Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ապրիլի 24-ը Չանաքքալեի ճակատամարտում հաղթանակի օր հայտարարելն առնվազն ցինիզմ է». թուրքագետ

Հունվար 19,2015 16:03

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը կարծում է, որ ապրիլի 24-ը Չանաքքալեի ճակատամարտում Թուրքիայի հաղթանակի 100-ամյակի օր հռչակելը կարող է ռիսկային լինել Թուրքիայի համար և հեղինակազրկել վերջինիս: Մանավանդ, որ նա արդեն հասցրել է բացասական իմիջ ձեռք բերել հատկապես Սիրիայի, Եգիպտոսի և իր արտաքին քաղաքականության հետ կապված այլ խնդիրների պատճառով։

«Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակին Թուրքիայում բավականին վաղուց էին պատրաստվում, բայց օրվա ընտրությունն արդեն բարոյականությունից դուրս է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց Ա. Իսպիրյանը՝ ընդգծելով, որ Թուրքիայի մտադրությունը շատ հստակ է. «Պարզ է, որ Ռ. Էրդողանն այս քայլով փորձում է աշխարհի ուշադրությունը կենտրոնացել այս իրադարձության վրա և ուշադրությունը շեղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից: Իհարկե, Թուրքիան մեծ երկիր է, և ինչ-որ չափով կարող է դա իրեն հաջողվել, բայց ապրիլի 24-ը Չանաքքալեի ճակատամարտում հաղթանակի օր հայտարարելն առնվազն ցինիզմ է ու անարգանք մեկ ու կես միլիոն զոհված հայերի հիշատակին»,-ասաց թուրքագետը՝ նկատելով, որ ընտրված ամսաթիվը որևէ առնչություն չունի ամիսներ տևած ճակատամարտի այս կամ այն կարևոր իրադարձության հետ. «Այդ ճակատամարտում Թուրքիայի համար կարևոր ամսաթիվը մարտի 18-ն է»,- հիշեցրեց Ա. Իսպիրյանը:

Անդրադառնալով Թուրքիայի նախագահի կողմից ճակատամարտի հաղթանակի տոնակատարությանը ՀՀ նախագահին մասնակցելու հրավեր ուղարկելուն և ՀՀ նախագահի պատասխանին՝ թուրքագետն ասաց. «Դիպուկ էր Սերժ Սարգսյանի պատասխանը և միաժամանակ՝ զերծ հուզականությունից, էթիկայի սահմաններում էր և հիմնավորված կետ առ կետ: Հենց միայն այն, որ նախագահը նշեց՝ մեզ մոտ ընդունված չէ, որ հյուրընկալողը հյուրընկալվի առանց պատասխան ստանալու, մեծ արձագանք գտավ թուրքական լրատվամիջոցներում, և Թուրքիան արդեն իսկ պարտվողական դիրքերում հայտնվեց»,- նշեց բանախոսը:

Ինչ վերաբերում է տոնակատարությանը մյուս երկրների մասնակցությանը, Ա. Իսպիրյանը չի կարծում, որ հրավերն ընդունելու դեպքում նրանք կմասնակցեն առաջին դեմքերի մակարդակով. «Դժվար է պատկերացնել, որ, օրինակ, Օբաման կամ Օլանդը ներկա կգտնվեն Չանաքքալեի ճակատամարտի տոնակատարությանը»,- ասաց թուրքագետը՝ հավելելով, որ Անկարան ամեն ջանք կգործադրի՝ իր կազմակերպած շոուին նույնիսկ ամենաաննշան երկրներին ներգրավելու համար:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031