Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքի հրավերի հետքերով. բաց նամակ՝ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին

Հունվար 19,2015 17:15

 Գալիպոլիի տոնակատարության հրավեր կամ անթաքույց լկտիության գագաթնակետ

Այս տարի մենք խորը կսկիծով նշելու ենք պատմության ամենադաժան իրողություններից մեկը, երբ 100 տարի առաջ Թուրքիայում ծրագրավորվեց եւ իրականացվեց Հայոց Մեծ եղեռնը:

Գալիպոլիի ճակատամարտում անցյալ դարի 15թ-ի ապրիլին թուրքերը, ավստրալացիները, նոր զելանդացիները կորցրեցին մոտ 80 հազար զինվոր եւ սպա: Դարդանելի համար մղվող ճակատամարտը դարձավ Առաջին համաշխարհայինի ամենաարյունալի ճակատամարտերից մեկը: Չնայած բազմահազարանոց սպանվածների եւ վիրավորների, թուրքերը, ավստրալացիները եւ նոր զելանդացիները այդ ճակատամարտում հաղթեցին: 99 տարի շարունակ ապրիլի 25-ին Սիդնեյում, Վելլինգտոնում մեծ հանդիսավորությամբ նշում են Գալիպոլիի հաղթանակը հարգանքի տուրք մատուցելով Առաջին համաշխարհային պատերազմում ընկած իրենց հայրենակիցներին:

Եվ հանկարծ կեղծարար թուրքը որոշում է ձեզ հրավիրել Գալիպոլիի 100 տարին նշելու տոնակատարությանը՝ ապրիլի 24-ին: Նա այդ ստոր քայլին դիմում է՝ հայտնի ամսաթիվը նենգափոխելով, որպեսզի արհամարհի Հայոց Եղեռնի փաստը, անարգի 2 մլն անմեղ զոհերի հիշատակը: Ի լուր աշխարհի՝ հայության սգի, զոհերի հիշատակման օրը Ձեզ կերուխումի է հրավիրում:

Ինչո՞ւ է թուրքը Ձեր հանդեպ այս աստիճան լկտիություն դրսեւորում, պարո՛ն նախագահ:

Հիտլերից կրկնօրինակած բեղի տակ անթաքույց քմծիծաղով, կողքին կանգնած կովկասյան թափառածին կրտսեր եղբորը, Կասպից ծովի բարձրահասակ բնակչին աչքով տալով, ուրախ եւ զվարթ ապրիլի 24-ի հրավեր է հղում Ձեզ, որպեսզի մասնակցեք Գալիպոլիի տոնակատարությանը:

Ձեզ, մեր ազգի Եղեռնի սուգ նշանակման օրը հրավիրելով Թուրքիա, նա արհամարհանքի ձեռնոց նետեց հիմնականում համայն հայությանը՝ տեսանելի եւ հատուկ ընդգծելով իր հայատյացի ինքնությունը: Պարո՛ն նախագահ, նման դեպքում պատասխանը համարժեք պետք է լիներ, քանզի միջպետական հարաբերություններում չկան մեծ եւ փոքր երկրներ:

Թուրքն իրավունք չունի ի պաշտոնե իրեն այդպես պահելու եւ մեր համազգային սգի օրը անամոթ առաջարկներ անելու: Մի՞թե թուրքի այս պահվածը պատահական է եւ հանկարծ որոշեց լկտիանալ, պարո՛ն նախագահ: Իհարկե, ոչ, ես կարող եմ առնվազն 5 պատճառ բերել, բայց օրը չէ, երկուսը վերաբերում է մեր ներքին անցուդարձին, կանդրադառնամ մնացած երեքին:

