Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետի ենթադրությունը՝ Պերմյակովի ոճրագործության մասին (Տեսանյութ)

Հունվար 19,2015 16:09

Քիչ առաջ տեղի ունեցավ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի մամուլի ասուլիսը, որը վերլուծելով Գյումրիում կատարված ողբերգությունը, ասաց, թե այդ «ստահակի, ճիվաղի ու մարդաչնմանի» արածը ոչ մեկին հասկանալի չէ, դրա համար էլ գյումրեցիների մոտ առաջացել են բնական հարցեր ՝ ինչո՞ւ այդ ընտանիքին սպանեց, ինչու կատարվեց այս ամենը:

Ֆելիքս Ցոլակյանը հայտարարեց, որ ինքը միանում է գյումրեցիների արդար պահանջին, խաղաղ ցույցին, սակայն ասաց, որ դեմ է բոլոր տեսակի խժդժություններին: Նա հորդորեց չտրվել զգացմունքներին ու համոզմունք հայտնեց, որ մի ստահակը չի կարող սեպ խրել այն հարաբերությունների մեջ, որոնք կան Հայաստանի և ՌԴ-ի միջև:

Մարզպետը նաև ասաց, որ կատարվածի համար մեղավոր ենք բոլորս, ոչ թե առանձին մարդիկ, ամեն մեկը իր չափով, ամեն մեկը իր արածով:

Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ ինքը չափազանց վատ հոգեկան վիճակում է եղել, քանի որ գիտակցում էր, թե ինչ է նշանակում ռազմաբազա գնալն ու ռազմաբազայի հետ հարցեր պարզելը: Նա մեկ անգամ կրկնեց, որ այսօր էմոցիաների օր չէ, այլ սառը դատելու օր է:

Aravot.am-ը Շիրակի մարզպետին հարցրեց, թե ուշացած չէ՞ր արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցավակցությունը, որն էլ ավելի գրգռեց գյումրեցիներին: Ի պատասխան, մարզպետն ասաց, որ եղել է ցավակցությունը, ուրիշ բան ման չգանք այստեղ:

Մեր մյուս հարցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում իշխանությունների կողմից Գյումրիում լարվածությունը մեղմելու համար, հայերը բորբոքված են, ռուսները վախենում են տներից դուրս գալ, խանութներ մտնել, մարզպետն ասաց, որ իրենք աշխատում են ռազմաբազայի, հյուպատոսարանի ու նաև մեր ազգաբնակչության հետ: «Ես հույսս դնում եմ գյումրեցիների սառը դատողության, խոհեմության վրա, յուրաքանչյուր մեծ, ազդեցիկ մարդ պետք է իր շրջապատի հետ աշխատանք տանի: Էն, ինչ -որ գյումրեցիների պահանջն է, արդարացի է, միանում եմ, պահանջում ենք արդար դատավարություն, բայց ասում եմ՝ ամեն ինչ կարելի է անել սառը դատողությամբ: Ես անցած անգամ, որ խոսում էի, ասացի, որ ցույց է արվում, միտինգ է արվում, ոչ մի գրավոր պահանջ ձևակերպված չէ, նույնիսկ ցույցի ղեկավարներին ասացի՝ եթե կանգնեցիք, գոռացիք փողոցում… հարկավոր է ձևակերպել մտքերը, ինչպես հարկն է, դա ավելի ճիշտ ձև է, և մարդկանց պետք է պարզ բացատրվի՝ մենք ուզում ենք սա, թե չէ ամենը մեկը մի ցանկությունն է հայտնում: Երկխոսությունը էսպես չի լինում»,- ասաց մարզպետը:

Այն հարցին, թե ՀՀ գլխավոր դատախազը դիմե՞լ է արդեն ՌԴ դատախազին, մարզպետն ասաց, որ իր տեղեկություններով, դրա համար անհրաժեշտ են որոշակի ընթացակարգեր, որոշակի քննչական գործողություններ, որոնցից հետո նոր պիտի դիմի: Բայց որ պետք է դիմի, դա, ըստ մարզպետի, միանշանակ է:

