Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Ռուսաստանն առեւանգել է Պերմյակովին»

Հունվար 19,2015 15:33

«Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները կարգավորվում են ոչ միայն ռազմաբազայի առկայության համաձայնագրով, այլ նաեւ սահմանապահ ռուսական զորքերի վերաբերյալ պայմանագրով, որը կնքվել է 1992 թվականի սեպտեմբերին»,- այսօր` հունվարի 19-ին, «Հայացք» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությանը, հայտարարեց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Ըստ նրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են հարց բարձրացնել այդ երկու պայմանագրերի վերացման վերաբերյալ, որովհետեւ պայմանագրերի դրույթները ռուսական կողմը կոպտորեն խախտել է:

Զարուհի Փոստանջյանն ասաց, որ ուսումնասիրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կայքը. «1 ձեռքով կարող ենք հաշվել, թե Ռուսաստանի Դաշնությունը քանի ռազմաբազա ունի այլ պետություններում, այսինքն` ՌԴ-ի համար Հայաստանի նկատմամբ հարգալից վերաբերմունքը բխում է հենց Ռուսաստանի շահերից: Այս պարագայում հասկանում ենք` Ռուսաստանի Դաշնությունը, չունենալով բազմաթիվ ռազմաբազաներ այլ պետություններում, պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերել իր ռազմաբազայի զինծառայողի եւ այնտեղ տիրող բարքերի նկատմամբ, եւ պատշաճ մոտեցում չցուցաբերելով` այս ողբերգությունից հետո պատշաճ կարգով չի ցավակցել, որը պետք է տեղի ունենար: Սա հարցի բարոյական կողմն է»:

Նա նշեց, որ երեկ եւս մեկ հաղորդագրություն է եղել, որտեղ նշված է եղել, որ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սերժ Սարգսյանի հետ եւ ցավակցել է հայ ժողովրդին եւ տուժողի ընտանիքի անդամներին. «Այսպիսի ցավակցությունը պետք է լիներ ոչ թե հեռախոսազրույցի ժամանակ` խոսքերով, այլ պաշտոնապես պետք է հնչեր, եթե մենք իրապես ռազմական դաշնակիցներ ենք, սա մտնում է կողմերի պարտավորությունների մեջ, մինչդեռ դա տեղի չունեցավ: Նաեւ ասվում է, որ փոքրիկի կյանքը փրկելու համար պատրաստ են ինքնաթիռ տրամադրել, բժիշկներ կարող են գալ: Ինչո՞ւ սա պետք է 1 շաբաթ ուշանար: Սա էլ է նշանակում, որ այստեղ կա խնդիր»:

Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ Ռուսաստանը կոպիտ խախտմամբ առեւանգել է Վալերի Պերմյակովին. «Այս պահին Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ ագրեսիա է իրականացնում, երբ տվյալ անձին պահում է իր իրավազորության ներքո, որովհետեւ նրան այս սահմանապահ զորքերից վերցնելը եւ տանելը ռազմաբազա, այլ կերպ չի կարող գնահատվել, դա առեւանգում է, հանցակազմ է իր մեջ պարունակում: Նրանք այդ իրավունքը չունեին. խախտել են մեր Սահմանադրությունը, խախտել են իրենց ստորագրած 2 միջազգային պայմանագրերը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Սխալ մտքի ձևակերպում ոչ մի ագրեսիա չկա: ՈՒղակիորեն ՌԴ դաշնությունը գտնում է, ոչ իր սպայի հանդեպ արդարադատությունը պետք է իրականացնի ՌԴ-ում ուրիշ բան եթե դատավարության քննության, ինչպես նաև հետաքննող մարմինների կողմից պատիժը մեղմացնի դա այլ բնույթ կկրի: Սակայն ներկայումս գործն գտնվում է հետաքննության փուլում, իսկ վաղաժամկետ կարծիքներ հայտնելն միայն կբորբոքի կրքերը և ոչ մի լավ բանի չի բերի:

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Եթե պայմանագրի մի (կարևոր) դրույթ չի կատարվում, այդ պայմանագիրը կարելի է միկողմանի չեղյալ հայտարարել:

    Ըստ միջազգային իրավունքի՝ Հայաստա՛նի տարածք է ոչ միան Գյումրիի ռուսական բզան,այլ նաև ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան տարածքը:

    Այդ ուշացած «ցավակցությունները» միա՛յն բողոքի ակցիաներից հետո հնչեցին. դա «բարեկամ-դաշնակցի» պահվածք չէ՛:

    Եթե ռուսը հայի միակ դաշնակիցն է, ապա ի՞նչու հայ զինվորն էլ ռուս-ադրբեջանական սահմանին կանգնած չէ. բարեկամությունը երկկողմանի՞ չի լինում:

  3. Արսեն says:

    Հետաքրքիր է մինչև երբ
    այս տիկինը,կատարելով իր ամերիկյան տերերի հրահանգները,պետք է անպատիժ խառնի մեր երկիրը:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031