1.      Թուրքն այդպես լկտի եւ անկաշկանդ չէր պահի իրեն, եթե Դուք ոգեւորված եւ տոգորված որոշ երկրների արտգործնախարարների կամ ուհի-ների ներշնչանքից, մի կողմ դրած ազգային շահը, անթաքույց չզինվորագրվեիք «ֆուտբոլային» կոչված անհեռանկար ու անփառունակ դիվանագիտական պատրանքին: Սրանով, ցավոք սրտի խարսխեցիք ոչ միայն ձեր անձնական պարտությունը «ֆուտբոլայինի» ոլորտում:

2.      Թուրքն այդ աստիճան չէր լկտիանա իր ծաղր հրավերով, եթե Դուք «ինքնակամ» չկարգադրեիք կեսգիշերին Շվեյցարիայում ստորագրել տխրահռչակ հայտնի արձանագրությունը, հազարամյակի ազգիս ամենաստորացուցիչ փաստաթուղթը: Որոշ երկրների օգնությամբ թուրքի ցանցի մեջ հայտնվելով, Դուք Հայոց ցեղասպանությունը կասկածանքի տակ առաք, քանզի այդ փաստաթղթում թուրքի հետ համաձայնեցիք համատեղ պատմաբանների հանձնաժողով կազմավորել, որպեսզի հանձնաժողովում պարզեն՝ Ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ: Տվյալ թուրքահաճո արձանագրության մեջ անուղղակիորեն վավերացնելով Մոսկվայի, Կարսի ազգադարձ պայմանագրերը, մոռացության գիրկը նետելով հայանպաստ Սեւրի Վիլսոնյան պայմանագիրը:

Մնացած կետերին չանդրադառնամ՝ անտրամաբանական համարելով:

Պարոն նախագահ, եթե հիշողությունս չի դավաճանում, Դուք մեծ ակնածանքով, անթաքույց հարգանքով ԱՄՆ-ում ծաղկեպսակ դրեցիք նախագահ Վիլսոնի շիրիմին: Այդտեղից ենթադրում եմ, որ գիտեք ճշմարտության հաղթանակի համար նրա մղած պայքարի մասին: Իրոք են խոսում հայի բախտից, նախագահ Վիլսոնը անպատեհ հիվանդացավ, չիրականացնելով, կյանքի չկոչելով Սեւրի պայմանագիրը: Դուք էլ, անուղղակի հակադրվելով Վուդրո Վիլսոնին, թուրքի նախաձեռնած արձանագրությամբ վերահաստատեցիք Արաքսով անցնող մեր պետական սահմանը:

Պարոն նախագահ, ի տարբերություն, 700 տարվա ընթացքում նախկին վաչկատունի մտահորիզոնը վերակազմավորվել կայսրական է դարձել , մերն էլ կայսրականից ծայրագավառականի է վերածվել: Թուրքերն այժմ օժտված են կայսրական մտածելակերպով եւ պահվածքով, բանսարկուների փոխարեն շրջապատված են վերլուծաբաններով, լավագույն կրթություն ստացած փորձառու դիվանագետներով:

Հետաքրքիր է, չէ՞, պարոն նախագահ, ինչպե՞ս պատահեց, որ Առաջին աշխարհամարտում պարտված Թուրքիան մեզանից հողեր ստացավ: Դուք էլ տասնյակ տարիներ անց Ձեզ պարտադրված արձանագրությամբ թուրքի անօրինական ներկայությունը մեր հողերի վրա կեսգիշերին հիմնավորեցիք հարգարժան եւ մեծապատիվ արտգործնախարարի ստորագրությամբ: Իհարկե, հետագայում թիկունքից հարված ստացաք, եւ թուրքը ձեր եւ ձեզ ներշնչողների հանդեպ խոսքը դրժելով՝ արձանագրությունը մեջլիսում չվավերացրեց: Թուրքի ինչի՞ն էր հարկավոր վավերացումը, նա արդեն մեր ազգի ստորագրությունը Ձեր թեթեւ ձեռքով թղթի կտորի վրա ստացել եւ բարեհաջող, քստմնելի ժպիտը դեմքին գրպանն էր դրել:

