Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Մենք պետք է վերացնենք ցեղասպանության հետեւանքները»

Հունվար 19,2015 14:21

ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մեկ շաբաթ առաջ Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրել «Թուրքիայի Հանրապետության կողմից տարածքների բռնազավթումը (օկուպացիան) եւ հայերի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին նա այսօր՝ հունվարի 19-ին, «Հայացք» մամլո ակումբում հայտնեց լրագրողներին:

«Այս օրինագիծը նախատեսում է մեր իրավունքների ճանաչում եւ հետապնդում: Սա մեր արտաքին դիվանագիտության եւ ազգային անվտանգության հայեցակարգի բաղադրիչներից մեկը պետք է լինի, որը մինչ օրս մենք չենք բարձրացրել: Մենք ունեցել ենք մի քանի իրավական ակտեր, որոնք անդրադարձել են միայն ցեղասպանության խնդրին»,- ասաց նա:

Ըստ նրա՝ Հայաստանի Հանրապետության գոյություն ունեցող սահմանը օրինական չէ եւ պետք է օրենքով հստակ ձեւակերպել, թե հայ ժողովուրդը ինչ է պահանջում աշխարհից. «Մենք 25 տարի առաջ ամրագրեցինք, որ այո՛, մենք հետամուտ ենք ցեղասպանության ճանաչմանը եւ այս հարցի բարձրացմանը: Մեզ ենթարկել են ցեղասպանության, որպեսզի հայրենազրկեն, մենք պետք է վերացնենք ցեղասպանության հետեւանքները»:

Զարուհի Փոստանջյանը համարում է, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության հայեցակարգը լուրջ վերանայման խնդիր ունի. Կա ընդամենը մեկ փաստաթուղթ, որն ընդունվել է 2007 թվականին. «Աշխարհի քարտեզի այս դեֆորմացիան մեզ ոչ միայն հուշում է, այլ նաեւ սթափության կոչ է անում, որ մենք իրավունք չունենք սպասել եւ ընկնել իրադարձությունների հետեւանքների հետեւից, այլ նաեւ մենք ինքներս պետք է միջոցներ ձեռնարկենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031