Ֆելիքս Ցոլակյանը նաև տեղեկացրեց, որ Գյումրու հյուպատոսարանի դիմաց ոստիկանների ու ցուցարարների բախումներից հետո այժմ վիրավորների թիվը հասել է 33-ի, որից 23-ը ոստիկաններ են, մնացածները՝ քաղաքացիներ: Ըստ Ֆելիքս Ցոլակյանի, ոստիկանները շատ համբերատար են եղել այդ օրը, իսկ քրեական գործ, ըստ նրա, բնականաբար պետք է հարուցվեր, քանի որ տուժողներ կային:

Այն հարցին, թե որտե՞ղ է ձերբակալվել Պերմյակովը, մարզպետը տեղեկացրեց՝ Բայանդուր գյուղում՝ սահմանի վրա: «Ես էդ օրը գիշերը զանգել եմ ստացել, ինձ զանգել է ոստիկանապետի տեղակալը, որն ասել է մեկին՝ բռնել են սահմանապահները, մենք գնում ենք էնտեղ, բայց չգիտեմ ինքն է, թե ոչ: Մի 15 րոպեից նորից զանգել, ասել է ՝այո, ինքն է, տանում ենք սահմանապահ ուղեկալ»: Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ ինչո՞ւ սահմանապահ ուղեկալ, մարզպետը հորդորեց ինչ-որ բան ման չգալ այստեղ:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե Ֆելիքս Ցոլակյանը՝ որպես ազգային անվտանգության նախկին աշխատակից, ի՞նչ կարծիք կարող է ունենալ այս սպանության վարկածների մասին, օրինակ՝ ռուս փորձագետներից, քաղաքագետներից շատերը գտնում են, որ արևմուտքի մատը կարող է խառը լինել, մարզպետն ասաց. «Ինչքան հեռու են Գյումրիից այդ վարկածներն առաջ քաշողներն, այնքան ֆանտաստիկ վարկածներ կարող են առաջ քաշել: Ես օրինակ տեսնում եմ էսպես, հանցագործությունը ավելի պարզ եմ տեսնում, դա մեկ: Երկրորդը՝ ես կասեմ, երբ որ իրեն բռնել էին, մեր ոստիկանապետի տեղակալն ինձ հետ խոսում էր, ասաց՝ նկարի մեջ ինչ-որ տեսնում եք բավականին գեղեցիկ տղա է, համեմատած նրա հետ, ինչ-որ ես հիմա տեսնում եմ , այսինքն` կերպարն արդեն հուշում է, կերպարը կերպար չէ: Ես իհարկե, չգիտեմ, թե ինչ է եղել իրականում, քննությունը պիտի բացահայտի, բայց ես հակված եմ նրան, որ էդքան բարդ չէ, ինչքան մտածում ենք, սա իմ տրամաբանությամբ, ես որպես անձ եմ սա պատասխանում»:

Այն հարցին, թե ինչո՞ւ է ռուսական կողմն այդքան շահագրգռված անպայման իրենց իրավազորության տակ վերցնելու գործը. չէ՞ որ փաստերը հայկական քննիչների ձեռքի տակ էին, ոչ թե ռուսականի, նույնիսկ Պերմյակովի առաջին փաստաբան Թամարա Յայոլյանն ասել է, որ ռուս քննիչներն են նրան հարցաքննել, հայ քննիչները չեն շփվել, մարզպետն ասաց. « Ինչքան որ ես եմ տեղյակ, շփվել են առաջին հենց պահին, մերոնք խոսել են նրա, ես էդ ձևի գիտեմ, ես դիվիզիայի հրամանատարի խոսքը գիտեմ այդ մասին, ես հարցրել եմ, նա ասաց, այն, ինչ-որ բացատրության մեջ է գրված՝ ծարավ էի, գնացի և այլն: Բացի այդ ես գիտեմ դիվիզիայի հրամանատարության վերաբերմունքը էս ամեն ինչի նկատմամբ, սարսափելի վատ, նույնիսկ էսպիսի արտահայտություն արեցին՝ թողնեին, մենք մեր դատավճիռը տեսնեինք, պրծնեինք: Իրենք էլ շատ վատ վիճակի մեջ են, և ընտանիքները, բոլորն էլ հասկանում են, գիտեն ինչ էր»,-ասաց մարզպետը:

Նա կարծիք հայտնեց, որ ռուսական ռազմաբազայի հրամանատարության ղեկավարներից պաշտոնաթող լինողներ հաստատ կլինեն:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031