատկան մարմիններին հղելու գործի առնչությամբ մեզ բոլորիս հուզող հարցերը:

– Տիկին Նաղդալյան այս ամենի հիմքում կարծես միտում է նկատվում սրելու հայ-ռուսական հարաբերությունները, հնարավոր համարո՞ւմ եք դա:

-Վստահ եմ, որ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունները սրանով չեն խաթարվելու, քանզի դրանք այսօր չէ որ ձևավորվել են, այլ դարերի ընթացքում և ձևավորվում են բոլորովին այլ հարթության մեջ: Եվ ոչ էլ միջպետական հարաբերություններն են վտանգվելու, քանզի դրանք բարձր հիմքի վրա են: Իսկ խառնակչություններ, տարբեր մոտիվացիաներ փնտրողներին պարզապես կհորդորեի զերծ մնալ այդ ամենից և արհեստական լարում չստեղծել:

Իսկապես , սա ձեռագիր է՝ Ռուսաստանի հետ կապված յուրաքանչյուր իրադարձությանը մշտապես աշխատում են քաղաքական հնչերանգ փոխանցել, անմիջապես տանել ազգամիջյան հարաբերությունների, միջպետական խնդիրների և հաջորդ քայլը՝ իշխանությունների և քաղաքական կուրսի քննադատության:     Շուտափույթ բարելավում եմ մաղթում փոքրիկ Սերյոժայի  առողջական վիճակում: Հուսով եմ, Հայաստան ժամանած ռուս մասնագետների խումբը՝ օր ու գիշեր փոքրիկի կողքին անցկացնող մեր հայ բժիշկների հետ համատեղ կկարողանան  ցուցաբերել անհրաժեշտ բժշկական օգնությունը և փոքրիկը կհաղթահարի այդ ճգնաժամը: Մասնագետները ջանք չեն խնայում երեխայի առողջական վիճակը կայունացնելու համար, և դրա համար շնորհակալ ենք ամենքս:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031