«Թուրքական կողմից ինչ- որ կատարվում է` մի նպատակ ունի` ռեալիզացնել 1915 թվականի արդյունքը»,- այսօր` հունվարի 19-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերքին, հայտարարեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:
Ըստ նրա` Դարդանելի պատերազմական գործողությունների 100-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին կմասնակցեն այն պետությունների ղեկավարները, որոնք շահագրգռված են Թուրքիային պահել որպես դիակ: Նա հայտարարեց, որ այդ տոնակատարությունը կեղծ է համարում, իսկ հրավերը` սրբապղծություն:
ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը նույնպես համարում է, որ այդ տոնակատարությունը կեղծ է. «Մենք հետապնդողն ենք, Թուրքիան հետապնդվող է: Մենք որսորդ ենք, նա վիրավոր մեծ գազան է, նա պետք է ընկնի: Թուրքիան պետք է կործանվի, մենք այդ կործանման ժամանակ մեր բաժինը պետք է ստանանք: Այդ մեր նամակը, ես կարծում եմ, շատ ճիշտ բանաձեւ է: Մենք դա վառ ենք պահում` հիշեցնելով աշխարհին, Թուրքիային եւ ինքներս մեզ, որ մենք փայատեր ենք, մենք արդարացի պահանջներ ունենք եւ Թուրքիային մենք ինքներս պետք է հարվածենք»:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի պատասխան նամակին` նա նշեց, որ այն որակյալ պատասխան էր. «Այդ միջոցառումը հակաթուրքական քարոզչություն է, իրենք ուզում են բացասականը դրական սարքել: Իրականում, Ավստրալիան եւ Նոր Զելանդիան դա համարում են մեծ ողբերգություն, դավադրություն եւ Թուրքիայի հետ համերաշխության նշան չկա»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