Շվեյցարական մութ ու խավար կեսգիշերից սկսած մինչ օրս միայն մեկ երկիր է ընդունել Ցեղասպանության փաստը, այն էլ՝ հարյուրամյակի շեմին: Թուրքը հասավ իր նպատակին, մենք էլ, ինչպես միշտ, մնացինք կոտրած տաշտակի առջեւ, քանզի կամովին անվիճելի ճշմարտությունը սակարկելի դարձրեցինք: Թուրքերը այդ հայադավ արձանագրությունը դրոշ են սարքել բոլոր այն պետությունների գլխին, ով կհամաձայնի ընդունել Հայոց ցեղասպանությունը: Միգուցե թուրքի լկտիությունը վերոգրյալից է բխում, ես չգիտեմ, Դուք կողմնորոշվեք:

3. Բարձրահասակ թուրքն այդպես սանձարձակ իրեն չէր պահի, եթե Դուք ֆուտբոլիստների մարզաշապիկի վրայից հանել չտայիք մեր ազգային խորհրդանիշ, պարծանք եւ ինքնությունը հանդիսացող Արարատ լեռան պատկերը: Մի՞թե կարճահասակ թուրքին հաճոյանալու համար կարելի էր նման քայլ կատարել: Պարո՛ն նախագահ, նրանք իրենց դրոշին կրում են լուսնի պատկերը: Ես Ձեզ հավաստիացնում եմ, բնության մեջ չի կարող լինել մի այնպիսի դեպք, երբ թուրքը Ձեզ կամ նույնիսկ նախագահ Օբամային հաճոյանալու նպատակով լուսնի նկարից հրաժարվի:

Դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ Անկարայում իրենց ֆուտբոլի հավաքականը, Ձեզ ընդունելու ժամանակ մարզադաշտ դուրս գար՝ մարզաշապիկներին չունենալով լուսնի պատկերը: Դուք Թուրքիայի պետական դրոշի վրա պատկերված լուսնից հրաժարվող, հային հաճոյացող թուրք տեսած կա՞ք, պարո՛ն նախագահ, իհարկե՝ ոչ:

Ի դեպ, սուրբ Արարատի պատկերը կրում ենք նաեւ ՀՀ զինանշանի վրա: Ինչ է, հաջորդ Թուրքիա այցելությանը դրանի՞ց էլ հրաժարվենք: Այս անգամ էլ Եղեռնի հուշարձանի լույսերը «պատահական» հանգցնելու փոխարեն այն կարելի է ամբողջությամբ կանաչ սավանով պատել, որպեսզի թուրքը չտեսնի ու չբարկանա:

Մի խոսքով, պարոն նախագահ, Ձեր բառապաշարից օգտվելով ասեմ՝ ինչպես դրսում, այնպես էլ ներսում ազգի համար համատարած նույն մթնոլորտն է՝ դառը գաղջություն:

Հ.Գ մտահոգիչն այն է, որ թուրքը ծաղր-հրավերով Ձեզ թիրախ դարձնելով իր՝ երկսայր լեզվից անջատված թույնը կաթեցրեց մեր ողջ ազգի հիշողության վրա՝ որպեսզի ամեն կերպ անտեսի ապրիլի 24-ը:

Պատմում են, որ գիշերով Դեր Զորի անապատի վրայով թռչելիս մինչ օրս ներքեւում կաթնականաչավուն, կիլոմետրեր ձգվող խորհրդավոր լուսավոր գիծ է երեւում: Դա մեր արյունակիցների՝ սովից ու յաթաղանից ընկածների, 1.5 մլն հայերի ֆոսֆորացող ոսկորներն են, պարո՛ն նախագահ, որոնք օտար անապատում լուսավորվելով, իրենց մասին են հիշեցնում հիշողությունը կորցրածներին:

Գուրգեն ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031