Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ արդարադատության նախարարը հանդիպում է նախաձեռնել Հրաչյա Հարությունյանի ընտանիքի անդամների հետ

Հունվար 19,2015 15:49

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունվարի 19-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում պատիժը կրող Հրաչյա Հարությունյանի կնոջն ու նրա հորը` Անահիտ և Վիկտոր Մարտիրոսյաններին:

Ընդունելության նպատակն էր մանրամասներ ներկայացնել Հրաչյա Հարությունյանի Հայաստան տեղափոխելու ընթացակարգի վերաբերյալ, ինչպես նաև պատասխանել նրանց անհանգստացնող հարցերին:

Նախարարը Հարությունյանի ընտանիքի անդամներին տեղեկացրել է, որ դեկտեմբերի սկզբին Անահիտ Մարտիրոսյանի՝ ՀՀ արդարադատության նախարարություն հասցեագրած դիմումը, որով խնդրում էր Հ. Հարությունյանին պատժի մնացած մասը կրելու նպատակով Հայաստանի Հանրապետություն տեղափոխել, ընթացքի մեջ է՝ հավելելով, որ դատապարտյալի փոխանցումը ժամանակատար գործընթաց է:

Նախարարը, բացատրելով տեղափոխման ընթացակարգի մանրամասները, նշել է, որ դիմում-խնդրանքին կից նախարարությանն անհրաժեշտ փաստաթղթեր չէին ներկայացվել, ուստի Արդարադատության նախարարությունը սահմանված կարգով դիմել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարություն` խնդրելով տրամադրել Հ.Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցի լուծման համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվություն, ինչպես նաև «Դատապարտյալների փոխանցման մասին» Եվրոպական կոնվենցիայով նախատեսված փաստաթղթերը:

Լսելով հարազատներին հուզող մի շարք հարցեր՝ նախարարը նրանց տեղեկացրել է, որ Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունից դիմումի վերաբերյալ պատասխան է ակնկալում:

Նա հավաստիացրել է, որ շուտով հեռախոսազրույց է ունենալու Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարի հետ, ինչը որոշակի պարզաբանումներ կմտցնի հարազատներին անհանգստացնող հարցերում: Նախարարը հավելել է, որ անհարժեշտ է պարզել Ռուսաստանից Հրաչյա Հարությունյանի տեղափոխմանն հնարավոր խոչընդոտները. մասնավորապես՝ արդյո՞ք վերջինիս դեմ չկան բավարարված քաղաքացիական հայցեր, ինչի առկայությունը լրացուցիչ ֆինանսական երաշխիքներ կարող է պահանջել ՀՀ-ի համար: Նախարարը վստահեցրել է ընտանիքին, որ, բոլոր դեպքերում, արվում է հնարավոր ամեն բան, որպեսզի լուծվի Հայաստանի քաղաքացու  տեղափոխման  հարցը:

Հրաչյա Հարությունյանի ընտանիքի անդամները շնորհակալություն են հայտնել նախարարին հանդիպումը նախաձեռնելու, ինչպես նաև գործի ընթացքի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն տրամադրելու համար: Վիկտոր Մարտիրոսյանը հավելել է, որ հավատում է, որ թեկուզ ոչ շատ շուտ, բայց, ամեն  դեպքում,  Հարությունյանների ընտանիքի հորը կտեղափոխեն Հայաստան:

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031